ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայաստանի Հանրապետությո՞ւն, թե՞ «Армянская область», կամ ո՞վ է ում ծառայում․ ԱԺ–ում թեժ կրքեր էին բորբոքվում

ԱԺ օրակարգ չընդգրկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը։ Այն մերժվեց 27 կողմ, 51 դեմ քվեարկությամբ։ Ընդդիմության և իշխանության համար հայտարարության տեքստի քննարկումը հերթական առիթն էր միմյանց մեղադրելու համար։

Խորհրդարանական մեծամասնությունը հակասություններ է տեսնում ընդդիմության առաջարկած հայտարարության տեքստի մեջ և առաջարկում է նախաձեռնությունից առաջ նախ ճշտել միջազգային հանրության և, ինչու ոչ, Հայաստանում ադրբեջանցիների կողմից օկուպացված տարածքների բնակիչների կարծիքները։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հայտարարության բացերը առանձնացրել են Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և ԱԺ–ի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․

Վլադիմիր Վարդանյան․ «Իրո՞ք համոզված եք, որ ձեր գործընկերների մոտ արտասահմանում ըմբռնում կստանաք, որ շփման գծով պետք է սահմանը անցնի։ Մի հատ Կիպրոսի մեր գործընկերներից հարցրեք էլի, ընդունելի՞ է իրենց համար շփման գծով սահման անցկացնելը։ Հնդկաստանի մեր գործընկերներին, Ջերմուկի բնակիչներին նույնպես հարցրեք»։

Ռուբեն Ռուբինյան․ «Ես զարմանում եմ՝ ինչպես եք կարողանում մեկ ելույթի ընթացքում երկու ինքնահակասող բան ասել։ Համ գալիս եք, փորձում եք քանդել Արմա Աթիի տրամաբանությունը, համ ուզում եք ասեք՝ իրավաբանորեն հաստատված սահմանը չպետք է լինի սահմանազատման հիմքը, այլ՝ շփման գիծը, համ ասում եք ինչո՞ւ Սև լճից չեք սկսում։ Շփման գծերը ձևավորվում են ռազմական ուժի ճանապարհով։ Մենք անում ենք սա, որպեսզի հիմնավորենք և՛ Սև լճի Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիան, և՛ Սոթքի, և՛ Ներքին Հանդի, և՛ Ջերմուկի, և՛ Բերքաբերի, և այսպես շարունակ։ Ձեր տրամաբանությամբ եթե գնանք, ուրեմն կա մի տրամաբանություն՝ սա ջունգլի է, ով ինչքան ուժ ունի, այնտեղ կանգնում է»։

Խորհրդարանում շրջանառության մեջ դրված հայտարարությունով ընդդիմությունը պնդում էր, որ ավելի բարենպաստ պայմաններ է փորձում ստեղծել սահմանազատման համար։ Ընդդիմությունը կողմ է, որ լինի սահմանազատում, սակայն, ըստ նրանց, դրա հիմքը պետք է լինի ոչ թե 1991–ի Ալմա Աթիի հռչակագիրը, այլ՝ 1993 թվականից փաստացի գործող սահմանները։ Սա իր մեջ նոր վտանգներ է պարունակում, համոզված է հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը։ Ըստ նրա, դա նշանակում է, որ Հայաստանը կհրաժարվի իր պետական սահմանից և կվերադառնա ռազմական գործողության տրամաբանության։

Մինչդեռ ընդդիմությունը առաջարկում էր, որ սահմանազատումը տեղի ունենա մի շարք միջազգային փաստաթղթերի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Վիեննայի կոնվենցիայի, Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա։ Եվ ամենակարևորը, ընդդիմության կարծիքով՝ անհրաժեշտ է խաղաղություն հաստատել, որ լինի իրական սահմանազատում:

 «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյան․ «Բանականությունն ասում է՝ լավ, դուք այստեղ խնդիր ունեք, մենք էլ այստեղ խնդիր ունենք։ Դե եկեք հայելային անենք։ Եկեք տղամարդավարի խոստովանենք, որ ձեզ պարտադրում են այդ գիծը և ձեզ որևէ մեկը թույլ չի տալիս ևս մեկ ձող վերցնել և գնալ Սև լճում տեղադրել։ Որովհետև դուք ադրբեջանական օրակարգով եք շարժվում։

 «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյան․ «Այս նախագծի նպատակը մեկն էր, փորձել գործընթացները բերել մեր շահերի պաշտպանության դաշտ։ Երբ այստեղ խոսվում է, որ մենք պարզապես վերարտադրում ենք եղած սահմանները, բա ամբողջական վերականգնեք, որ ամբողջական էլ հարցը լուծվի։ Ուրեմն դուք էլ գիտեք, որ դա այդպես չէ։ Այդ հատվածական սահմանազատում կոչվածը միջազգային պրակտիկայում գոյություն չունի։ Դա Ադրբեջանի հորինածն է և ձեզ պարտադրածը»։

Ով ում օրակարգն է սպասարկում Հայաստանում։ Ընդդիմության մեղադրանքներն իշխանության հասցեին միակը չէին, որ հնչեցին խորհրդարանի դահլիճում։ Ընդդիմության գործունեության մասին իշխանական դաշտում շրջանառվող կարծիքները հրապարակեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Արթուր Հովհաննիսյան․ «Սրանք վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ վրա հարձակվելու։ Ընդդիմությունը սա գիտի, գիտի և ամեն ինչ անում է, որ այս պրոցեսը տեղի չունենա՝  Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու համար, հետո հայտնի սցենարով «փրկիչներին» բերելու համար, Հայաստանում մի գավառապետ նշանակելու համար՝ իր «գեղեցիկ» միջանցքով։ Սա է ընդդիմության նպատակը։ Ձեր պալատական հեղաշրջման արդյունքում Արցախում իշխանափոխություն արեցիք, հետո ԼՂ մեր հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար ԼՂ ներկայացուցիչներին Սոֆյայի փոխարեն էլ Եվլախ ուղարկեցիք։ Աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն պարզապես գոյություն չունի»։

Վահագն Ալեքսանյան․ «Մեր ընդդիմության համար պետությունը փոփոխական է։ Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր են, վաղը ինչ–որ «городской дума»–ի պատգամավոր կլինեն «Армянская область»–ի։ Ինչ է եղել, պետությունը հո հայրենիք չի՞, որ մշտական լինի։ Հենց սրա մասին է խոսքը, արժեբանական հիմնական տարբերությունը այստեղ է, մնացած բոլոր հետևությունները ձերն են՝ Հայաստանի Հանրապետությո՞ւն, թե՞ «Армянская область»։   

Իշխանությունը պնդում է, որ Տավուշի մարզում սահմանազատման տեխնիկական աշխատանքներ են ընթանում, կոորդինատներով սյուները տեղադրելուց հետո երկկողմ արձանագրություն է կազմվում՝ երկու սյուների արանքում հայտնված հատվածի մանրամասն նկարագրությամբ։ Խորհրդարանական մեծամասնության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ժամկետներ չի նշում, պարզապես հստակեցնում է, որ այդ աշխատանքներին հաջորդելու են իրավական ձևակերպումները, հաստատումներն ու ամբողջական տարածքի սահմանազատումը։

Back to top button