ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Կուտակած գումարները կվերադարձվեն․ դրանք պահվում ու վերաներդրվում են

ՀՀ-ում 2024թ.-ի առաջին եռամսյակում պահպանվել է տնտեսական ակտիվությունը, ինչին մեծապես նպաստել է առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը։ Արդյունաբերությունը շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության և երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից։ Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը թուլանում է, իսկ ներքին պահանջարկին շարունակում է նպաստել մասնավոր ներդրումների բարձր աճը։ Միևնույն ժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական։ ԿԲ–ում որոշել են թուլացնել դրամավարկային քաղաքականությունը։ Ամփոփիչ ասուլիսում նաև հանրությանը հետաքրքրող տնտեսական ու ֆինանսական հարցեր են շոշափվել, ինչպես օրինակ՝ Արցախից բռնի տեղահանվածները կստանա՞ն իրենց կուտակած գումարները, թե՞ ոչ։

ԿԲ–ում խոստանում են՝ Արցախից բռնի տեղահանված ու գումարներ կուտակած կենսաթոշակային համակարգի մասնակիցները կստանան իրենց գումարները, երբ իրավական հարցերը լուծվեն։ Կենսաթոշակային ֆոնդերը կառավարության հետ համատեղ կորոշեն՝ ինչպես վարվել։ Բայց մինչ այդ որոշ հարցեր պետք է ճշգրտվեն։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է՝ գումարները կան, ավելին, դրանք վերաներդվում են։ Թե որտեղ ու ինչ եկամտաբերությամբ, դեռ պարզ չէ։ Փոխարենը պարզ է, որ օրինակ՝ պետական պարտատոմսերի շուկայում նվազում է արձանագրվել։ Սա բացատրությւոն ունի՝ կենտրոնական բանկը թուլացնում է դրամավարկային քաղաքականությունը։ Հայաստանի տնտեսությունն ուղղակի ու անուղղակի իր վրա կրում է համաշխարհային շուկաների ազդեցությունը։ Կենտրոնական բանկում արձանագրում են՝ համաշխարհային տնտեսական աճը դանդաղում է, գործընկեր երկրներում աշխատաշուկան գերտաքացած է, էներգակիրների գների աճ է ակնկալվում։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշում է՝ բազմաթիվ սցենարներ են քննարկում․

«ԿԲ–ն որոշեց դանդաղ տեմպերով աստիճանական թուլացումը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները, պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ գների կայունության ապահովման համար»։

Ռուս–ուկրաինական պատերազմն իր ազդեցությունը կունենա՝ արձանագրում են գլխավոր դրամատանը։ Տոկոսադրույքի նվազումը վարկերի տոկոսների վրա կազդի, բայց ոչ մոտ ապագայում։  

2024թ.-ի հունվար-մարտին Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 14.3%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ամենամեծ աճն արդյունաբերության, առևտրի շրջանառության, ապա նաև ծառայությունների ոլորտն է, բայց ընդհանուր առմամբ, այստեղ դանդաղում է նկատվում։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը պարզաբանում է․

«Ծառայությունների ոլորտի ակտիվությունը որոշակի նվազում է արձանագրում այն դեպքում, երբ ռուս–ուկրաինական պատերազմի առաջին ամիսներին այն տնտեսական աճի լոկոմոտիվներից էր»։

Արդյունաբերության ու առևտրի ոլորտներում վարկերի ծավալների նվազում է արձանագրվել։ Ավելացել են շինարարության, գյուղատնտեսության, հիպոթեքային շուկային տրամադրվող վարկերի ծավալը։

Ընդհանուր առմամբ, զբոսաշրջության ոլորտում նվազում է արձանագրվել՝ մոտ 3 տոկոս։ Մեկ տուրիստի հաշվով ծախսերը նույնպես նվազել են։ Կարճաժամկետ տնտեսական աճն ավելի ակնառու է՝ ասում է տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը․

«Հինգ անգամ աճը կա, բայց զարգացման էֆեկտ չկա։ Երկարաժամկետության պարագայում կարող է չհասցնեն ապացուցել, կամ էլ երկարաժամկետի դեպքում չունեն համապաատսխան մտքեր»։

Վերջին մեկ ամսում նաև փոխարժեքն է սկսել նվազել՝ 2․5 տոկոսով։ Առաջարկը պահանջարկից ավելի է։ Սա բացատրություն ունի՝ ներհոսքն է ավելացել։

«Կան մարդիկ, ովքեր ուզում են ԱՄՆ դոլար ձեռք բերել, բայց վաճառողները ավելի շատ են։ ԿԲ–ն հետևում է, գլխավոր նպատակը՝ շուկայում գնանշումներ չլինելը թույլ չտալն է։ Ազատ լողացող փոխարժեք է, միջամտում ենք, երբ շուկայի ֆունկցիոնալությունը խախտվում է»։

Սա արտահանողների համար նոր ռիսկ է, որը պետք է բիզնեսը կառավարելիս հաշվի առնել՝ ասում է Մարտին Գալստյանը։ Հունվար մարտին փոխանցումների զուտ ներհոսքը 50 տոկոսով նվազել է, ոչ առևտրային բնույթի փոխանցումները նվազել են 55 տոկոսով։ ՀՀ Կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Հայկ Ավետիսյան․

«Միտումները իրական տնտեսական գործընթացից են բխում։ Իրական միգրացիա, աշխատավարձի ճեղքվածքի կրճատում»։

ԿԲ–ում նաև արձանագրում են՝ աշխատուժի առաջարկի ավելացումը որոշակիորեն մեղմում է աշխատաշուկայի պայմանները, որն էլ արտահայտվում է աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների նվազմանը։

Back to top button