Երաժշտական եռանկյունի

«1900+» երաժշտական նախագծի 15-ամյակը. «Երաժշտական եռանկյունի»

Հաղորդման հյուրերի՝ «1900+» համերգային նախագծի հիմնադիրներ, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ  Հայկ Մելիքյանի և պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանի հետ զրուցեցինք նախաձեռնության հայեցակարգի, անցած ճանապարհի և հոբելյանական համերգի մասին։

ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը ժամանակակից կատարողական արվեստի առավել հետևողական ներկայացուցիչներից է, որը համաշխարհային ամենաբարձր համերգային հարթակներում ներկայացնում է ոչ միայն իր կատարողական արվեստը, այլ նաև հանրահռչակում հայկական դասական և ակադեմիական դաշնամուրային երաժշտությունը։ Նա պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի տարբեր բեմերում, անցկացնում վարպետաց դասեր, ունենում հյուրախաղեր արտերկրում։

«2009 թվականին ծնվեց «1900+» նախագծի գաղափարը, այն է՝ թեմատիկ համերգներով ներկայացնել տարբեր ազգային ակադեմիական դաշնամուրային ստեղծագործություններ, հնչեցնելով 20-րդ դարի (և հետագայում 21-րդ դարասկզբի) հայտնի և Հայաստանում չկատարվող կոմպոզիտորների ստեղծագործությունները», — կիսվում է դաշնակահար Հայկ Մելիքյանը։

Այլ կերպ ասած՝ «1900+» նախագիծը նպատակ ունի ներկայացնել 20-րդ դարի ակադեմիական երաժշտության ազգային տեսակները, այլ թվում ժամանակակից առաջադեմ կոմպոզիտորների այն ստեղծագործությունները, որոնք երբևէ չեն հնչել հայաստանյան բեմերից։

«Մեր մտահղացմամբ կազմակերպչական աշխատանքներում ներգրավվեցին տարբեր պետությունների՝ Հայաստանում գործող դեսպանատների մշակութային ատյանները։ Նրանց օգնությամբ և հաճախ ուղղորդությամբ կազմվում էին համերգային ծրագրերը, ընտրվում կոմպոզիտորները և նրանց ստեղծագործությունները։ Այդ առումով «1900+» նախագիծը ոչ միայն գեղագիտական նպատակին է ծառայում, այլև կարևորվում է որպես միջպետական և միջազգային մշակութային կամուրջ», — հավելում է նախագծի պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը։

Անցած 15 տարիների ընթացքում կազմակերպվել են շուրջ 20 համերգներ ամենատարբեր համերգային հարթակներում։ Ներկայացվել է 20-րդ դարի ռուսական, ճապոնական, շվեյցարական, լեհական, ֆրանսիական, գերմանական, չեխական, բալթյան պետությունների, ֆիննական, իտալական, արգենտինյան, բրազիլական, ամերիկյան, ուկրաինական և այլ երկրների դաշնամուրային երաժշտությունը։

Եվ ահա, որոշվեց ծրագրի 15-ամյակը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նշել հանդիսավոր համերգով, որն ընդգրկեց անցած 100-ամյակի և 21-րդ դարասկզբի բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Հնչեցին Կոմիտասի, Բաբաջանյանի, Միրզոյանի, Սարյանի, Հովհաննիսյանի, Դելլալյանի, Կոկչյանի և Հայկ Մելիքյանի դաշնամուրային ստեղծագործությունները։

Համերգի ավարտին ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանին ստեղծագործական գործունեության և մշակույթի ոլորտում մեծ ավանդի համար շնորհվեց ԿԳՄՍՆ Ոսկե մեդալը։

Back to top button