ԿարևորՄիջազգային

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը չեղարկվել է՝ մայիսի 1-ին օրենսդիր մարմնի շենք ներխուժելու ցուցարարների փորձի պատճառով

Վրաստանի խորհրդարանի աշխատակազմը որոշել է չեղարկել հինգշաբթի օրը նախատեսված լիագումար և բյուրոյի նիստերը՝ մայիսի 1-ին օրենսդիր մարմնի շենք ցուցարարների ներխուժելու փորձի պատճառով, ասվում է խորհրդարանի հայտարարության մեջ։

«Մայիսի 1-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների Վրաստանի խորհրդարանի շենքի վրա հարձակվելու հետևանքով վնասվել են խորհրդարանի շենքը և ենթակառուցվածքները, հետևաբար, այսօր՝ մայիսի 2-ին, խորհրդարանոում նախատեսված միջոցառումները (բյուրո և լիագումար նիստ) չեն կայանա»,- ասված է հայտարարության մեջ։

Օրենսդիրը պարզաբանել է, որ չորեքշաբթի օրը ներդրված անվտանգության կարմիր մակարդակը կգործի մինչև տեղական ժամանակով ժամը 14:00-ը:

Վրաստանի խորհրդարանը չորեքշաբթի երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որին դեմ են արտահայտվել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները։
Նրանք դա խոչընդոտ են համարում Վրաստանի ինտեգրմանը ԵՄ-ին։ Ապրիլի 15-ից ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները Թբիլիսիում ցույցեր են անցկացնում օրինագծի դեմ։

Ապրիլի սկզբին «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայտարարեց օրինագիծը խորհրդարան կրկին ներկայացնելու իր որոշման մասին։ Սա տեղի է ունենում մեկ տարի անց, երբ նմանատիպ նախաձեռնությունը հանգեցրեց զանգվածային բողոքի ցույցերի՝ ստիպելով իշխանություններին հրաժարվել օրինագծից: Օրինագծի տեքստը մնում է նույնը, ինչ նախորդ տարի, բացառությամբ «օտարերկրյա ազդեցության գործակալ» եզրույթի։ Փոխարենը կիրառվել է «օտար տերության շահերը հետապնդող կազմակերպություն» հասկացությունը։

Back to top button