Երաժշտական եռանկյունի

«ԱԳԱ տրիոյի» նոր՝ «Արաքսես» ձայնասկավառակը. «Երաժշտական եռանկյունի»

«ԱԳԱ տրիոն» միջազգային  նախագիծ է, որին մասնակցում են երաժիշտներ Հայաստանից, Վրաստանից և Անատոլիայից: Այն ստեղծվել է որպես տարածաշրջանային նախագիծ և նպատակ է հետապնդում ներկայացնել  տարածաշրջանային ֆոլկլորը, ինչպես նաև խմբի մասնակիցների ստեղծագործությունները:

«Ուզում եմ ներկայացնել եռյակի երաժիշտներին: Դենիս Մահիր Քարտալը տիրապետում է մի շարք գործիքների, անատոլիական ավանդական նվագարաններից մինչև դասական փողայիններ և կիթառ: Նա  ավարտել է Ստամբուլի Տեխնիկական համալսարանի կոնսերվատորիան՝ հաստատելով իրեն և՛ ֆոլկլորում, և՛ դասական, ջազ, մոդեռն, էլեկտրոերաժշտության ասպարեզներում:

Ակորդեոնահար Միխայիլ Յակուտը  դասական երաժշտի կրթություն ստացել է Բեռլինում՝ մասնագիտանալով ակորդեոնի և դաշնամուրային երաժշտության բնագավառներում, տիրապետում է իմպրովիզացիոն արվեստին՝ մասնակցելով բազմաթվ այլ երաժշտական նախագծերի»,- ասում է եռյակի հիմնադիր Արսեն Պետրոսյանը, որն ավարտել է Երևանի պետական Կոնսերվատորիան՝ ականավոր դուդուկահար Գևորգ Դաբաղյանի դասարանը:

Արսենն այսօր ներկայացնում է երիտասարդ դուդուկահարների այն սերունդը, որը ձեռք է բերել միջազգային ճանաչում՝ համագործակցելով այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են «Ջենեզիս» ռոք խմբից Սթիվ Հաքեթը, Էմիրաթներից հայտնի կոմպոզիտոր Իհաբ Դերվիշը և աշխարհահռչակ ուդահար Օմար Բաշիրը: Նա նաև ակտիվ գործունեությամբ հանդես է գալիս որպես հրավիրյալ մենակատար և սեփական համերգային նախագծերով՝  Եվրոպայի, Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Հյուսիսային ԱՄՆ-ի բեմական և փառատոնային հարթակներում:

Ավարտելով Երևանի Կոնսերվատորիան 2016 թ. նա անցած տարիների ընթացքում վարպետաց դասերով հանդես է եկել այնպիսի հեղինակավոր ուսումնական հաստատություններում, ինչպիսիք են Նյու Յորքի Համաշխարհային երաժշտության ինստիտուտը  և Հյուսթոնի «Ապոլո Չեմբեր Փլեյերսը»: Նրա երկու նախագծերը՝ «ԱԳԱ տրիոն» և «Արսեն Պետրոսյան քառյակը» հրավիրվել են ամենահեղինակավոր հեռուստաընկերությունների կողմից, ինչպես «Մեդիչի թի վի», «Մեցցո թի վի», «ԲՌ կլասիկ» և«Բի Բի Սի Պերսիա» խոշոր հեռարձակողները:

«Արաքսես» ալբոմը հեղինակային աշխատանք է, քանի որ հիմնականում ներկայացնում է երաժիշտների ստեղծագործությունները՝ ներշնչված Արաքս գետի տարածաշրջանը միավորող հունով։ Այն խորհրդանշում է այնտեղ բնակվող ազգերի մշակութային փոխազդեցությունները և հարաբերությունները: Ալբոմը լույս է տեսել մի քանի շաբաթ առաջ և մեծ տարածում է գտել համացանցային ամենահեղինակավոր հարթակներում: Ներառում է ինը երաժշտական կոմպոզիցիա, որոնք  հաղորդման ընթացքում Հանրային ռադիոյի եթերում հնչում են ատաջին անգամ:

Back to top button