Հայկական երաժշտական իրականությունը հարուստ է օրինակներով, երբ ակադեմիական երգիչները մի քանի այլ մասնագիտություններ ունեն, կամ, երաժշտականից բացի, ստացել են այլ բարձրագույն կրթություն։
Բայց մեր զրուցակիցը առանձնահատուկ ճանապարհ է անցել, ծառայելով եկեղեցում՝ որպես սարկավագ, և օպերային թատրոնում՝ որպես մեներգիչ։
«Գալիս եմ հայրենադարձների ընտանիքից, որտեղ հավատքի հետ կապված սերնդեսերունդ փոխանցվող համոզումներ և վերաբերմունք կա։ 14 տարեկանում գիտակցաբար որոշեցի եկեղեցու ծառա դառնալ և 2000 թվականին մեկնեցի Երուսաղեմ Հայկական ժառանգավորաց վարժարանում սովորելու նպատակով։ Հետագայում, 2009-ին, ձեռնադրվեցի սարկավագ և ծառայում եմ եկեղեցում 1997 թվականից մինչ օրս» — ասում է Հովհաննես Ներսեսյանը։
Ճեմարանում ուսման տարիներին Հովհաննեսը աչքի է ընկնում բացառիկ ձայնային տվյալներով և վերադառնալով Հայաստան, աշխարհահռչակ բարիտոն Գրիգոր Հակոբյանի հորդորով, սկսում է վոկալի դասեր առնել, այնուհետև ընդունվում է Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալի բաժինը։
Դեռևս կոնսերվատորիայի չորրորդ կուրսում հրավիրվում է աշխատանքի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Հովհաննես Ներսեսյանը մասնակցել է բազմաթիվ մրցույթների, այդ թվում․
Պավել Լիսիցյանի անվան վոկալիստների 4-րդ միջազգային մրցույթի 2-րդ մրցանակակիր (2016, Վլադիկավկազ),
Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր (2015, Տիխվին, ՌԴ),
«Օպերան առանց սահմաննների» երիտասարդ օպերային երգիչների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակակիր (2014 Կրասնոդար, ՌԴ),
Մարիա Բիեշուի անվան երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակակիր (2013, Քիշնև, Մոլդովա), իսկ 2013-ին դառնում է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր և ոսկե մեդալակիր դասական երաժշտություն բնագավառում, «Երգեցողություն» անվանակարգում։
Ներկայումս Հովհաննես Ներսեսյանը Ազգային օպերային թատրոնի առաջատար մենակատարներից է, ներգրավված է գրեթե բոլոր ներկայացումներում, մասնակցում է տարբեր համերգային ծրագրերի՝ ներկայացնելով մեծ երգացանկ, ուր տեղ են գտել ոչ միայն դասական օպերային արիաներ, այլև կամերային և հոգևոր երաժշտության նմուշներ։