Էկոսֆերա

Շուրջ 35 տուն տուժել է Ողջաբերդ գետի հենապատի փլուզումից, այժմ գույքագրման աշխատանքներ են իրականացվում․ «Էկոսֆերա»

Արեշ 50-րդ փողոցի մոտակայքում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը, ինչի հետևանքով հեղեղվել են մոտակա տները և փողոցները։ Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Նոր Արեշ 50-րդ փողոցում՝ Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո համայնքային կառույցների ու վարչական շրջանի համատեղ ուժերով իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ:

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը «Էկոսֆերա»-ին հայտնեց, որ խնդիրը կապված է ընթացող շինարարական աշխատանքների և հորդառատ անձրևների հետ։

«2022թ․-ի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվություն է տրվել, որպեսզի կառուցի հասարակական տարածք։ Հողը անձի սեփականությունն է։ Աշխատանքների ժամանակ Ողջաբերդ գետի հենապատի մասնակի փլուզում է լինում։ Այդ օրը փլուզում չի լինում։ Ողջաբերդը հորդառատ գետ չէ, բարակ է, բայց դրանից հետո սկսեցին հորդառատ անձրևները, որոնք նպաստեցին գետի վարարմանը։ Արդյունքում ՝ պատը փլուզվեց ու լցվեց հարակից տարածքները։ Ինչ վերաբերում է վարչական շրջանի աշխատանքներին, ապա ամեն օր տեխնիկա ենք ուղարկում, որպեսզի աջակցենք բնակիչներին, մաքրենք տները լցված տիղմը։ Սեփականատերը ևս աշխատանքներ է իրականացնում, կարծում եմ՝ մեկ ամսվա մեջ աշխատանքները կավարտվեն։ Կոմունալ բաժինն այժմ գույքագրում է անում, թե որքան է կազմում նյութական վնասը։ Այս աշխատանքները մոտ 10 օր կտևեն, քանի որ մոտ 35 տան մասին է խոսքը»,- ասաց Բալայանը։

Back to top button