Երաժշտական եռանկյունի

Դասական ֆլեյտա. Էլեն Վիրաբյան

Ամեն անգամ, երբ հայազգի երաժիշտը հաջողություն է ունենում համաշխարհային բեմերում, փառատոներում և մրցույթներում, մենք մեծ ոգևորություն և հպարտություն ենք ապրում, քանի որ յուրաքանչյուր հայ իր ստեղծագործությամբ և կատարողական արվեստով այսպես թե այնպես հանրահռչակում է հայկական երաժշտությունն ու մշակույթը:

Ռուսաստանաբնակ տասներեքամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը լուրջ հայտ է ներկայացրել որպես մենակատար ֆլեյտահարուհի՝ ո՜չ միայն կանոնավոր համերգային ընթացքի, այլ նաև նրա շնորհիվ, որ մասնակցում է միջազգային մրցույթների, որոնցից վերջինը միջազգային ՙՇելկունչիկ՚ մրցույթն էր, ուր նա վաստակեց երկրորդ՝ արծաթե մրցանակը:

ՙՄանկուց սիրել եմ ֆլեյտան: Սկսել եմ պարապել փայտյա բլոկ ֆլեյտայի վրա, իսկ հետո շարունակել դասական, մետաղյա ֆլեյտայով: Սովորում եմ Գնեսինների անվան երաժշտական դպրոցում՚,- ասում է պատանի ֆլեյտահարուհին:

Անշուշտ, այն հանգամանքը, որ Էլենը գալիս է երաժիշտների ընտանիքից՝ մայրը Գնեսինների երաժշտական դպրոցի ֆլեյտայի ուսուցչուհի Զարա Փարվանյանն է, հայրը՝ Վարդան Վիրաբյանը, ջութակահար և երաժշտական պրոդյուսեր, լուրջ դեր է խաղացել երեխայի ընտրության հարցում:

ՙՇատ տրամաբանական է, որ երաժիշտների դուստրը պետք է ընտրեր երաժշտությունը որպես ապագա մասնագիտություն, բայց Էլենի պարագայում առաջընթացն այնքան սրընթաց էր, որ այսօր նա հանդես է գալիս ոչ միայն կամերային նվագացանկով, այլ նաև Ռուսաստանի լավագույն Կամերային և սիմֆոնիկ նվագախմբերի հրավերով՚,-խոստովանում է Էլենի հայրը՝ Վարդան Վիրաբյանը:

Ռուսաստանում հսկայական նշանակություն է տրվում տաղանդավոր երեխաների առաջընթացին: Ստեղծված են բոլոր պայմանները ոչ միայն բարձր մակարդակով կրթություն ապահովելու համար, այլ նաև ամբողջ համերգային, հյուրախաղային համակարգը ծառայում է երիտասարդ տաղանդների ի հայտ գալուն, նրանց կատարողական արվեստը ներկայացնելու և զարգացնելու համար: Այստեղ հսկայական դեր են խաղում բազմաթիվ մրցույթներ և երաժշտական փառատոներ, որոնցից գլխավորը ՙՇելկունչիկն՚ է՝ հայտնի իր խստապահանջությամբ, կատարողական արվեստի բարձրագույն չափանիշներով և մրցակցությամբ:

Անշուշտ, պատանի երաժշտի հանրահռչակմանը նպաստում է նրա հոր՝ Վարդան Վիրաբյանի կազմակերպչի հմտություններն ու կապերը: Նա հիմնադրել է ՙֆլեյտային կամուրջներ՚ նախագիծը, որի շրջանակում կազմակերպում է բազմաթիվ վարպետաց դասեր, համերգներ և շրջագայություններ տաղանդավոր, երիտասարդ ֆլեյտահարների համար և ՙԿոմիտասի հետնորդներ՚ փառատոնը, որի նպատակն է ներկայացնել հայազգի երիտասարդ երաժիշտներին՝ ռուս և միջազգային հանդիսատեսին:

ՙՉնայած իմ զբաղվածությանը դպրոցում և  բազմաթիվ շրջագայություններին, ես միշտ ուրախանում եմ հայաստանյան համերգների առաջարկներից: Բազմաթիվ առիթներ եմ ունեցել հանդես գալու ճանաչված հայ երաժիշտների, մենակատարների և նվագախմբերի հետ, սա մեծ երջանկություն է նվագել և կիսվել արվեստով հայրենիքում՚,-ամփոփում է Էլեն Վիրաբյանը:

Back to top button