
Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացում կողմերն արդեն ունեն առաջին ստորագրված փաստաթուղթը։ Երկու կողմերի հանձնաժողովները ապրիլի 19-ից հետո կարողացան համաձայնեցնել մոտեցումները Տավուշի սահմանային հատվածների վերաբերյալ և ինչպես նախանշել էին՝ մայիսի 15-ին ստորագրել այդ գործընթացը նկարագրող արձանագրությունը։
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումից հետո հայտնի է դարձել նաև նաև, թե որ քարտեզների հիմքով և ինչ սկզբունքներով է շարունակվելու գործընթացը։ Մայիսի 15-ին տեղի ունեցածը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «շատ կարևոր և էական հաջողություն» է որակում, Կիրանցի բնակիչներն ու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն այդ կարծիքին չեն։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը չհաջողվեց իրականացնել առաջին նպատակը՝ կասեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացը, որը շարժման անդամները միակողմանի զիջում էին համարում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվեց սահմանազատման առաջին փաստաթուղթը՝ Տավուշի հատվածում սահմանազատված հատվածների արձանագրություն-նկարագրությունը։ Վարչապետը փաստաթղթի ստորագրումը մեծ հաջողություն է համարում երկու պատճառով։
«Առաջինը՝ մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար: Երկրորդը՝ մեր հանրապետությունն անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որն այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլև ընդհանրապես՝ ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքովով»։

Կողմերը փաստաթուղթը ստորագրեցին իրենց իսկ սահմանած վերջնաժամկետի օրը՝ մայիսի 15–ին, չնայած Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել։ Վիճահարույց 3 կետերում խնդիրները սահմանված ժամկետում լուծել չի հաջողվել․ նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարց է առաջանալու։ Ճանապարհի տեղափոխման խնդիրը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաեւ Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար:
Վարչապետի խոսքով՝ բնակիչների խնդիրների լուծման ուղղությամբ աշխատելու են, առաջացած խնդիրները կառավարությունն իրենն է համարում, ոչ թե առանձին քաղաքացիներինը։ Մինչդեռ հենց Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման հրապարակված արդյունքներից, ի նշան բողոքի՝ փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Կիրանցում նորից ոստիկական ուժեր են կուտակվում։
Կառավարությունից գյուղացիներին տեղեկացրել են, որ պատրաստ են Իջևանում հանդիպել ակտիվիստների հետ, սակայն բնակիչներին համար այդ տարբերակն ընդունելի չէ, չեն պատրաստվում հեռանալ գյուղից անգամ կառավարության անդամների հետ հանդիպման համար։ Կիրանցիները պահանջում են, որ կառավարության անդամներն իրենք ժամանեն գյուղ և հանդիպեն բոլոր բնակիչների հետ։
-57 մարդու վկայական, 2 մարդու տուն անցնում է Ադրբեջանին։ Իրենց հրապարակած քարտեզով ճանապարհն է անցնում, որը երբեք Ադրբեջանինը չի եղել։ Հիմա մենք փակել ենք ճանապարհը, որպեսզի բոլորը գան, մեր հարցերին պատասխան տան։
—Հիմա ինչ, պետք է ճանապարհը փակեք նո՞ր մարզպետի հետ հանդիպեք։
—Այո, որովհետև ինքը ուզում է առանց տեսախցիկների մեզ հետ խոսի։
—Դե փակեք, տեսնեմ ինչքա՞ն եք փակելու։
—Ճանապարհը մենք չենք փակել։ Բոլորս հասուն մարդիկ ենք։ Ճանապարհը փակել է մեր երկրի վարչապետը, կառավարությունը։ Կամուրջը տվել ենք՝ ճանապարհը փակ է։ Մեկ ամիս, երկու ամիս հետո փակենք, թե այսօր փակենք՝ փակ է։
—Եկեք հանդիպեք մարզպետի հետ։
—Ինքը թող գա մեզ մոտ։
—Կգա, բայց առանց ճանապարհը փակելու։ Իմաստ չեմ տեսնում։
—Չէ, ճանապարհը փակ է։ Կիրանց գյուղի շնչառությունը, Հայաստանի շնչառությունը փակել է այդ մարդը։
—Չի փակվել, այդպիսի բաներ մի ասեք։

Սրան զուգահեռ կառավարությունից պարզաբանում են, որ Կիրանցի համար ունեն նաև լավ լուր։ Մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին:
Թեև այդ ամենը սահմանված է ստորագրված փաստաթղթով, կառավարության պարզաբանումներին փողոցում հավաքված ընդդիմությունը չի վստահում․ շարունակում են պահանջել վարչապետի հրաժարականը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյան․
«Սրանով ՀՀ-ին վերջ դնելու առաջին քայլերն է կատարվում։ Ես չգիտեմ ինչ 25 հա մասին են խոսում։ Հիմա Ադրբեջանը մեզ 25 հա տարածք է տալի՞ս»։
—Ըստ կառավարության՝ այո։
—Ո՞նց է տալիս դա, որտե՞ղ է գրված, որ տալիս է։ Այդպիսի բան չկա, ծայրից ծայր խաբեություն է, որովհետև այդպիսի բան գոյություն չունի։ Մարդը 4 գյուղ իր հողերով տալիս է, դա ներկայացնում է որպես հաջողություն։ 50 կադաստրի վկայական այս պահին իմ ձեռքում կա։ Դա և՛ տներ են, և՛ այգիներ են, և՛ ֆերմաներ են, և՛ առևտրի կետեր են։ Կիրանց գյուղում մենակ։
Սահմանազատման աշխատանքների ընթացքում, ի դեպ, ամենաշատ խնդիրները առաջացան հենց Կիրանցում։ Բերքաբերում խնդիրներ չառաջացան, Բաղանիս-Ոսկեպար գյուղերի հատվածներում դրանք հնարավոր էին, բայց գործնականում չծագեցին։ Հայաստանի տարածքում են մնում Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Ոսկեպար-Բաղանիս հին ճանապարհը։ Ավելին՝ կառավարությունից պարզաբանում են, որ այդ ճանապարհի հատվածում, որտեղ կար «դիտակվող տեղամաս» ցուցանակը և որը անվտանգ չէր երթևեկության համար հատկապես լարված իրավիճակներում, այժմ՝ նոր իրողությունների և դե յուրե Հայաստանի տարածք ճանաչվելու պայմաններում, դառնում է լիովին անվտանգ։
Սահմանազատումը որոշ հատվածներում առանց խնդիրների, իսկ որոշ դեպքերում խնդիրներով է ուղեկցվում որդեգրած սկզբունքի պատճառով։ Վերարտադրելով Խորհրդային Միության վարչական սահմանները՝ կողմերը հստակ պայմանավորվել են՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է։ Վարչապետի խոսքով՝ այս սկզբունքը հեշտացնելու է հետագա աշխատանքը Հայաստան-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով։
«Որովհետև, եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ այս սկզբունքից շեղվելով մենք պետք է նոր սահմանագիծ ստեղծենք, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների ուղղակի հարատև աղբյուր։ Ես իհարկե, չեմ ուզում մենք գերագնահատենք տեղի ունեցածը, բայց չեմ էլ ուզում թերագնահատենք։ Հիմա մենք ստեղծում ենք ոչ միայն նախադեպ, այլև ստեղծում ենք սահմանազատման բանաձև, որը պետք է գործի սահմանազատման հետագա ամբողջ գործընթացի համար։ Սա նշանակում է,․ որ և՛ Ադրբեջանի, և՛ մեզ համար սահմանազատման գործընթացը դառնում է մաքսիմալ կանխատեսելի»։
Միևնույն ժամանակ վարչապետը չի բացառում, որ որոշ դեպքերում՝ փոխադարձ համաձայնության դեպքում, կարող են լինել կոնսենսուսային լուծումներ։
Այսպիսի սկզբունքով աշխատելու համաձայնություն ադրբեջանական կողմը տվել է մայիսի 15-ի հանդիպմանը՝ հաստատում է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Հանդիպման ընթացքում շարունակվել են քննարկումները կանոնակարգի հետ կապված։ Կարծես թե համաձայնություն կա, որ այս գործընթացում որդեգրած սկզբունքները արտացոլվելու են կանոնակարգի մեջ և նախագծի վրա աշխատանքները ինտենսիվ շարունակվելու են։ Նաև ուզում եմ վերահաստատել, որ ադրբեջանական կողմը նույնպես հակված է գործընթացը շարունակել նույն ձևաչափով, նույն ալգորիթմով, որը այս անգամ մենք կիրառեցինք»։

Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումից և առաջին փաստաթուղթը ստորագրելուց հետո հայտնի դարձավ նաև, որ աշխատանքներն իրականացվելու են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա, որոնք հերթապահության ընթացակարգ են անցել 1979 թվականին:
Խոսքը, ըստ էության, Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական հիմք ունեցող քարտեզի մասին է: «Հերթապահության ընթացակարգ» ձևակերպումը իրավական տերմինաբանություն է, ինչը նշանակում է, որ քարտեզագրության եւ գեոդեզիայի ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը 1979 թվականին ստուգել է քարտեզի ճշտությունը եւ իրավական հիմքերը: Այդ քարտեզներն օգտագործվել են մինչեւ Խորհրդային Միության փլուզման պահը:
Կառավարությունից հայտնում են նաև, որ Տավուշի սահմանազատված հատվածներում համաձայնեցված սահմանին առաջիկա 8-10 օրերի ընթացքում արդեն ծառայություն կիրականացնեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները։ Կիրանցի առավել զգայուն հատվածում դա կլինի ավելի ուշ։




