Երաժշտական եռանկյունի

Ռոդ Այլենդի Հայկական Երաժշտական Փառատոնը. «Երաժշտական եռանկյունի»

Շատ չեն փառատոները, որոնց նպատակն է ներկայացնել և հանրահռչակել հայկական արվեստը արտասահմանում։ Օրինակները շատ չեն և հենց դրանով է կարևորվում Ռոդ Այլենդի Հայկական Երաժշտական Փառատոնն ԱՄՆ-ում։ Այն ունի հարուստ պատմություն, և դրա մի քանի պատմական և մերօրյա դրվագների մասին  պատմում է ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը։

«The Armenian Music Festival of Rhode Island, Inc.» / Ռոդ Այլենդի Հայկական Երաժշտական Փառատոնը հիմնադրվել է 1997 թվականին՝ նպատակ ունենալով ներկայացնել և հանրահռչակել հայկական երաժշտական արվեստը Միացյալ Նահանգներում։

Գործունեության 27 տարիների ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ երաժշտական միջոցառումներ, փառատոներ, որոնցից առավել նշանակալից են.

Փրովիդենսի Առաջին Հայկական երաժշտական փառատոնը` մասնակցությամբ Ռոդ Այլենդ նահանգի ֆիլհարմոնիկ նվագախմբի, աշխարհահռչակ երգչուհի, Մետրոպոլիտեն Օպերայի աստղ Լիլի Չուգասզյանի, երգիչներ Էլլադա Չախոյանի և Ռազմիկ Պապյանի՝ Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի համերգային կատարմամբ, դիրիժոր, կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի ղեկավարությամբ 1997 թ։

Հայկական երաժշտության փառատոն 1998-ին`Մետրոպոլիտեն օպերային թատրոնի աստղ Լուսին Ամարայի, հանրահայտ հայ երգիչներ Բարսեղ Թումանյանի, Տիգրան Լևոնյանի, Լևոն Քաթրջյանի, Կարո Նշանյանի, Պապին Պողոսյանի մասնակցությամբ։

Փառատոնը կազմակերպում է համերգներ, որոնց թվում են ամենամյա համերգներ՝ նվիրված Մեծ Եղեռնի հիշատակին (1998-2023), Հայոց Բանակի 20-ամյակին նվիրված հանդիսավոր համերգը և Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցությանը նվիրված համերգը Նյու Յորքի Լինքոլն Կենտրոնում 2012-ին (Թեքեյան միության հետ համատեղ), 2018-ին Փրովիդենսի Մայր Տաճարում համերգը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին` անվանի մենակատարների, «Բոստոնյան» վոկալ քառյակի և սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։

Փառատոնի կողմից (Բոստոնի Հայկական թանգարանի հետ համատեղ) 2014 թվականին կազմակերպվել են հայ անվանի կոմպոզիտորներ Ալեքսանդր Աճեմյանի և Խաչատուր Ավետիսյանի հեղինակային համերգները և Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնը (Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ)՝ Նյու Յորք, Բոստոն և Փրովիդենս քաղաքներում ։

Հայկական Երաժշտական փառատոնի հիմնադիր և նախագահ, կոմպոզիտոր, դիրիժոր Կոնստանտին Պետրոսյանի բազմամյա կազմակերպչական և հասարակական գործունեությունը բարձր գնահատականի է արժանացել ոչ միայն Հայաստանի կառավարության և Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի կողմից (կոչումներ, պետական և եկեղեցական շքանշաններ), այլև ԱՄՆ կառավարության կողմից արժանացել է Ռոդ Այլենդ նահանգի նահանգապետի և նահանգի սենատորի կողմից պատվավոր դիպլոմների և դեկլարացիաների՝ 1997, 2002, 2020 թթ․։

2022թ․-ին Ռոդ Այլենդի Հայկական Երաժշտական Փառատոնը Միացյալ Նահանգներում իր 25-ամյա գործունեության կապակցությամբ արժևորվել է հատուկ շնորհավորական դեկլարացիայով և պատվոգրով՝ Ռոդ Այլենդի Պետ. քարտուղարի կողմից։

««Վահան Արծրունու Դուետը» (Վահան Արծրունի՝ վոկալ, կիթառ և Նելլի Մանուկյան՝ ֆլեյտա), հրավիրվել էր մասնակցելու Կոմիտասի 155-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին Միացյալ Նահանգների 7 քաղաքներում՝ Փրովիդենս, Բոստոն, Նյու Յորք, Թրամբլ, Վաշինգտոն, Չիկագո և Ֆիլադելֆիա», — ասում է Նելլի Մանուկյանը։

Համերգները անցնում էին  «Երաժշտության պոեզիա» խորագրի ներքո և նպատակ ունեին ներկայացնել Վահան Արծրունու ստեղծագործությունը (երգեր գրված Կոմիտասի, Ռազմիկ Դավոյանի, իր բանաստեղծությունների հիման վրա, ինչպես նաև Մեսրոպ Մաշտոցի շարականների մշակումները) և կատարողական արվեստը,  ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանի և «Նաիրյան Զանգակներ» Bell Choir համույթի (Չիկագոյում) նվագակցությամբ։

Միջոցառումները կազմակերպվել էին հայկական մշակութային կենտրոններում, հայկական եկեղեցիների և ամերիկյան մասնավոր համալսարանների սրահներում, հայկական և ամերիկյան մշակութային, կրոնական, երիտասարդական-ուսանողական համայնքների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ (Amaras Art Alliance, Armenian Cultural Foundation, Sahag and Mesrob Armenian Church Cultural Committee, Student Association at Northwestern University, Philadelphia Inter-Communal Committee, Urartu Armenian Association of RI)՝ նպատակ ունենալով ամրապնդել հայ-ամերիկյան մշակութային կապերը, նպաստել հայկական համայնքների բովանդակային և մշակութային ընթացքների խթանմանը և ներկայացնել ժամանակակից հայ կոմպոզիտոր և երգիչ Վահան Արծրունու  կատարողական արվեստը Ամերիկայում։

Համերգներից բացի տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ և մշակութային քննարկումներ հայկական համայնքներում, միջոցառումները լուսաբանվել են հայ և ամերիկյան մամուլի և հեռուստատեսության կողմից՝ ստանալով նաև մեծ արձագանք համացանցային հանրային հարթակներում։

Back to top button