ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Միայն տեղագրական՝ ռազմական քարտեզները բավարար չեն սահմանազատման համար․ Շահեն Շահինյան

ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբը Խորհրդային Միության ամբողջ տարածքը դիտարկում էր որպես մեկ միավոր և կառույցի համար այդ պայմանական սահմանը, որ գոյություն ուներ, օրինակ՝ Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի կամ Վրաստանի և Ռուսաստանի միջև այդքան էլ էական չէր, քանի որ գլխավոր շտաբը զբաղվում էր պաշտպանական գործառույթներով, ուստի տեղագրական, ռազմական քարտեզները կիրառում էր բոլորովին այլ նպատակների համար, սակայն ոչ հանրապետությունների կամ այլ վարչատարածքային միավորների միջև սահմանների ձևավորման` ասում է գեոդեզիստ, քարտեզագիր Շահեն Շահինյանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանազատման հիմք հանդիսացող 1976 թվականի տեղագրական քարտեզին։

Ինչ վերաբերում է 1979 թվականին նույն այս քարտեզների հերթապահության ընթացակարգին, ապա «Ռադիոլուր»-ի զրուցակիցը նշում է, որ «հերթապահության ընթացակարգով» քարտեզները մինչև հաստատվելը պաշտոնական ուժ չունեն, դրանք կիրառման համար որոշակի ընթացակարգ պետք է անցնեն, ինչի մասին վկայող փաստեր հայ քարտեզագիրները, ըստ Շահեն Շահինյանի, չունեն։

«Սահմանագիծն առանց նկարագրության առ ոչինչ է։ Եթե չկա նկարագրություն, ապա սահմանագիծը լուրջ խոցելիություն ունի, սահմանի տեղանքի բնութագրումը թույլ է տալիս համապատասխան մասնագետներին հեշտությամբ իդենտիֆիկացնել նշված սահմանագիծը»,- ասում է տեխնիկական գիտությունների թեկնածու, քարտեզագիրը, ով մի խումբ մասնագետների հետ շարունակում է ուսումնասիրել ԽՍՀՄ վարչատարածքային և տեղագրական` ռազմական քարտեզները, որոնք իրավական ուժ ունեն։

Back to top button