Երաժշտական եռանկյունի

Կոմիտասի երգերի մշակումների ամբողջական անթոլոգիա. «Երաժշտական եռանկյունի»

Կոմիտասյան ժառանգությունը մեր ազգային աշխարհիկ և հոգևոր երաժշտության շտեմարանի հիմքն է։ Հատկապես գեղջկական երգերի մշակումները ձայնի և դաշնամուրի համար այն նմուշներն են, որոնք ներկայացնում են ժողովրդական ազգային երգը ակադեմիական սկզբունքներին համապատասխան, դարձնելով համաշխարհային երաժշտության անբաժանելի մաս։

Կոմիտասը մտահոգված էր այս խնդրով՝ ինչպես ներկայացնել հայկական ազգային երգն ու երաժշտությունը, դուրս բերել գեղջկական համատեքստից և հաղորդել բարձր ակադեմիական երաժշտությանը հարիր ձև, չկորցնելով ազգային մելոսին հատուկ բնույթն ու էությունը։

Մեզ հասած ժողովրդական 53 երգերի մշակումներով նա տալիս է խնդրի լուծումը, ցույց տալով ապագա կոմպոզիտորական սերունդներին ճիշտ մոտեցման և ստեղծագործական դրսևորումների հստակ ճանապարհը։

2024-ին Հանրային ռադիոյի տաղավարում ձայնագրված Կոմիտասյան երգերի ամբողջական անթոլոգիան արդեն հասանելի է լայն հասարակությանը երգչուհի Լուսինե Ազարյանի ստեղծագործական նախաձեռնության, նվիրումի ու անգնահատելի աշխատանքի շնորհիվ։

«Բազմաթիվ համերգային ծրագրեր կազմելուց, տարիների ընթացքում կատարել եմ շարքի բոլոր երգերը և մի պահ զգացի , որ հասունացել է նաև տաղավարային ձայնագրության անհրաժեշտությունը։ Հատկապես նկատի ունենալով այն, որ ամբողջությամբ Կոմիտասյան երգերի անթոլոգիան երբևէ չի ձայնագրվել։ Դիմեցի հանրային ռադիոյի ղեկավարությանը և մի քանի ամսում ի մի բերեցի աշխատանքը — 53 երգերի Կոմիտասի մշակումները ձայնագրվել, խմբագրվել և հասանելի են հանրային ռադիոյի կայքում յուրաքանչյուր հետաքրքրվողի համար» ասում է երգչուհին։

Վերջին հանգամանքը շատ կարևոր է, քանի որ համացանցային հարթակներում զանգվածային երաժշտության բազմաթիվ տեսակներ են ներկայացված, իսկ նորաստեղծ անթոլոգիայի համացանցային ներկայությունը ապահովվում է հանրային ռադիոյի հավաստի աղբյուրի առկայությամբ, տեսանելիությամբ ու մատչելիությամբ։  Նման նյութերի արխիվացումն ու հանրահռչակումը հանրային ռադիոյի գլխավոր գործառույթներից են և միտված են ազգային արժեքների պահպանմանն ու պրոպագանդային՝ մեդիա տարածքներում։

Լուսինե Ազարյանի հայրենանվեր և անաչառ ծառայությունը ազգային երաժշտությանը, նպատակային համերգային գործունեությունը, կրթության ոլորտում մեծ ավանդն ու  արհեստավարժությունը բարձր գնահատանքի են արժանի և շնորհակալությամբ են ընդունվում  մասնագիտական համայնքի և արվեստասեր հասարակությանը կողմից ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանյան երկրներում։ Մեր զրույցի ընթացքում անդրադարձել ենք հայաստանյան մշակութային մի շարք իրողությունների, կրթական համակարգի խնդիրներին և հասարակության գեղագիտական կողմնորոշումների տարբեր դրսևորումներին։

Անթոլոգիայի պաշտոնական շնորհանդեսը կկայանա հանրային ռադիոյի տաղավարում մայիսի 4-ին։

Back to top button