ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Փուլ առ փուլ հրաժարվել շրջհարկից․ կբարձրանա դրույքաչափը

Կառավարությունն առաջարկում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը և կրճատել հարկման համակարգերի միջև հարկային բեռի տարբերությունը: Խնդիրը 55 հազար տնտեսվարողի է վերաբերում։ Խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր նախագիծը քննարկվել է։

Հարկման ընդհանուր համակարգի այլընտրանքը վերածվել է հարկման արտոնյալ համակարգի՝ ասում են կառավարությունում։ Ֆինանսերի նախարարի տեղակալ Արման Պողոսյանը փաստեր է ներկայացնում՝ նախորդ երեք տարվա համար վերլուծություն են կատարել, պարզել են, որ գործնականում կա մի վիճակ, երբ գործունեության այս կամ այն տեսակի համար մի քանի անգամ ավելի ցածր հարկային բեռ է ձևավորվում, քան ընդհանուր դաշտում աշխատողներինը։

«Վերամշակող արդյունաբերության պարագայում տարբերությունը երկու անգամ է, շինարարության ու առևտրի ոլորտներում՝ 2․6 անգամ, կացության ոլորտում ՝ 3 անգամ»

Հարկ վճարողներն ամեն կերպ փորձում են նախ հայտնվել, ապա մնալ շրջանառության հարկի համակարգում՝ ասում է փոխնախարարը։ Այժմ կառավարությունն առաջարկ ունի՝ դրույքաչափերը բարձրացնել, կրճատել տարբերությունը։ Մեկ այլ նատակ էլ ունի՝ փաստաթղթավորման մակարդակի բարձրացում ու առհասարակ փաստաթղթավորման ինստիտուտի կայացում․

«Դրույքաչափերի բարձրացմանը զուգահեռ  հնարավորություն տալ, որպեսզի գործունեության մնացած տեսակներն էլ կարողանան փաստաթղթերով հիմնավորված ծախսերի գծով նվազեցումներ կատարել, երկրորդ՝ հնարավորություն տալ անգամ հարկը նվազեցնել այսօր վճարվելիք հարկից։ Եթե գործունեությունը թույլ է տալիս, տնտեսվարողն էլ պատրաստ է լսել մեր հորդորները՝ փաստաթղթավորել, նա վերջնարդյունքում կարող է ավելի ցածր հարկ վճարել, քան վճարում է այսօր»։

Գործունեության որոշ տեսակներ՝ փաստաբանական ու նոտարական ծառայությունները, շրջանառության հարկի դաշտից դուրս կբերվեն։ Հայտնի լոտոների խաղարկությունները նույնպես դուրս կբերվեն շրջհարկի համակարգից։ Փաստաբանների պալատում այս թեմայով քննարկում է տեղի ունեցել։ Նշվել է, որ նախագիծը մշակելիս հաշվի չի առնվել փաստաբանության իրավապաշտպան բնույթը, ինչպես նաև այն, որ փաստաբանական ծառայությունների մատուցումը շատ հաճախ տեղի է ունենում հենց իրավապաշտպան, ոչ թե ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում, ուստի՝ փաստաբանական ծառայությունների հարկման հարցում պետության քաղաքականությունը չի կարող խստացվել և նույնացվել բացառապես տնտեսական նշանակություն ունեցող ոլորտների հետ, հատկապես՝ խաղատների, շահումով խաղերի, գրավատների և վիճակախաղերի:

Նշել են, որ այս դեպքում փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար և գները շեշտակիորեն ավելանալու են, վերանալու է անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու (pro bono) հնարավորությունը, քանի որ այն նույնպես ենթակա է լինելու հարկման։ Ավելանալու է Հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը, ինչն անհամեմատ կավելացնի պետության ֆինանսական պարտավորության բեռը։ Ավտոմեքենաների տեխսպասարկումը, ծրագրային ապահովման մշակումը, շինաշխատանքների, ճարտարապետական աշխատանքների նախագծումը նույնպես այս շարքում են։ Նպատակը փաստաթղթավորման հիմնավորումն է, ոչ թե հարկի բարձրացումը, վստահեցնում է Արման Պողոսյանը։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը հարցնում է ․

«Ինչու չենք անցնում ԱԱՀ–ին ընդհանրապես, դուրս է գալիս, որ կիսաքայլեր են»։

Պետք է երկու փուլ անցնել՝ ասում է Արման Պողոսյանը և բացատրում՝ ծառայությւոնների դեպքում, օրինակ՝ խորհրդատվությունը, որտեղ ծախսը միայն աշխատավարձ է, գուցե պարզվի, որ 30 տոկոս հարկ է գոյանում՝ ԱԱՀ–ի ու շահութահարկի հանրագումարի պարագայում։ Շրջհարկը 5 տոկոս է, այժմ առաջարկում են նախ բարձրացնել դրույքաչափը, մոտարկել, հաջորդ փուլում գուցե շրջհարկը ընդհանրապես դադարեցվի։ Փոխնախարարը վստահեցնում է՝ խրախուսում են, որ տնտեսվարողներն իրենք շրջհարկից հրաժարվեն։

«Անցումը լինի ավելի սահուն ու գրավիչ։ Մասնավորապես, առաջարկում ենք, որ շրջհարկ վճարողը դարձել է ԱԱՀ վճարող, ինչ որ մի պահի, իր ցանկությամբ ապրանքային մնացորդի մասով հաշվացման հնարավորություն է ունենալու»։

ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը կարծում է, որ այս փաթեթը ՓՄՁ–ի կյանքը ուղիղ իմաստով բարդացնում է։ Բացատրում է՝ 55 հազարից ավելի տնտեսվարողների կյանքին վերաբերող փաթեթը քննարկվում է՝ առանց ֆոկուս ու մարզային տարբեր խմբերի հետ քննարկումների․

«Պաշտոնական թվերը բավարար չեն, մարզային գերփոքր բզինեսի խնդիրը ուրիշ է, Երևանում նույն նմանատիպ բիզնեսի խնդիրը ուրիշ է»։

Ավագյանը վստահեցնում է՝ կան ոլորտներ, որոնք եթե հնարավոր լիներ փաստաթղթավորել, ինքնուրույն կգնային դրան։ Ոլորտներ կան, որ հնարավոր չէ, օրինակ, գյուղմթերքի մեծածախ շուկայից փաստաթղթավորում հնարավոր չէ իրականացնել։ Պարտադիր փաստաթղթավորումը սկսում են շղթայի վերջին օղակից՝ ասում է։ Նախագիծը կքննարկվի նաև ԱԺ լրագումար նիստում։ Խորհրդարանում խոստանում են՝ առաջինից երկրորդ ընթերցում քննարկումներ կկազմակերպեն։

Back to top button