ԿարևորՄիջազգային

Տնտեսական անկայունություն Վրաստանում. լարին արժեզրկվում է

Վրաստանյան զարգացումները, օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը երկրի տնտեսությունում աժիոտաժ են առաջացրել։

Լարին արժեզրկվում է, Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են։ Վրացի տնտեսագետները տխուր կանխատեսումներ են անում, նույնիսկ կարծում են՝ Ռուսաստանը շուտով ամեն ինչ կմենաշնորհի, այնպես ինչպես արել է Հայաստանում:

Վրաստանյան Deep Structural Reforms’ Center-ի ղեկավար Դավիթ Մաիսուրաձեն «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, սակայն, ամենավատ սցենարի մասին հասարակությունը դեռ պատկերացում չունի․ ըստ նրա, Ռուսաստանը հնարավորություն է ստանում Վրաստանում սնանկացած կառույցներ ու խոշոր ընկերություններ ձեռք բերել, այնպես ինչպես Հայաստանում է արել․ 

«Անհնար է շարժվել դեպի Եվրոպա, լինել Արևմուտքի մաս, երբ երկրիդ կարևորագույն ներուժը կառավարում է մի պետություն՝ Ռուսաստանը, որը դեմ է Եվրոպային և ՆԱՏՕ-ին։ Լինել Եվրոպայի մաս նշանակում է՝ տեղի բիզնեսը պետք է կառավարեն տեղացիները կամ եվրոպացի գործընկերները»։ 

Մաիսուրաձեի խոսքով՝ ներդրողներն արդեն սկսել են տատանվել, վստահորեն չեն նայում երկրում տիրող իրավիճակին։ Եւ այս ամենը, ըստ նրա, արագորեն կարող է ազդել ողջ տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի վրա, որի հետ Վրաստանը վերջին տարիներին ակտիվացրել է տնտեսական կապերը։

Վրաստանի տնտեսությունում իրավիճակը կտրուկ վատթարացել է «գործակալների մասին օրենքի» վերջին հաստատումից հետո՝ երկրում բողոքի ակցիաների ֆոնին։

Օրենքի ընդունումից հետո Արևմուտքից և ԱՄՆ-ից Վրաստանի իշխանության ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հայտարարություններ են հնչում։ Բացի այդ, նշվում է, որ Վրաստանի եվրաանդամակցության ուղին կխաթարվի, իսկ եվրոպական երկրների հետ վիզայի ազատ ռեժիմը հնարավոր է չեղարկվի։

Վրաստանի ազգային բանկի նախկին ղեկավար Գիորգի Քաթագիձե ասում է․ «Կրեմլի հետ գործընկերությունը, Ռուսաստանի ներկայությունն ամենուր կարող է միայն նման տնտեսական քաոս ստեղծել․ քաղաքացիների դեմ բիրտ ուժի կիրառում, երկրից արտագաղթ, անկայուն տնտեսություն և մենաշնորհ․ սա է սպասվում Վրաստանին»։ 

Ֆինանսագետի խոսքով՝ ներդրումները կանգնում են, որովհետև օտարերկրյա գործարարը չի ուզում գումար ծախսել այն երկրում, որի իշխանության անդամները պատժամիջոցների տակ են հայտնվելու։

Վրացի փորձագետի կանխատեսմամբ՝ երկրում տնտեսական վիճակն էլ ավելի է վատթարանալու, իսկ տևական ժամանակ ազգային արժույթի կայունությունը մտնելու է քաոսային փուլ։

Back to top button