Երաժշտական եռանկյունի

Տելեմանի երաժշտությունը` երևանյան բեմում. «Երաժշտական եռանկյունի»

Ֆլեյտահար, «Կա Վե Արտ» անսամբլի հիմնադիր, բազմաթիվ համերգային նախագծերի նախաձեռնող և մասնակից, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահարների կոնցերտմայստեր Նարեկ Ավագյանը մշտապես հարստացնում է Հայաստանում հնչող երաժշտության գունապնակը սեփական կատարումներով և նախաձեռնություններով։

Գարնանը մեկնարկած «Բարոկկո երաժշտության համերգաշարի» անդրանիկ «Գույնը՝ բարոկ» համերգային նախագծից հետո, հաշված շաբաթներ անց՝ ապրիլի 26-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում հանդիսատեսին ներկայացվեց «Տելեմանիա» համերգային ծրագիրը։

«Բարոկկո երաժշտությունը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է ոչ միայն այն պատճառով, որ Շվեյցարիայում ուսմանս տարիներին մասնագիտացել եմ այդ ժամանակաշրջանի երաժշտության ոլորտում, այլ նաև պարզապես սիրում եմ այն։ Երրորդ հանգամանքն այն է, որ ոչ՛ վերածննդի, ոչ՛ էլ բարոկկո երաժշտությունը գրեթե չի կատարվում Հայաստանում այն ծավալով, որը կտար ամբողջական պատկերացում այդ երաժշտության տեսակների մասին։ Ես նպատակ դրեցի գործընկերներիս հետ, հնարավորինս բազմազանեցնելով և՛ կոմպոզիտորների ընդգրկվածությունը, և՛ նրանց ստեղծագործությունների կատարումները, փակել այդ բացերը։ Այս անգամ որոշեցինք ներկայացնել Գեորգ Տելեմանի երաժշտությունը», — ասում է Նարեկ Ավագյանը։ 

Գեորգ Տելեմանը 18-րդ դարի խոշորագույն գերմանացի կոմպոզիտորներից է, գրել է մոտ 3000 ստեղծագործություն։

Աշխատել է տարբեր ժանրերում (մոտ 40 օպերա, բազմաթիվ հոգևոր կանտատներ, օրատորիաներ, պասսիոններ, մեսսաներ, նվագախմբային նախերգանքներ, սյուիտներ, կոնչերտո գրոսսոներ, ստեղծագործություններ կլավիրի, ջութակի համար, տրիո-սոնատներ և այլն)։ Լինելով Յոհան Սեբաստիան Բախի և Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի ժամանակակիցը՝ ազատ տիրապետել է պոլիֆոնիկ գրության տեխնիկային, յուրացրել ազգային մի շարք դպրոցների (հատկապես ֆրանսիական և լեհական) նվաճումները, մոտեցել իր ժամանակի համար նոր՝ հոմոֆոն-հարմոնիկ գրությանը։

Զբաղեցրել է կարևոր պաշտոններ, ունի մեծ ներդրում կրթության ոլորտում, զբաղվել է հրատարակչական գործով՝ հսկայական ազդեցություն ունենալով եվրոպական երաժշտության վրա։ Կոմպոզիտորի նրա համբավը գերազանցել է Բախի համբավին, որն այդ ժամանակաշրջանում ավելի հայտնի էր որպես երգեհոնահար և կլավեսինահար։

Ի դեպ, Տելեմանը ընկերություն է արել և՛ Բախի, և՛ Հենդելի հետ։

«Կա Վե Արտ անսամբլը»,  ընդլայնելով կազմը, ներառելով նոր նվագարաններ՝ կլավեսին և այլն, հանդես է գալիս բազմաոճ համերգային ծրագրերով՝ ներկայացնելով տարբեր ժամանակաշրջանների երաժշտություն՝  բարոկկոյից մինչև ժամանակակից։ Նարեկ Ավագյանը և նրա նվագախումբը ծրագրում են շարունակել «Բարոկկո երաժշտության համերգաշարը» ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի մարզերում։ւջձփ

Back to top button