ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Կարևոր է, որ ԵԽ–ն պաշտպանի իր աշխարհագրական գոտում ապրողների իրավունքները․ ՀՀ արտգործնախարարի ելույթը Ստրասբուրգում

Աշխատանքային այցով Ստրասբուրգում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին։ Իր ելույթում նախարար Միրզոյանն անդրադարձել է Ացախի 9 ամսվա շրջափակմանն ու դրան հաջորդած տեղահանություններին, խոսել է հայ-ադրբեջանական սահմանազատման մասին։ Արարատ Միրզոյանը շեշտել է Եվրոպայի խորհրդի կողմից ժողովրդավարական անվտանգությունն ապահովելու և իր աշխարհագրական գոտում ապրող մարդկանց իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը:

«Անցնում ենք դժվարին ժամանակաշրջանով, որտեղ հիմնարար սկզբունքների՝ ներառյալ ուժի չկիրառման նորմի խախտման շեմն անհանգստացնող չափով բարձր է, և կարևոր է վերահաստատել այն արժեքները, որոնցով առաջնորդվել է ԵԽ վերջին երեք քառորդ դարում»,– Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա մատնացույց է արել  Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես, շեշտելով Արցախում կատարված բռնի տեղահանությունը։

«2023 թվականի սեպտեմբերին ինն ամիս տևած շրջափակումից հետո Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով աշխարհն ականատես եղավ  Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, որն արձանագրվել է Մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2023 թվականի հոկտեմբերի փաստահավաք այցի արդյունքներով: Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ փախստականների կարճաժամկետ կարիքները: Մեկ այլ հրատապ մարդասիրական հարց է Ադրբեջանում անօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատման խնդիրը»:

Եվրոպայի խորհրդի ստեղծման 75-ամյակի առիթով նախարար Միրզոյանը շեշտել է, որ կառույցը շարունակում մնալ մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանության ոլորտում ամենակարևոր միջազգային կազմակերպություններից մեկը։

Արարատ Միրզոյանի կարծիքով  Եվրոպայի խորհուրդը կոնվենցիաների իր համակարգով կարևոր դեր ունի խաղալու Եվրոպայի ժողովրդավարական անվտանգությունն ապահովելու և իր աշխարհագրական գոտում ապրող բոլոր մարդկանց իրավունքները պաշտպանելու գործում:

Ներկաներին ՀՀ արտգործնախարարը տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման  գործընթացի մասին։

«Ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչը ողջունվեց բազմաթիվ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից: Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ վերջին՝ մայիսի 10-11-ին Ալմաթիում տեղի ունեցած հանդիպումից հետո, Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հասնելու հարցում՝ հիմնվելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես արձանագրված է Ալմա-Աթայի հռչակագրով, պետական սահմանի սահմանազատման գործընթացում՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացում՝ երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, հիմնվելով հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»:

Ստրասբուրգում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ, տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին,  վկայակոչելով  երկու երկրների ղեկավարների մակարդակով արտահայտված դիրքորոշումը, որով վերահաստատվում է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ ՀՀ-ն ունի հարաբերությունների կարգավորման ամուր քաղաքական կամք և դրա լիարժեք փոխադարձման պարագայում հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Միրզոյանը հիշատակել է նաև ԵԽԽՎ ընդունած բանաձևերը և ընդգծել է դրանք կյանքի կոչելու կարևորությունը։

ԵԽԽՎ-ն անցած տարի բանաձև էր ընդունել՝ կոշտ քննադատության ենթարկելով Ադրբեջանին Լաչինի միջանցքի արգելափակման համար։

Իսկ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2023 թ․հոկտեմբերի 18-ի նիստում հայտարարություն էր ընդունել, որով մտահոգություն էր հայտնում սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունների և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթից հետո ստեղծված ծայրահեղ  ծանր իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը, ներառյալ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության։

ԵԽ նախարարների կոմիտեն  շեշտել էր, որ Ադրբեջանը պետք է կատարի ՄԻԵԴ–ի սեպտեմբերի 22-ին նշված միջանկյալ միջոցները և ձեռնպահ մնա այնպիսի քայլերից որոնք կարող են հանգեցնել Կոնվենցիայով նախատեսված պարտավորությունների խախտումների, մասնավորապես՝ կյանքի իրավունքի և  խոշտանգումների ու անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի։ ԵԽ նախարարների կոմիտեի այս հայտարարությանը հաջորդեց արդեն ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիարակության լիազորությունների դադարեցումը՝ մեկ տարի ժամկետով։

Back to top button