ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սահմանազատվող Հայաստան․ գազատարը մնում է ՀՀ տարածքում, 25 հեկտարը ականապատված է

Մայիսի 17-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժամանակ ընդունված որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, լիակատար աջակցություն է արտահայտվել խաղաղության գործընթացին։ Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Մինչդեռ Հայաստանի ներսում գործընթացից դժգոհությունները շարունակվում են։ Կիրանցում բնակիչներն անհանգիստ են, իսկ իշխանությունը շարունակում է ներկայացնել «վտանգավոր» գնահատվող արդյունքների իրական պատկերը։  Տավուշի մարզում սկսված սահմանազատմամբ ավարտվում է աշխատանքի առաջին փուլը։ Երկրորդ փուլը սկսվելու է երկու երկրներում փաստաթղթերի ներպետական վավերացման գործընթացներից հետո։

Մեկ տուն, մեկ կացարան, մեկ չգործող խանութ–վագոն և ավտոտնակ, ընդհանուր առմամբ 4 շինություն․ Կիրանց գյուղի բնակիչներին պատկանող այս սեփականությունն է սահմանազատման արդյունքում փոխանցվում Ադրբեջանին։ Սա հրապարակելով իշխանությունը խոստանում է՝ փոխհատուցելու և լուծելու է բոլոր խնդիրները։

Կիրանցի բնակիչները դժգոհություն արտահայտելու համար ընտրեցին Հայաստան–Վրաստան ճանապարհը փակելու տարբերակը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը գնաց Կիրանց, բնակիչների հետ փակ հանդիպում անցկացրեց։ Ճանապարհը բացվեց, բայց հանդիպումից հետո Կիրանցի բնակիչների տրամադրություններում փոփոխություն չկա․

«Մեզ ուղղակի ներկայացրել են այս պահին եղած դրությունը, նորություն չկար, լրիվ նույնն է։ Մենք էլ չգիտենք ինչ կարող ենք անել։ Կամուրջն է, տներն է՝ այդ 4 շինությունը, կա էլի։ Գյուղի մեջ են մտնում մի խոսքով։ Մեր վարելահողերն է ընկնում իրենց գյուղից հետո, 65 հա, ոչ թե անցնում է իրենց, այլ իրենց գյուղի հետևի կողմից էլ հատված ունենք, ուղղակի մեր հողերով շրջանցում ենք իրենց գյուղը։ Այլընտրանքային ճանապարհ ունենք այդ հողերը մշակելու, բայց չգիտենք, դեռ չենք հասկանում, սահմանազատում, սահմանագծում անենք նոր կհասկացվի»։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Բաբկեն Թունյանը նորմալ է համարում բողոքի ակցիաները, բայց առաջարկում է խնդիրները դիտարկել համեմատության մեջ։  

«Ինչ որոշում ընդհանրապես ընդունվում է երկրում, միշտ լինում են դժգոհ մարդիկ և գոհ մարդիկ։ Հիմա հասկանալի է, որ մեր որոշ քաղաքացիների համար անհարմարություն է ստեղծվում, իրենց ունեցվածքի հետ կապված որոշակի խնդիրներ պետք է լինեն կամ կլինեն, բայց եթե այդ խնդիրները անհրաժեշտ են ՀՀ ընդհանուր անվտանգության տեսանկյունից, ուրեմն պետք է հավասարակշռվի այդ ամեն ինչը ու կառավարությունն այդ ուղղությամբ աշխատում է»։

Սահմանազատման և սահմանագծման միջազգային փորձում չկա որևէ օրինակ, երբ այդ աշխատանքները հարթ են ընթացել։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ընդունել է, որ պետությունը բարդ ճանապարհ է անցնում։ Բացատրել է, թե ինչու են ընդունել այդ որոշումը․

«Իհարկե, մենք դժվար լուծումներով ենք անցնում, բայց որևէ երկիր դելիմիտացիայի պրոցեսը անցնելուց հեշտ չի անցել։ Ես հասկանում եմ, որ ընդդիմությունը փորձում է ավելի շատ վատ պատկեր տալ, բայց ես կարծում եմ, սա հնարավորությունների մեջ լավագույն հնարավորությունով լուծումն է։ Մի բան էլ ասեմ․ այս գործընթացը ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, բայց փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ։ Մենք համոզված ենք, որ սա կայունություն է բերելու։ Շատերը ասում են, որ ամեն ինչ միանգամից պետք է անենք։ Միանգամից հնարավոր չէ։ Մեր փորձն էլ վերջին 30 տարվա ընթացքում ցույց է տալիս, երբ որ մենք ուզում ենք ամեն ինչ մեկ փաթեթով լուծվի, դա դժվարանում է։ Երբ փորձում ենք քայլ առ քայլ գնալ այդ լուծումներին, հնարավորություններ ստեղծվում են։ Նախադեպ ունեցանք, երբ սահմանազատում է կատարվել և ընդհանուր առմամբ մենք գնում ենք լուծումների»։

 Աշխատանքների շարունակականության հարցում Հայաստանի իշխանություններին լավատեսություն են ներշնչում գործընթացին միջազգային հանրության ուժեղ աջակցությունը, ինչպես նաև հնարավորությունները, որ տեսնում են դելիմիտացիայի շրջանակներում ու Տավուշում կատարված աշխատանքի փորձը։

Անվտանգության խորհրդի քարտուղարը պնդում է, որ Տավուշի մարզում սահմանազատման հետևանքով առաջացող հնարավոր խնդիրները ընդդիմությունը չափազանցնում է, նաև պնդում է, որ ԽՍՀՄ փլուզման պահին՝ 1976 թվականի քարտեզով Հայաստանին պատկանող որևէ տարածք չի անցնում Ադրբեջանին։

«Ենթակայության տակ գտնվելը և քոնը լինելը դրանք իրականության մեջ տարբեր բաներ են։ Լեգիտիմությունը այնտեղ է, որտեղով Հայաստանի սահմանը անցնում է և քոնն է այն, ինչ լեգիտիմ սահմանազատման շրջանակներում պատկանում է ՀՀ–ին։ Չգիտեմ, ինչու են ասում, որ Լոռու մարզը վտանգի տակ է գտնվում, գազատարը անցնում է ՀՀ տարածքով և գազատարի հետ կապված մենք որևէ խնդիր չունենք։ Ես չգիտեմ, մեր ընդդիմախոսները որտեղից են նման պնդումներ կատարում»։

Մեկ այլ հարց է 25 հա տարածքը, որը սահմանազատումից հետո կիրանցիները հնարավորություն կունենան շահագործել, ինչի հնարավորությունը չունեին վերջին 33 տարվա ընթացքում։ Բայց  այդ տարածքները Ադրբեջանից չեն անցնում Հայաստանին, դրանք միշտ եղել են Հայաստանի տարածքում։ Անվտանգության խորհրդի քարտուղարը և Կիրանցի բնակիչները բացատրում են սահմանազատումից հետո ստեղծված պատկերը․

Արմեն Գրիգորյան․ «Մինչև այս պահն այդ տարածքներում ԶՈՒ–ն էր ծառայություն իրականացնում և այդ ծառայության իրականացման պատճառով, որտեղ դիրքեր կան, այդ դիրքերում համայնքները իրենց հողերին հասանելիություն չեն ունեցել։ Հիմա, երբ այդ դիրքերից ԶՈՒ–ն դուրս է գալիս և սահմանապահ զորքերն են տեղակայվում, այդ տարածքները ազատվում են և անցնում են գյուղացիների ամենաօրյա աշխատանք կատարելու վերահսկողության տակ»։

Կիրանցի բնակիչ․ «Դա մեր գյուղի սեփական մշակվող հողերն է եղել, ուղղակի 90–ականներից հետո մնացել է «նեյտրալ գոտի», ականապատված տարածքներն են մեր»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն այլ տարածքներում շարունակելու համար կողմերն այժմ պետք է անցնեն փաստաթղթերի ներպետական վավերացումների գործընթաց, պարզաբանում է Արմեն Գրիգորյանը։ Ժամկետներ այս հարցում չկան։ Ներպետական գործընթացից հետո միայն կսկսվի սահմանազատման երկրորդ փուլը։  

Back to top button