Երաժշտական եռանկյունի

Հովհաննես Մանուկյանի կլավեսինային տարերքը. «Երաժշտական եռանկյունի»

Բարոկկո շրջանի երաժշտությունը առանձնանում է ոչ միայն նշված ժամանակաշրջանի երաժշտության յուրահատկություններով, բազմաթիվ արևմտաեվրոպական կոմպոզիտորների և դպրոցների ավանդույթներով, այլ նաև այն նվագարանային պաշարով, որը լայն կիրառում էր ստացել, և իր հերթին պայմանավորում էր զարգացման որոշակի ընթացք։

Կոմպոզիտոր, դաշնակահար, երգեհոնահար, երաժշտագետ, Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Հովհաննես Մանուկյանը նախաձեռնել էր բարոկկո երաժշտության յուրօրինակ, «Բախյան» համերգային ծրագիր։

«Յուրահատկությունը կայանում էր նրանում, որ նվագարանը, որի վրա պետք է նվագեի Բախի սոնատները, կլավեսինն էր։ Մինչև վերջերս նմանատիպ համերգներ հաճախ չէին կազմակերպվում, քանի որ գոյություն ունեցող սպինետ նվագարանը, ըստ էության, «կաբինետային» նվագարան է, ունի մեկ ստեղնաշար և բավականի ցածր ձայն։

Այժմ Հայաստանում կա իսկական, երկու ստեղնաշարով կլավեսին, ինչը խթանել է բազմաթիվ երաժիշտ-կատարողների՝ կլավեսինային նվագացանկով հանդես գալու ցանկությունը։

Կլավեսինը, ստեղնա-լարային կսմիթավոր երաժշտական գործիք է՝ դաշնամուրի նախատիպերից։ Հայտնի է 16-րդ դարից։ Ստեղները սեղմելիս լարերը կսմիթահարվում են թռչունի փետուրներից պատրաստված ձողիկներով (հետագայում՝ կաշվե կնտնտոցով)։ Ձայնը գեղեցիկ է, բայց կտրտված, ոչ երգային։ Սկզբում ունեցել է քառանկյան, 17-րդ դարից՝ եռանկյան տեսք։ Ձայնածավալը 4-5 օկտավա է։ Գոյություն ունեն մի քանի տարատեսակներ (այդ թվում՝ կլավիցիտերիում, որն ունի ուղղաձիգ իրան)։ Կլավեսինային երաժշտության նշանավոր հեղինակներն են Դ. Սկարլատին, Ժ. Ֆ. Ռամոն, Ֆ. Կուպերենը և ուրիշներ։

Հովհաննես Մանուկյանը, լինելով երգեհոնահար, քաջ ծանոթ է բարոկկո ժամանակաշրջանի գործիքային երաժշտությանը, հատկապես երկու ստեղնաշարերով նվագարաններին, որոնց թվում են երգեհոնն ու կլավեսինը։ Բազմիցս երգեհոնային երաժշտության համերգներ է նվագել, բայց կլավեսինային ծրագրով այս համերգը անդրանիկն էր նրա գործունեության մեջ։

Զրույցի ընթացքում երաժիշտը, անդրադառնում է կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրների, համերգասրահների հասանելիությանը և կլավեսինային երաժշտության կատարողական արվեստի առանձնահատկություններին։

Back to top button