Երաժշտական եռանկյունի

Գրիգոր Առաքելյան․ բարոկկո երաժշտության նվիրյալը. «Երաժշտական եռանկյունի»

Դասական և ակադեմիական երաժշտության հիմքում Եվրոպայում հարյուրամյակների ընթացքում ձևավորված ավանդույթներն են, դպրոցների և հարյուրավոր ստեղծագործողների, նվագարանների վարպետների և կատարողների աշխատանքը։ Բարոկկո երաժշտության շրջանը առավել հարուստ է նոտագրված նյութերով, որոնց պաշարը, ըստ կոմպոզիտոր, դիրիժոր, թավջութակահար և հայկական վիոլա նվագող Գրիգոր Առաքելյանի, ամբողջ հայտնի երաժշտության 90 տոկոսն է կազմում։

«Այսօր հնագույն երաժշտությունը պետք է ընկալել տարբեր ազգային, ոճային և պատմական կոնտեքստից դուրս, ընդունել այդ երևույթը որպես գլոբալ գեղագիտական տիրույթ։ 21-րդ դարի բոլոր զարգացումները՝ կապված հատկապես բարոկկո երաժշտության հետ, վկայում են այդ ֆենոմենի համամարդկային մշակութաբանական բնույթի մասին», — ասում է Գրիգոր Առաքելյանը, որը վերջերս ներկայացրել է նոր համերգային բարոկկո ծրագիր:

Այստեղ երաժիշտը հատուկ նշանակություն է տալիս կրթական խնդիրներին, երկրում հնագույն գործիքների առկայությանը և կատարողական արվեստի յուրահատուկություններին՝ կապված ժամանակաշրջանի հետ։

Գրիգոր Առաքելյանը ծնվել է 1963 թվականի հունիսի 15-ին Երևանում։ 1975-1980 թվականներին սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել և ավարտել է Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և թավջութակի բաժինները։ Ավարտելուց հետո գործունեությունը շարունակել է հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության ժանրերում։ Գրիգոր Առաքելյանի մշակումները և ստեղծագործությունները հնչում են տարբեր երկրներում՝ բազմաթիվ հայկական համույթների կատարմամբ։

Ստեղծագործելով բացառապես կոմիտասյան երաժշտական լեզվամտածողությամբ, առաջնորդվելով հին հայկական երաժշտական համակարգով՝ ստեղծել է բազմաթիվ մշակումներ և ստեղծագործություններ երգչախմբի, ժողովրդական և դասական նվագարանների համար։

1993թ. հայ անվանի վինագործ Մարտին Երիցյանի օգնությամբ ստեղծել է հայ նվագարանի մի նոր տեսակ՝ թավ քեմանի, կամ հայկական վիոլա, որն ունի հայ հոգևոր երաժշտությանը բնորոշ ինքնատիպ հնչողություն։ Այս նվագարանով աշխարհի հայտնի բեմերում հնչել են մեր միջնադարյան երաժշտության այնպիսի գոհարներ, ինչպիսիք են՝ Նարեկացու «Գոհար վար» և «Աչքն ծո» տաղերի մշակումները, Մաշտոցի «Ապաշխարութեան շարականները» և այլն։

2005թ. հիմնել է հայ միջնադարյան երաժշտության «Օշական» համույթը։ Այն մեծ ճանաչում ստացավ Եվրոպայի հնագույն երաժշտության սիրահարների շրջանում՝ Փարիզի «Ռադիո-Ֆրանս»-ում, Մոնակոյի կենտրոնական տաճարում, Մարսելի «Լա Մաժոր» տաճարի բացմանը, Թորոնէ, Պոնտուազ, Շտիմենֆեստիվալ փառատոներում բացառիկ ելույթների շնորհիվ։

Համագործակցում է աշխարհի տարբեր նվագախմբերի և երգչախմբերի հետ որպես դիրիժոր և մենակատար (Նիդերլանդներ, Գերմանիա, Կանադա, ԱՄՆ, Հայաստան, Ֆրանսիա, Լեհաստան, Պորտուգալիա):

Այսօր Գրիգոր Առաքելյանը ակտիվ աշխատում է որպես կոմպոզիտոր, գործիքավորող և որպես գործող երաժիշտ, որը մշտապես մտահոգված է հնագույն երաժշտությունը պատշաճ մակարդակով ներկայացնելու և հանրահռչակելու հնարավորություններով։

Back to top button