Երաժշտական եռանկյունի

Պրոգրեսիվ երաժշտության ուղիներով. «Երաժշտական եռանկյունի»

«Պրոգրեսիվ ռոքը» սկիզբ է առել 70-ականներին՝ զարգանալով «արտ ռոք» երաժշտական ուղղության ներքո։

Ժամանակի ընթացքում այն ձեռք է բերել հստակ չափանիշներ, որոնցից առավել կարևորներն են գեղագիտական ամբողջականությունը, բովանդակային (հայեցակարգային) բաղադրիչը և կատարողական արվեստի բարձր մակարդակը։ Հատկանշական է նաև կապը ակադեմիական, դասական երաժշտության հետ, ինչն արտահայտվում է ոչ միայն դասական երաժշտությանը հատուկ նվագարանների ընտրությամբ, այլ նաև որոշակի «ձգողականությամբ» դեպի դասական հարմոնիան, կոմպոզիցիան, ֆոլկլորային սիմֆոնիկ երաժշտությունը։

Միշել Պետրոսյանը և Վահագն Պապայանը սկսել են նվագել 1990-ականներին «Դամբարթըն Օուքս» պրոգրեսիվ խմբի կազմում, Միշել Պետրոսյանը՝ որպես կիթառահար և ստեղծագործող և Վահագն Պապայանը՝ որպես բաս կիթառահար և ֆագոտահար։ Այդ տարիներին ռոք երաժշտությամբ զբաղվում էին հիմնականում ինքնուս երաժիշտները, իսկ նրանք ստանում էին բարձրագույն երաժշտական կրթություն և իրենց հետաքրքրությունն ու նախընտրությունները երաժշտության մեջ բանաձևում էին պրոգրեսիվ ռոքի ասպարեզում։

«Այն ժամանակ մենք երևի միակ խումբն էինք, որ գրում էինք կոմպոզիցիաների պարտիտուրներ, նվագում էինք նոտաներով և մեր կազմում ռոք նվագարաններից բացի կային նաև դասական գործիքներ՝ ջութակ, ֆլեյտա, ֆագոտ և այլն», — ասում է Վահագն Պապայանը։

Խումբը մասնակցում էր փառատոների, ձայնագրվում էր և նույնիսկ հրատարակել էր ալբոմ։

«Ես շատ շուտ զգացի կրթությունս արտասահմանում շարունակելու անհրաժեշտությունը, քանի որ ինձ չէին բավարարում որոշակի սահմանափակումները Հայաստանում և ես մեկնեցի Ֆրանսիա, սովորեցի և ավարտեցի Փարիզի կոնսերվատորիան», — շարունակում է Միշել Պետրոսյանը։

Նա ընդլայնել և խորացրել է իր գիտելիքները ոչ միայն ավանդական դասական կոմպոզիցիայի, այլև հնագույն մշակույթների պատմության, աստվածաբանության և հին լեզուների բնագավառներում, ինչն արտահայտում է նաև նրա ստեղծագործություններում։ Միշելը ամենաակտիվ կերպով ներքաշվել է Ֆրանսիայի և Եվրոպայի ակադեմիական երաժշտության ժամանակակից ընթացքներին, մասնակցել բազմաթիվ համերգների և մրցույթների, որոնցից առավել նշանակալիցը Եղիսաբեթ թագուհու հեղինակավոր մրցույթն է։ Միշել Պետրոսյանը նվաճել է գլխավոր մրցանակը՝ դառնալով առաջատարը եվրոպական ժամանակակից կոմպոզիտորների շարքում։

Նա ստանում է պատվերներ, և նրա երաժշտությունը խիստ պահանջված է համաշխարհային բեմերում։

Միշելի՝ Հայաստանից մեկնելուց հետո Վահագն Պապայանը ձևավորեց նոր «Օքսընհեմ» պրոգրեսիվ խումբը՝ շարունակելով գրել սեփական ստեղծագործությունները և յուրովի մշակելով հայտնի խմբերի կոմպոզիցիաները։

Ձայնագրել է երկու ալբոմ։ Առաջինը հրատարակվել է Ֆրանսիայում, իսկ երկրորդը՝ համացանցային բազմաթիվ հարթակներում, թվային ձևաչափով։

Այսօր Վահագնը երաժշտություն է դասավանդում է «Այբ» դպրոցում՝ փոխանցելով երիտասարդներին իր գիտելիքն ու փորձը դասական և ժամանակակից երաժշտության բնագավառներում։

Երկու ստեղծագործող երաժիշտների ճանապարհը արվեստում խորհրդանշական և օրինակելի է, քանի որ երկուսն էլ անդավաճան նվիրված են սեփական երաժշտական հայեցակարգին, փիլիսոփայությանը և արվեստում լավագույնին հասնելու ներքին ազնիվ մղմանը։     

Back to top button