ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Հեղաշրջման փորձի վախեր Էրդողանը միշտ էլ ունի․ թուրքագետ

Ավելի քան 50 հազար ձերբակալվածներ ու խուզարկություններ ոստիկանության աշխատակիցների տներում․ թուրքական լրատվամիջոցները Թուրքիայում հեղաշրջման փորձի մասին են գրում։ Փորձագետների մի մասը վստահեցնում է, որ Թուրքիայում արդեն սկսվել է իշխանափոխությունը, բայց թե որքան կտևի այն, դեռ դժվար է ասել։

Հեղաշրջման մասին տեղեկություններ, հրատապ նիստեր, խուզարկություններ բարձրաստիճան ոստիկանների տներում, աշխատանքից ազատման մասին հաղորդագրություններ ու ձերբակալություններ․․․

Թուրքիայում անհանգիստ է, նախագահ Էրդողանը՝ առավել ևս։ Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը հստակեցնում է՝ կարելի է համարել, որ Թուրքիայում արդեն սկսվել է իշխանափոխությունը։

«Հեղաշրջման փորձի վախերը միշտ առկա են Էրղոդանի մոտ, քանի որ նաև պաշտոնական տեղեկատվությամբ Ֆեթուլահ Գյուլենի ցանցը միշտ աշխատում է այդ ուղղությամբ, այսինքն, արևմտյան հատուկ ծառայությունները աշխատում են այդ ուղղությամբ, որ հեղաշրջում անեն։ Նույնիսկ չի թաքցվում, որ շեշտը դրվում է բանակի վրա, այսինքն, չի թքցվում, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջում է նախապատրաստվում։ Հիմա էլ է իշխանափոխություն տեղի ունենում, Արևմուտքի պահանջով Էրդողանն իր գրասենյակից հեռացնում է ռուսամետ, իրանամետ, չինամետ մարդկանց և նշանակում է արևմտամետ մարդկանց, սա նշանակում է, որ իրականում Էրդողանը արդեն ժառանգություն է գրում և իր իշխանությունը կտակում է Արևմուտքին»։

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի համոզմամբ, սակայն, վերջերս՝ մեկ ու կես ամիս առաջ Ստամբուլում կայացած ընտրությունները ցուց տվեցին, որ Էրդողանի դիրքերը թուլացել են, և այսօրվա իշխանական գործողությունները Էրդողանի դիրքերը ամրապնդելու նպատակ ունեն․ «Ենթադրում եմ, որ հերթական անգամ իր քաղաքական ընդդիմադիրներին շարքից հանելու նպատակով են նման լուրեր տարածվում, բռնությունները արդարացնելու միջոց է սա։ Իրականում կասկածում եմ, թե նման հեղաշրջում է նախապատրաստվում երկրում, սա ընդդիմությանը քաղաքական ասպարեզից հանելու միջոց է»։

Բանն այն է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը շտապ նախագահական նստավայր է կանչել երկրի Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընին և Արդարադատության նախարար Յըլմազ Թունչին, հրատապ քննարկելու Թուրքիայի ուժային համակարգի վերին օղակներում ձևավորվող հեղաշրջում սկսելու մասին տեղեկությունները: Թուրքական լրատվամիջոցները ակտիվորեն լուրեր են տարածում, որ հնարավոր է՝ ռազմական հեղաշրջում իրականացվի Թուրքիայում:

«Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեվլևթ Բահչելին ևս ահազանգում է Թուրքիայում հնարավոր ռազմական հեղաշրջման մասին։ Ըստ նրա՝ խոսք կարող է լինել իշխանության դեմ դավադրության մասին, և չի կարելի բավարարվել միայն մի քանի ոստիկանների հեռացնելով։

Այս հաղորդագրություններից հետո Թուրքիայում մեծ իրարանցում է առաջացրել Անկարայի անվտանգության վարչությունում ոստիկանության մի շարք բարձրաստիճան աշխատակիցների հեռացումը, որոնք մեղադրվում են «Այհան Բորա Կապլան» կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ։ Այն Թուրքիայում հանցավոր կազմակերպություն է ճանաչված։ Ուժային կառույցների բարձրաստիճան աշխատակիցների տներում խուզարկություններ են սկսվել՝ նյութեր առգրավելու նպատակով, կան ձերբակալվածներ։

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի դիտարկմամբ, բնակչությունը Էրդողանից հիմնավոր մի շարք դժգոհություններ ունի՝ թուրքական տնտեսության տխուր վիճակ, լիրայի անկում, երկրաշարժի հետևանքներ․

«Էրդողանի մերձավոր շրջապատին անգամ դուր չի գալիս, որ նա ուզում է մերձենալ ՌԴ հետ։ Սա, իսկապես, թուրքերի դուրը չի գալիս, քանի որ թուրքերը պատմականորեն ռուսներին ընկալում են թշնամիներ։ Իսկ Էրդողանը փորձեց  նորություն մտցնել ու ցույց տալ, որ Թուրքիան կարող է լինելով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, կարող է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի հետ, բայց սա թուրքերի ծրագրերի մեջ չի մտնում, քանի որ թուրքերը իրենց բնույթով հակառուս են»։

Փորձագետները հստակեցնում են նաև, որ Թուրքիայում հնարավոր իշխանափոխությունը չի բերի իշխանության դիրքորոշման փոփոխություն Հայաստանի հետ հարաբերություններում։

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ տեղի ունեցավ 2016 թ-ին։ Դրա նախաձեռնության մեղադրանքի սլաքներն ուղղվեցին ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին։ Երկու հարյուր հազարի հասնող ձերբակալություններից հետո Էրդողանին հաջողվեց կանխել հեղաշրջումը 2016-ին, սակայն դա չի նշանակում, որ այս անգամ էլ կհաջողվի անել նույնը, ասում են փորձագետները։ Նրանք նշում են, որ Էրդողանը վերջին օրերին ավելի է աչքի ընկնում հակահրեականությամբ, մինչդեռ Թուրքիայում հրեական ազդեցությունը մեծ է բանակի վրա, իսկ հեղաշրջում Թուրքիայում իրականացնում է միայն բանակը և ոչ ժողովուրդը։

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյան․ «Այն, ինչ ներկայացնում է Էրդողանը՝ որպես Գազայի շահերի պաշտպան և ընդդեմ Իսրայելի է գործում, ինձ թվում է դա դերասանական խաղ է, քանի որ Թուրքիայի ու Իսրայելի ղեկավարությունը իրականության մեջ լավ էլ սերտ կապի մեջ են»։

Ասվածի վկայությունն, ըստ Մելքոնյանի այն է, որ Էրդողանը իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում Պաղեստինի ժողովրդին աջակցելու ոչ մի գործնական քայլ չարեց, բացի հոխորտալուց։

Back to top button