Շարուկ ակներ

Արցախյան բարբառով 30 երգ կներկայացվի. «Շարուկ ակներ»

Ավանդական երգի, պարի հանդեպ սերն ու վայելքը Լուսինե Նազարյանին մշտապես երաժշտական նոր նախաձեռնությունների մտահղացման ակոսում են պահում։ Լուսինեն միաժամանակ իրականացնում է մի շարք գործառույթներ։ Երաժշտագետը մեկիկ-մեկիկ հավաքում, ուսումնասիրում, բացում է հայրենական երաժշտարվեստի շերտերը, դրանք ներկայացնում-մատուցում Հայաստանի հանրային ռադիոյի երաժշտական հաղորդումների եթերաժամերով և տարածում-քարոզում «Նուբար» ավանդական երգի, պարի համույթի ելույթներով։

Ավանդական ամեն երգ ու պար ունի իր ստեղծման պատմությունը, անցած ճանապարհը, տարեգրությունն ու, երբեմն էլ, տարագրությունը։ Արցախյան մշակույթը նույնպես երաժշտագետի տեսադաշտում է։ Մի գողտրիկ առաջարկությունից Է նա մտահղացել այս հետաքրքիր ու օգտակար ձեռնարկը. պատրաստել համերգային ծրագիր, որտեղ ընդգրկված կլինեն բացառապես արցախյան բարբառով երգեր։

«Մենք ձեռքի տակ արդեն ունենք 30 երգ։ Ձայնագրման աշխատանքները դեռ առջևում են։ Հուսալի գործընկերների հետ համագործակցությամբ, կարծում եմ, կհաղթահարենք այդ գործընթացը», — ասում է երաժշտագետ, Հայաստանի հանրային ռադիոյի երաժշտական հաղորդումների հեղինակ և վարող, «Նուբար» ավանդական երգի, պարի համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Լուսինե Նազարյանը։

Back to top button