ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կիրանցիները սպասում են կառավարության պատասխանին, իսկ շարժման անդամները քայլերթով շարժվում դեպի Երևան

Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանցի հատվածում բացվել է, երթևեկությունը վերականգնվել։ Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է, որ ճանապարհի այս հատվածում շուրջ երկու շաբաթ տեղադրված վրանները հանվել են գյուղացիների որոշմամբ։ Նրանք սպասում են կառավարության հստակեցումներին  ու ըստ դրանց՝ կորոշեն իրենց հետագա անելիքը։ Մինչ կիրանցիները սպասում են, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով շարժվում են դեպի Երևան: Այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ նշելով, որ նախատեսում են մայրաքաղաք հասնել մայիսի 9-ին։

Դեպի Կիրանց տանող բոլոր ճանապարհները բաց են, գյուղացիները կարողանում են անգամ մոտենալ իրենց հողամասերին ու աշխատել տեղում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը։ Նրա խոսքով՝ շուրջ երկու շաբաթ Հայաստան- Վրաստան ճանապարհի այս հատվածում տեղադրված վրանները հանվել են գյուղացիների որոշմամբ։  Նրանք սպասում են կառավարության պատասխաններին  ու ըստ դրանց՝ կորոշեն իրենց հետագա անելիքը։

«Վիճակը նույնն է, գործունեությունը կանգնած է, չգիտեմ ինչ կլինի, որ ժամին կսկսեն։ Համենայն դեպս ժողովուրդը , գյուղացիները սպասում են վերջին պատասխանին, որ տեսնեն ինչ է կատարվում։ Կլինի՞ մեր ուզածը թե՞ ոչ։ Մեր ուզածը էնա, որ մեր հողերին չկպնեն։  Ասում են, որ չգիտեմ ինչ քարտեզներով, հողատարածքներ են մնում իրանց, ուրեմն՝ մեկ սմ հող չունենք տալու իրենց։ Հայաստանցիները չեն հավատում, ասում են կիրանցեցիները զոմբիացել են, չեն ուզում խաղաղություն և այլն և այլն․․․ Էս խաղաղության ամենաշատ ցանկացողը մենք ենք, մենք գիտենք, թե էդ խաղաղությունը ինչ կբերի մեզ։ Հիմա հարցը այն է, որ մեր հողերից ոչ մի սմ հող չլինի Ադրբեջանին։ Մեր պայքարը դրա համար է»։

Կիրանցում ոստիկանների թվաքանակը պակասել է, ճանապարհին տեղադրված վրանները հանվել են, ականազերծումն այդ հատվածում ավարտվել է՝ վստահեցրեց Կիրանցի գյողապետը։

«Էս պահին ազատ կարողանում ենք գնալ հողամասեր, գալ, մշակել հողը, գործ անել։ Ադրբեջանական սահմանի վրա են կանգնել ոստիկանները։ Ինձ թվում է՝ մինչև չորեքշաբթի պատասխան կտան, թե ինչ են անելու։  Բնակիչները երեկվանից գնում են իրենց տներում քնում են, ցերեկը գալիս կանգնում են սահմանին, ընթացքում գործ են անում, հուսահատություն չկա։ Փողոց չենք փակում, գալիս կանգնում ենք հենց սահմանին, որտեղ կանգնած է ոստիկանությունը»։

Կամո Շահինյանը գոհ է իրենց սատարողներից, պարզապես, ասում է ՝ նրանք քիչ են։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն էլ ճանապարհի բացվելուց հետո հայտարարել են՝ քայլերթով շարժվում են դեպի Երևան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Շարժման անդամները նախատեսում են Երևանում լինել մայիսի 9-ի կեսօրին։

«Այս շարժումը բնական է առաջացել, բնական էլ գնում է՝ժողովրդով, մեծ ու փոքրով, հեր ու որդով, մեր ու մանուկով։ Տեղն եկավ, ոտքով կգնանք, տեղն եկավ, երթուղային կնստենք, տեղն եկավ ավտոբուս կնստենք։ Եթե մետրոն աշխատեց՝ կնստենք, մեքենայով կգնանք, կպառկենք, կքնենք, երեք մետր հետ կգանք, վեց մետր առաջ, ինչպես ուզենք, այնպես էլ կգնանք։ Մեր երկիրն է, մեր տարածքը, մեր ճանապարհը։ Ամսի 9-ին, Աստծո կամոք, մեր այս ողջ ժողովուրդը կհասնի Երևանի և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որը նույնպես այս օրերին տավուշցիների հետ էր, ձևակերպում է շարժման քաղաքական նպատակները։

«Այն, ինչ այստեղ գեներացվեց ժամանակը ցույց տվեց, որ անհրաժեշտ էր չափազանց, բայց միևնույն ժամանակ ոչ բավարար։ Հետևաբար այս պահանջը պետք է ստանա շատ զանգվածային բնույթ՝ տավուշյանից պետք է վերածվի համահայկականի, համազգայինի և այդ պահանջը այլևս պետք է արտահայտվի Երևանում։ Եվ այստեղ որևէ բան չի եղել կազմակերպված, արհեստականորեն։ Նույնիսկ որևէ մեկը մյուսին առաջնորդ չի ընտրել, բնականորեն է գնում ընթացքը և հենց այս շարժման ողջ ուժը դրանում է  կայանում»։

Իսկ կիրանցիներն այդ ընթացքում կսպասեն կառավարության հստակեցումներին։ Կարծում են՝ դրանք կստանան մինչև մայիսի 9-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս նշել էր, որ Կիրանցում սահմանազատման ենթակա 11 կետ կա։ Մի հսկա հատվածում Կիրանցի ժողովուրդն էլ գործընթացը չի վիճարկում։  Խնդրահարույց  3 կետ կա՝ ասել էր վարչապետը ու խոստացել դրանց վերաբերյալ  լուծումներ գտնել։

Back to top button