ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մշակութային կյանք արցախցիների համար. այց Սարդարապատի հուշահամալիր

Տեղահանվելուց հետո արցախցիների մի մասն այժմ ապրում է Արմավիրի մարզում: Սոցիալական խնդիրները ծանր են անդրադառնում հատկապես կանանց հոգեվիճակի վրա: Հոգեբանական տրավմաների հաղթահարման, ադապտացիայի, հույզերի կառավարման հետ կապված նրանց հետ աշխատում են հոգեբանները:

Օրեր առաջ «Երիտասարդական ավանագարդ» հասարակական կազմակերպությունը Խոյ և Արմավիր համայնքների արցախցի կանանց համար ճանաչողական այց էր նախաձեռնել Սարդարապատի հուշահամալիր:

Արցախցի մեր հայրենակիցները դեռ շարունակում են բախվել սոցիալական մի շարք խնդիրների, որոնցից առաջնայինը աշխատանքն է ու երկարատև վարձակալությամբ տրվող բնակարանը: Կարինե Դավթյանի 7 հոգանոց ընտանիքը ժամանակավորապես ապրում է Խոյ համայնքի Հայթաղ գյուղում: Մարտունու շրջանի Ճարտարից են տեղահանվել:

«Միայն սնունդ ենք ստացել ու չունենք ոչ մի տեխնիկա՝ սառնարան, լվացքի մեքենա, անկողնային պարագաներ, ոչ մի բան չունենք: Այդ տունը գույքով մի քիչ ապահովված է, օգտագործում ենք իրենց անկողնային պարագաները, մենք չունենք: Տան պատերին սվաղ չկա, նորմալ չի, երկու սենյակում ապրում ենք 6-7 հոգով և 50 000 դրամ վարձ ենք վճարում»:

Կարինեի ընտանիքը հիմա կանգնել է նոր տան փնտրտուքի առջև. երկրից բացակայող տանտերերն ամռանը վերադառնալու են.

«Այսօրվա դրությամբ էլ հանում են: Տանտերն ասում է՝ ամռանը գալու են այստեղ ապրեն: Չգիտենք էլ, թե ուր ենք գնալու, ոչ մի բան չունենք, դրա համար եմ ասում, որ այս տնից էլ դուրս գանք, մեզ ոչ մի բան չունենք»:         

Կարինեի եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում, տեղահանվելուց հետո մայրն ապրում է իրենց հետ: Ասում է՝ ամուսինը վատառողջ է, ֆիզիկական աշխատանք չի կարողանում անել, բայց երբեմն ստիպված է լինում աշխատել շինարարությունում:

Տան հոգսը թեթևացնելու համար Կարինե Դավթյանը հիմա նոր մասնագիտություն է սովորում.

«Հիմա մատնահարդարում եմ սովորում, որ կարողանամ գոնե աշխատել: Երեք ամսվա սովորելու վարձը՝ 150 հազար դրամ, հովանավորն է տալիս, 100 հազար դրամ էլ նյութերի համար է վճարելու: Ես հիմա էլ կարող եմ աշխատել, եթե մի փոքր տարածք ունենամ: Ուղղակի հովանավոր է անհրաժեշտ, որ տարածքի վարձ տա, ես չեմ կարող վճարել»:

Սոցիալական դժվարությունների առաջ է կանգնել նաև Արևիկ Բաբյանի ընտանիքը: Մարտունու Բերդաշեն գյուղից են, հիմա ապրում են Արմավիր քաղաքում.

«Ամուսինս այստեղ դաշտերում է աշխատում, աղջիկս հիմա գործ է փնտրում, որ գոնե դասերից հետո մի բան աշխատի, որ կարողանանք դիմանալ: Բրյուսովի անվան պետական համալսարանում է սովորում: 19 տարեկանում նշանվել էր, պայթյունի ժամանակ փեսաս զոհվեց, իսկ 2020-ին՝ եղբայրս: Կյանքը մի քիչ դաժան է մեր նկատմամբ, ստիպված ուզում ենք մի բանից կառչել, որ կարողանանք ոտքի կանգնել»:

Հուսահատությունից ու ընկճվածությունից ձերբազատվելու հարցում Արցախից տեղահանված կանանց փորձում է օգնել Արմավիրի «Երիտասարդական ավանգարդ» հասարակական կազմակերպությունը, որտեղ նրանց հետ աշխատում են հոգեբանները:

Կազմակերպության ղեկավար Սուսաննա Մատինյան.

«Ունեցել ենք խմբային աշխատանքներ, թերապիաներ, որտեղ հոգեբանը մասնագիտական միջամտություն է իրականացրել նրանց հոգեբանական տրավմաների հաղթահարման, ադապտացիայի, հույզերի կառավարման հետ կապված»:

Ծառայությունն իրականացվում է երբեմն բնակավայրից դուրս: Կարևորվում է սոցիալականացման բաղադրիչը. շփումներն ու հաղորդակցությունը, մշակութային կյանքը: Խոյ և Արմավիր համայնքների արցախցի կանանց սոցիալական խնդիրներից գոնե մասնակի կտրելու համար կազմակերպությունը ճանաչողական այց էր կազմակերպել Սարդարապատի հուշահամալիր:

Կարինե Դավթյան. «2020թ.-ին, պատերազմի ժամանակ, երբ տեղահանվել ենք, 4 ամիս Էջմիածնում ենք մնացել ու միայն Էջմիածինը գիտեմ: Իսկ Սարդարապատի մասին միայն գրքերից գիտեմ, որ հուշարձանը կառուցել են՝ ի նշան ճակատամարտի հաղթանակի»:

Կարինեն Սարդարապատի հուշահամալիրի բարձունքից տեսնելով այգիները, հիշում է իրենց խաղողի այգին, որը մշակել են մինչև 44-օրյա պատերազմը:

«Գյուղում զբաղվել ենք հողագործությամբ, մեր խաղողի այգիներն ենք մշակել, բայց պատերազմից հետո չէինք կարողանում գնալ: Մեր հողերը մի քիչ ներքևում էին, դեպի թուրքերը: Բլոկադայի օրոք մարդիկ գյուղատնտեսական աշխատանքները լրիվ թողել էին, որովհետև թուրքը մոտեցել էր մեր սահմաններին, ովքեր հողագործությամբ էին զբաղվում, չէին կարողանում մոտենալ իրենց տարածքներին»:

Կարինեն պահը բաց չէր թողնում նկարահանելու հուշահամալիրի ամեն մի դետալը: Արևիկ Բաբայանը նույնպես տպավորված էր համալիրով ու թանգարանային նմուշներով: Ասում է, որ Բերդաշենում էլ «Աղջկաբերդ» հուշարձան-թանգարան ունեին: Հիմա որոշել է ընտանիքով այցելել Սարդարապատ:

«Շատ հաճելի էր ու հետաքրքիր: Մեր գյուղում՝ Բերդաշենում էլ կա «Աղջկաբերդ» հուշակոթող. աղջիկ է սուրը ձեռքին, նվիրված է 1941թ պատերազմի զոհերի հիշատակին: Սարդարապատի հուշահամալիրն ինձ հետաքրքեց, կուզեմ մի անգամ էլ երեխաներիս բերել, իրենք էլ գան ու տեսնեն այս հետաքրքիր տարածքը: Մեր պատմությունն է, թող սովորեն»:

Սարդարապատ այցի ժամանակ Արևիկ Բաբայանը գտավ Սոս գյուղի իր ազգականին, որի մասին պատերազմից հետո տեղեկություն չուներ։ Այժմ նա ապրում է Խոյ համայնքի Արշալույս գյուղում:

Back to top button