Երաժշտական եռանկյունի

Ֆրանց Շուբերտի «Ձմեռային ճամփորդություն» երգաշարը. «Երաժշտական եռանկյունի»

Դասական երգարվեստը, ձևավորվելով հարյուրամյակների ընթացքում, այսօր ներկայացված է հիմնականում օպերային և կամերային ձևաչափերով։ Սրանք աշխարհիկ երաժշտության խոշոր և փոքր ձևերը, կառուցվածքներն են, որոնք ունեն խիստ ազգային բնութագրություն։ Մենք տեսնում ենք այդ տարբերությունները՝ համեմատելով հայկական, ռուսական, ֆրանսիական և հատկապես գերմանական երգարվեստն ու տարբեր երկրների տարբեր ժամանակաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործությունները։ 

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի և երիտասարդ երգիչ Արամո Մամիկոնյանի հետ զրույցում անդրադառնում ենք Ֆրանց Շուբերտի բացառիկ գեղեցկության «Ձմեռային ճամփորդություն» երգաշարին։

«Գիտեք, Եվրոպայում մինչև օրս, երբ այս շարքը բեմից ներկայացնելու առիթներ են լինում, շուբերտյան երաժշտության սիրահարները նախապես ապահովում են իրենց ներկայությունը դահլիճում, ժամանելով անգամ հարևան երկրներից։ Կատարողական արվեստի իմաստով այն ծանր, բայց սքանչելի երգաշար է, որը պահանջում է վոկալ արվեստի բացառիկ մակարդակ», — ասում է աշխարհահռչակ երգչուհին։

Ֆրանց Շուբերտը ծնվել է 1797 թվականին։ Կյանքի օրոք նրա ճանաչումը սահմանափակված էր երկրպագուների ոչ մեծ շրջանակով՝ Վիեննայում, սակայն նրա աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը նկատելիորեն մեծացել է մահվանը հաջորդած տասնամյակում։ Ֆելիքս Մենդելսոնը, Ռոբերտ Շումանը, Ֆերենց Լիստը, Յոհաննես Բրամսը և 19-րդ դարի այլ կոմպոզիտորներ հայտնաբերել ու հրապարակել են նրա ստեղծագործությունները։ Ներկայումս Շուբերտը դասվում է դասական կոմպոզիտորների վերջին և ռոմանտիզմի վաղ շրջանի կոմպոզիտորների շարքը` հանդիսանալով 19-րդ դարասկզբի այն կոմպոզիտորներից, որոնց ստեղծագործություններն առավել հաճախ են կատարվում։

Լեդ (Lied) ժանրում Շուբերտն ունեցել է իր ամենամեծ ներդրումը։ Իր ավելի քան վեց հարյուր լեդերում նա բացահայտել ու ընդարձակել է ժանրի հնարավորությունները, ինչպես մինչ այդ ոչ մի կոմպոզիտոր չի արել։

Մինչև Շուբերտը լեդերը միտված էին կրկներգերի երաժշտությունը կայուն պահելուն և տեքստում բառերը չփոխելուն, ինչը բնորոշ է ժողովրդական ոճին. դա պայմանավորված էր ազգային ոգու բարձրացման ռոմանտիկ ալիքով։

Շուբերտի այդ ստեղծագործություններն աչքի են ընկնում իրենց դրամատիկ բովանդակությամբ, հարմոնիայի հեռանկարային կիրառմամբ և ստեղնաշարի խոսուն պատկերներով։  Նա գրել է երաժշտություն` օգտագործելով բազմաթիվ բանաստեղծների, իսկ ամենից ավելի` Գյոթեի, Ֆրիդրիխ Շիլլերի և Մայերհոֆերի տեքստերը։ Նա երգեր է գրել նաև Հայնրիխ Հայնեի, Ֆրիդրիխ Ռյուկերտի, Յոզեֆ ֆոն Այխենդորֆի և բազմաթիվ այլ բանաստեղծների տեքստերի հիման վրա։

Հատկապես առանձնանում են Շուբերտի երկու երգաշարերը` «Գեղեցիկ ջրաղացպանուհին» և «Ձմեռային ճամփորդություն»-ը, որոնք ստեղծվել են Վիլհելմ Մյուլլերի բանաստեղծությունների հիման վրա։ Այս ստեղծագործությունները նպաստել են ժանրի կայացմանը` ցույց տալով դրա հնարավորությունները երաժշտության, բանաստեղծության և նույնիսկ օպերային դրամայի տեսանկյունից։

«Ինձ համար, որպես երգչի, ժամանակակից երգիչներից Յոնաս Կաուֆմանի անզուգական կատարումը առավել մոտ է զգացմունքայնությամբ և դրամատիզմով։ «Ձմեռային ճամփորդությունը» վոկալ արվեստի և գերմանական լեդի բարձրակետն է, և ոչ բոլոր երգիչներն են կարողանում հաղթահարել այն», — հավելում է Արամո  Մամիկոնյանը, որը նույնպես կատարել է շարքը Հայաստանում և արտասահմանում։

Back to top button