ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կրթության նոր հնարավորություն․ կառավարությունը կօժանդակի բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին

Վերապատրաստվելու կամ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն՝ բարձրագույն կրթություն չունեցող, բայց հանրակրթական հաստատություններում աշխատանքը շարունակել ցանկացող ուսուցիչների համար։ Նոր ծրագրի մանրամասները Կառավարության նիստին ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Վերապատրաստման ծրագրին ներգրավվելու կամ բարձրագույն կրթություն ստանալու դիմում ներկայացնելու համար ոսուցիչներին եռամսյա ժամկետ կտրվի: Բուհ ընդունվածների առաջին կիսամյակի վարձը կփոխանցի Կառավարությունը։

«Հանրակրթության մասին» օրենքում 2011 թվականին կատարված փոփոխության համաձայն, սահմանվեց, որ ուսուցչի կրթական նվազագույն աստիճանը պետք է լինի բարձրագույնը: Այն ուսուցիչները, որոնք չէին համապատասխանում օրենքի պահանջներին, կարող էին շարունակել մասնագիտական գործունեությունը մինչև 2018-ի օգոստոսի 20-ը, իսկ հետո վերջնաժամկետը երկարացվեց մինչև 2023-ի օգոստոսի 20-ը: Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն ունեցել են շուրջ 12 տարի օրենքի պահանջն իրագործելու համար:

Թե ինչ արդյունքներ են արձանգրվել,ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է մանրամասնում։

«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել բարձրագույն կրթություն, համակարգում դեռևս շարունակում էր մնալ ավելի քան 1300 ուսուցիչ, որոնք բարձրագույն կրթություն չունեին, շարունակում էին դասավանդել, և օրենքի պահանջի համաձայն՝ 2023 թվականի օգոստոսի 20-ից պետք է դադարեցնեին ուսուցչական աշխատանքը»։

2021-ից ներդրվեց կամավոր ատեստավորման համակարգ, համաձայն որի՝ բաձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորման շեմը հաղթահարելու դեպքում կարող էին շարունակել աշխատանքը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախորդ տարի 894 ուսուցիչ է դիմել ծրագրին: Սակայն ատեստավորումը չանցած ուսուցիչներին թիվն ավելի մեծ է եղել, քան հաղթահարածներինը։

«Նրանցից 354-ը կամավոր ատեստավորման արդյունքներով համարվում են ատեստավորված, շարունակում են իրենց ուսուցչական գործունեությունը, և նաև բարձրացված վարձատրություն են ստանում, բայց մի քանի հարյուր ուսուցիչ օրենքի սահմանված պահանջին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են ուսուցչի գործունեությունը»։

Հենց նրանց համար է մշակվել այս ծրագիրը։ Կամավոր ատեստավորումը չանցած ուսուցիչները հնարավորություն ունեն կա՛մ բարձրագույն կրթություն ստանալու, կա՛մ ատեստավորման շեմը հաղթահարելու: Ատեստավորմանը նախապատրաստվելու համար պետության կողմից կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ։

Այսօրվա կրթության մակարդակն է որոշում, թե աշակերտը հասուն տարիքում բարեկեցության ինչ մակարդակում է լինելու՝ ընդգծում է կառավարության ղեկավարը։ Վարչապետի խոսքով՝ քաղաքականությունը ոչ թե ուսուցիչներին համակարգից  դուրս թողնելու, այլ նրանց ճիշտ ներգրավումն ապահովելու նպատակ ունի։

«Կարծում եմ, որ մենք բոլոր հանարվոր միջոցներով պետք է աջակցենք, որպեսզի նրանք կարողանան օգտվել ստեղծված հնարավորություններից, և նաև մենք մեր աշակերտների առաջ արդար լինենք ու երաշխավորենք նրանք պատշաճ կրթություն»։

Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպես են վճարվելու բուհեր ընդունվածների ուսման վարձերը, նախարարը պատասխանեց, որ ծրագրի հաստատումից հետո եռամսյա ժամկետ կտրվի դիմում ներկայացնելու համար։

«Դիմելու են բուհ, որտեղից ստացած տվյալներով առաջին կիսամյակի վարձը նրանց ընդունվելու պարագայում փոխանցվելու է, իսկ երկրորդ կիսամյակից սկսած՝ գործելու է ՄՈԳ-ի նվազագույն շեմ, այսինքն՝ ուշադրություն է դարձվելու առաջադիմությանը, որովհետև հետո մեր հարգելի քաղաքացիները պատրաստվում են ուսուցիչ աշխատել, և մենք չենք կարող առանց առաջադիմության գործոնը հաշվի առնելու շարունակել ուղղակի օժանդակություն ցուցաբերել»։

Այսպիսով, երկարամյա փորձ ունեցող, ոլորտին նվիրված, համակարգ վերադառնալ ցանկացող, սակայն օրենքի պահանջներին չհամապատասխանող ուսուցիչներին հնարավորություն կտրվի բարելավել սեփական կրթությունը, կխրախուսվի նրանց մասնագիտական  զարգացումը և միաժամանակ հնարավոր կլինի համալրել ուսուցչական առկա թափուր տեղերը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախնական վերլուծությունները ցույց են տվել, որ ավելի քան 150 ուսուցիչ ցանկություն է հայտնել բարձրագույն կրթություն ստանալու, իսկ շուրջ 500-ը՝ սմասնակցելու  վերապատրաստումներին։

Back to top button