ԿարևորՀասարակություն

+118. թանգարանները անմոռանալի գիշեր են խոստանում

Հայաստանի թանգարանները 2023 թվականին 1 մլն 228 հազար155 այցելու են հյուրընկալել, թանգարանային ֆոնդը կազմել է 1 մլն 996 հազար 934 ցուցանմուշ, կազմակերպվել է 270 ժամանակավոր ցուցահանդես, իրականացվել է 2 հազար 736 գիտակրթական ծրագիր, 699 թանգարանային միջոցառում։ Այս թվերը հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, ներկայացնելով թանգարանների տարեկան հաշվետվությունը։ Նա ասել է, որ թանգարանների միջազգային օրը, որը ավանդաբար նշվում է մայիսի 18-ին, այս տարի կրում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագիրը։ Մասնագիտական տոնն այս տարի համախմբելու է հայաստանյան շուրջ 120 թանգարանների։

Հայաստանի բոլոր թանգարաններն արդեն իսկ սպասում են մասնագիտական տոնին։ Խոստանում են յուրահատուկ և անմոռանալի միջոցառումներ։ Թանգարանների միջազգային օրվա շրջանակում աշխարհի բոլոր թանգարաններն են համախմբվում ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով։ Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվելու է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրով՝ դրանով ընդգծելով թանգարանների կրթական, հետազոտական դերը։ Կարևորելով տարվա խորագիրը, ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը ընդգծեց, որ նախարարության ռազմավարությունն ևս դա է.

«Թանգարանները պետք է ավելի շատ բեռնաթափել վարչարարական աշխատանքներից և ավելի շատ ուշադրության կենտրոնում պահել կրթական ծրագրերը»։

Թանգարանային այցելություններից նախարարությունում գոհ են։ Անցյալ տարի թանգարաններն ունեցել են 1 մլն 228 հազար 155 այցելու։ Անցյալ տարվա դրությամբ թանգարանային ֆոնդը կազմել է 1 մլն 996 հազար 934 ցուցանմուշ։ Ամենամեծ ձեռքբերումը, սակայն, այս տարվան է վերագրվում։ Ընդունվել է առաջին մայր օրենքը, ընդ որում օրենքում ևս թանգարանային կրթության բաղադրիչն ամրագրված է որպես պարտադիր գործառույթ։

«Կարծում եմ՝ բավականին սպասված օրենք էր։ Տարիներով մշակվել, լրամշակվել է, բայց 2024 թվականին նոր կարողացանք օրենքն ունենալ։ Նաև ստեղծել ենք մշակութային զարգացման հիմնադրամ, որը զբաղվելու է թանգարանների հանրահռչակմամբ։ Նաև իրականացրել ենք, որոշ օպտիմալացման ծրագրեր և Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանն ու Հրազդանի երկրագիտական թանգարանը դարձել են Հայաստանի պատմության թանգարանի մաս»։

Տարվա կարևորագույն միջոցառումներից փոխնախարարը առանձնացրեց ևս երկուսը։

«Ռուսական արվեստի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունը հունիսին կբացվի Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրու և ձեռքի ցուցադրությունը կբացվի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում վեց ամիս ժամկետով»։

Ամեն տարի հայաստանյան թանգարաններն իրականացնում են բազմաթիվ կրթական և հետազոտական ծրագրեր՝ նախատեսված տարբեր տարիքային և սոցիալական խմբերի համար: Անցյալ տարվանից վերենայել են տոմսային քաղաքականությունը և մինչև 12 տարեկան բոլոր երեխաները կարող են անվճար այցելել թանգարաններ։ 2023 թվականին ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարաններում իրականացվել է շուրջ 1250 կրթական ծրագիր, որին մասնակցել է 30 600 այցելու: «Թանգարանների գիշեր» ծրագրին միացած 118 թանգարանները բազմաբովանդակ միջոցառումներով մայիսի 18-ին իրենց դռները կբացեն հասարակության առջև: Տոնը մեծ խորհուրդ ունի թանգարանների նվիրյալ աշխատակիցների համար։ 20-րդ դարի մեծագույն արվեստագետերից Երվանդ Քոչարի թանգարանն առաջինն էր Հայաստանի թանգարաններից, որը նոր տեխնոլոգիաների շնորհիվ յուրահատուկ դարձրեց թե՛ իր մշտական և թե՛ ժամանակավոր ցուցադրությունները։ Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի խոսքով, այս առումով առաջիկա տոնական օրերին ևս իրենց այցելուներին շատ ուշագրավ ծրագրեր կմատուցվեն։ Նաև հաշվի առնելով, որ այս տարի լրանում է Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը, առհասարակ ամբողջ տարին է թանգարանի համար հոբելյանական։

«Թանգարանը ներկայանալու է Քոչարի 30-ական թվականների արվեստում շատ յուրահատուկ տեղ զբաղեցնող մի շարքով, որը անվանել է «Մարդ–քաղաք»։ Եվ վաղը մենք ներկայացնելու ենք մի արտ-օբյեկտ, մոտ 2.5 մետր բարձրությամբ շատ հետաքրքիր նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, և կարծում եմ յուրաքանչյուր այցելու կունենա իր անհատական փոխազդեցությունը այդ օբյեկտի հետ։ Օբյեկտը ներշնչված է Քոչարի այդ շարքով։ Ներկայացվելու է նաև «Մելանխոլիա» արձանին նվիրված մի ֆիլմ, որը դարձյալ շատ հետաքրքիր բացահայտումներ կանի Քոչարի արվեստի մասին»։

Տարին հոբելյանական է նաև Սերգեյ Փարաջանովի թանգարանի համար։ Աշխարհահռչակ կինոռեժիսորի ծննդյան 100 ամյակի առթիվ միջոցառումներ են կազմակերպվում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։

Փարաջանովի թանգարանն այս տարի տարբերվող ծրագրով է ներկայանալու, ասաց թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը։

«Մեզ հետ դեռ անցած տարվանից համագործակցում էր նորաձևության և դիզայնի պալատը, և նրանք ցանկացան, որ հենց իրենց ցուցադրությունը լինի այս միջոցառման ընթացքում։ Ասեմ, որ բավականին հետաքրքիր է ստացվել։ Հասարակությունը վաղը առավոտյան 11-24 կարող է դիտել և հասկանալ, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ռեժիսոր–արվեստագետը նորաձևության վրա»։

1977 թվականից մայիսի 18-ն ամեն տարի նշվում է որպես Թանգարանների միջազգային օր, որը հնարավորություն է տալիս անվճար այցելելու աշխարհի ցանկացած թանգարան և մասնակցելու թանգարանների նախաձեռնած ամենատարբեր միջոցառումներին։

Back to top button