Երաժշտական եռանկյունի

«Արշակ Բ» օպերայի առեղծվածը. «Երաժշտական եռանկյունի»

2024 թվականի մարտի 22-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի բնագրային տարբերակի առաջնախաղը։

Չուխաջյանը ավարտվել է այն 1868 թվականին Կ․ Պոլսում։ Օպերան հատվածաբար կատարվել է նույն թվականին։  Թ․ Թերզյանի երկլեզու՝ հայերեն և իտալերեն լիբրետոն ստեղծվել էր հայոց արքա Արշակ Բ-ի, թագուհի Օլիմպիայի, իշխանուհի Փառանձեմի և իշխաններ Գնելի ու Տիրիթի, ինչպես նաև Հայաստանի, Պարսկաստանի և Բյուզանդիայի փոխհարաբերությունների մասին Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու հաղորդած վիպախառն տեղեկությունների հիման վրա։ Գործողությունը կատարվում է Արմավիրում, 365 — 367 թվականներին։

Թերզյանի լիբրետոն, ըստ ժանրի, «քնարական ողբերգություն» է։ Չուխաջյանը առաջնահերթությունը տալով լիբրետոյի հիմնական քնարական գծին, միաժամանակ բացահայտելով դրամատիկական ու հերոսական շեղումները, ստեղծել է եվրոպական «մեծ օպերայի» ավանդույթին համապատասխան լայնաշունչ մի երկ, որտեղ օգտագործված է կատարողական հսկայական կազմ, սիմֆոնիկ նվագախումբ, երգեցիկ խումբ, մեներգիչներ և փողային նվագախումբ։

Օպերայի իտալերեն լիբրետոն գրել է Թովմաս Թերզյանը, հայերենը՝ Արմեն Գուլակյանը։ Հանդիսանում է հայկական ազգային դասական առաջին օպերան։

Տիգրան Չուխաջյանի կյանքի օրոք օպերան ամբողջությամբ չի բեմադրվել (միայն որոշ հատվածներ) արտիստիկ ռեսուրսների սղության, օսմանական իշխանությունների դիմադրության պատճառով, քանի որ հայկական պատմությանն ու մշակույթին վերաբերող ստեղծագործությունները դիտվում էին որպես հայկական ազգայնականությունը խրախուսող գործոններ։

Հատվածներ օպերայից կատարվել են Վենետիկում, Փարիզում, Վիեննայում և Կ.Պոլսում։ Կոմպոզիտորի մահից հետո երաժշտությունը համարվում էր կորած։ Այն վերահայտնաբերվեց 1930-ական թվականներին։ Օպերայի երաժշտությունն ու լիբրետոն հիմնովին վերախմբագրեցին խորհրդային հայ երաժշտագետներ Ալեքսանդր Շահվերդյանը, Լևոն Խոջա-Էյնաթյանը և գրականագետ Արմեն Գուլակյանը։ Վերափոխված տեսքով օպերան առաջին անգամ  հանդիսատեսին ներկայացվեց 1945 թ. (բեմադրող՝ Արմեն Գուլակյան, դիրիժոր՝ Միքայել Թավրիզյան)՝ դառնալով Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնի խաղացանկի հիմնասյուներից մեկը։

«Փաստորեն 156 տարի առաջ Չուխաջյանի՝ Օսմանյան կայսրության և արևելյան տարածաշրջանում գրած առաջին օպերան ամբողջական տեսքով բեմ է բարձրացել խորհրդային շրջանում, լուրջ փոփոխությունների ենթարկված և խմբագրված տարբերակով», — ասում է կոմպոզիտոր, Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի բնագրային տարբերակի վերականգնող Ջոն Սարգսյանը, որը մեր զրույցի ընթացքում անդրադառնում է մի շարք առեղծվածային դիպվածների, կապված օպերայի բեմականացման պատմության հետ։

Կոմպոզիտոր Ջոն Սարգսյանի և բեմադրիչ Ժիրայր Բաբասյանի շուրջ 20 տարվա խմբագրական աշխատանքը օպերայի բնօրինակի, լիբրետոյի և իտալերեն օրիգինալ տեքստի վրա՝ պսակվեց մեծ հաջողությամբ և իրապես պատմական առաջնախաղով ազգային օպերայի բեմում։

Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Դոնատո Ռենցետտին է (Իտալիա), բեմադրող ռեժիսորը` Ժան Ռոման Վեսպերինին (Ֆրանսիա):

Հաղորդման հյուրը առանձնակի արժևորում է այն հանգամանքը, որ շուրջ 160 տարի առաջ գրված Տիգրան Չուխաջյանի մեծածավալ այս առաջին օպերան վերջապես բեմ բարձրացավ իր բնագիր տեսքով, ներկայացնելով մեծ կոմպոզիտորի երաժշտական մտահղացումը սկզբնական, ոչ փոփոխված տարբերակով, իրեն հատուկ «վերդիական», իտալական օպերային երաժշտության գեղագիտությանը հարազատ շուքով ու երաժշտականությամբ, վառ մեղեդային մեներգերով, զուգերգերով և կվինտետներով, ինչպես նաև տպավորիչ մասսայական տեսարաններով։

Ջոն Սարգսյանի աշխատանքը բնագիր պարտիտուրի և իտալական տեքստի հետ խորը հետազոտական և չուխաջյանական ժամանակաշրջանի օպերային արվեստի առանձնահատկություններին քաջ ծանոթ լինելու արդյունք է։ Տարիների աշխատանքը ի մի բերվեց ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կարեն Դուրգարյանի՝ օպերան իր պատմական տեսքով հայ հանդիսատեսին ներկայացնելու մտահղացման և նպատակի իրականացման շնորհիվ։

Տիգրան Չուխաջյանի առաջին օպերան բեմականացվեց թատրոնի առաջատար մեներգիչների, նվագախմբի, երգչախմբի և բալետի արտիստների կատարմամբ, ներկայացնելով կոմպոզիտորի ստեղծագործությունը գրեթե 160 տարի անց, սկզբնական տեսքով։

Back to top button