Երաժշտական եռանկյունի

Սոնա Գարգալոյան․ հայկական դասական երգարվեստի դեսպանը Կիպրոսում. «Երաժշտական եռանկյունի»

Օպերային երգչուհի, այսօր նաև մանկավարժ և երգիչների նոր սերնդի դաստիարակ Սոնա Գարգալոյանի հետ զրույցը սկսվեց հիշողություններից, որոնք գալիս են դեռ մանկությունից։

«Ինչքան ինձ հիշում եմ՝ միշտ ինքնարտահայտվել եմ երգով ու պարով։ Մանկուց մասնակցել եմ ամենատարբեր մանկական միջոցառումների, և իմ մուտքը երաժշտության, հատկապես երգարվեստի ասպարեզ, շատ բնական էր և տրամաբանված», — ասում է երգչուհին։

Դեռևս պատանեկան հասակում նա ուսանում էր Հայաստանի Երգչախմբային ընկերության ներքո գործող դպրոցում՝ ստանալով խորացված նախնական կրթություն, որը ներառում էր ոչ միայն վոկալի ուսուցում, այլև երաժշտական տեսության և խմբավարական պրակտիկայի հմտություններ։ Զուգահեռաբար երգում է «Առվակ» մանկական համույթում, ձայնագրվում ռադիոյում և հանդես գալիս հեռուստատեսությամբ։

17 տարեկանում ինքնուրույն որոշում է ընդունվել Երևանի պետական կոնսերվատորիա, փայլուն հանձնում ընդունելության քննությունները և ընդունվում միանգամից նախապատրաստական ֆակուլտետի երկրորդ կուրս՝ պրոֆեսոր Գոհար Գասպարյանի դասարան։

Սոնա Գարգալոյանն աշխարհահռչակ  օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի դասարանում ուսանելը համարում է երջանկություն։ Բեմի մեծ վարպետը փոխանցում էր իր սաներին ոչ միայն վոկալ արվեստին տիրապետելու հմտությունները, այլև միայն իրեն բնորոշ մարդկային որակներն ու իմաստությունը։

Դեռևս ուսման տարիներին նա համագործակցում է հնագույն երաժշտության  «Տաղարան»  անսամբլի, «Կաղանդ» անսամբլի և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Կոնսերվատորիան ավարտելուն պես Սոնա Գարգալոյանը տեղափոխվում է Հունաստան, հետո՝ Կիպրոս, որտեղ և սկսում է նրա ստեղծագործական կյանքի նոր փուլը՝ համերգային, հետագայում նաև մանկավարժական գործունեությունը։

Տասնյակ տարիների ընթացքում Սոնա Գարգալոյանը Հունաստանում և Կիպրոսում կազմակերպում է համերգներ և ելույթներ՝ ներկայացնելով եվրոպական և հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Հյուրախաղերով հանդես է գալիս Գերմանիայում, Ֆրանսիայում, Մալթայում, Իտալիայում, Միացյալ Թագավորությունում, Ռուսաստանում։

«Յուրաքանչյուր համերգային ծրագիր կազմելիս աշխատում եմ ներառել հայ կոմպոզիտորների, հատկապես Կոմիտասի ստեղծագործությունները, քանի որ հայկական երաժշտության հանրահռչակումը արտասահմանում նաև իմ առաքելությունն է», — շարունակում է երգչուհին։

Մանկավարժությունը Սոնա Գարգալոյանի գործունեության անբաժանելի մասն է կազմում։ 25 տարվա փորձառության վերջին 10 տարիներին դասավանդում է համալսարանում՝ փոխանցելով Գոհար Գասպարյանի կատարողական դպրոցի գաղտնիքները երիտասարդ սերնդի մենակատարներին։

Back to top button