Սփյուռքի ձայնը

«Իմաստալից աշխարհ»–ը  օտարներին ծանոթացնում է հայկական հարցերին. «Սփյուռքի ձայնը»

«Իմաստալից աշխարհ» կամավորական կազմակերպությունը, որը հոգեբանական օգնություն է ցույց տալիս խնդրահարույց ու դժվար իրավիճակներում հայտնված երկրների ժողովուրդներին, արցախցիների տեղահանությունից հետո արդեն երկրորդ անգամ է գալիս Հայաստան:

Կազմակերպության տնօրեն, հոգեբան և Կոլումբիայի համալսարանի դասախոս Անի Քալայջյանը, որը ցեղասպանությունը վերապրածի ժառանգ է, նշում է, որ կազմակերպության հիմնադրման նախադրյալ է հանդիսացել ցեղասպանությունը վերապրածների հոգեբանական վիճակը, նրանց օգնություն ցույց տալը:

«Սկսեցինք բազմաթիվ փաստեր հավաքել, սակայն տեղի ունեցավ 1988-ի երկրաշարժը, և մենք խմբով եկանք Հայաստան: Այսպես մեր կապը սկսվեց Հայաստանի հետ: Խնդիրները ձևափոխվում են, սակայն չեն վերանում: Մեր վերջին երկու հանդիպումները տեղահանված արցախցիների հետ են, որոնք բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում», — ասում է Անին:

Կազմակերությունն այս անգամ ևս նպատակ ունի համաշխարհային հանրությանը ներկայացնել արցախցիների հանդեպ Ադրբեջանի իրագործած ցեղասպան գործղությունները: «Մենք նախապես որոշել էինք հարյուրից ավելի հարցազրույցներ անել արցախցիների հետ, սակայն միայն 25 հարցազրույց կարողացանք իրականացնել, քանի որ ցավի ու խնդրի մասին խոսելը շատերի համար բարդ էր», — ասում է:

Անի Քալայջյանը, որը նաև Կոլումբիայի համալսարանի դասախոս է, նկատում է, որ իր բազմաթիվ դասախոսությունների ու հանդիպումների ընթացքում փորձել է խոսել հայկական հարցերի մասին, սակայն օտարներից շատերը անտեղյակ են եղել թե՛ Արցախի, թե՛ ցեղասպանության մասին:

«Մեր զեկույցները նախատեսված են ՄԱԿ-ին ներկայացնելու, ինչպես նաև մեծ համալսարանների արխիվներում պահելու համար: Եվ նրանք, ովքեր կուսումնասիրեն Հայաստանն ու հայկական հարցերը, կարող են օգտվել մեր ներկայացրած փաստերից», – նշում է Անին։

Back to top button