ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս վճարել ՃԵԿ խախտումների տուգանքը 50 տոկոսով․ կառավարությունը տարբերակ է առաջարկում

Տարեկան պետական բյուջեից 3 մլրդ դրամ է ծախսվում՝ Հայփոստի միջոցով ծանուցումներ ապահովելու համար։ Առաջին տեղում դատարանների, երկրորդում ճանապարհային ոստիկանության ծանուցումներն են։ Մնացած 1 մլրդ դրամը նույն նպատակով ծախսում են մնացած գերատեսչությունները։ Կառավարությունը որդեգրել է թվայնացման օրակարգ։ Գործադիրը «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններ է առաջարկում՝ խրախուսելով այն քաղաքացիներին, որոնք ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների մասին  ծանուցումներ ցանկանում են ստանալ էլեկտրոնային եղանակով։ Վարչապետն ընդհանուր ռազմավարության հետ համամիտ է, բայց դիտարկումներ ունի։

Քաղաքացին տուգանքի «մատերիալ» է, թե՞ ոչ․ հարցը կառավարության նիստում տվեց վարչապետն ու ինքն էլ պատասխանեց․

«Արձանագրում ենք՝ քաղաքացին մեզ համար տուգանքի «մատերիալ» չէ, մենք իր խախտումը չենք խրախուսում, բայց եթե շարունակում է խախտում անել, մենք ասում ենք՝ ՀՀ ճանապարհներով մեքենա պետք է չվարես»։

Հիշեցրեց՝ հարցը լուծելու համար ՃՈ–ում տուգանային միավորների համակարգ ներդրվեց։ Նախկինում քաղաքացին տուգանքը վճարում էր ու շարունակում էր մեքենա վարել։ Այս դեպքում արդեն այդպես չէ։

«Ինչո՞ւ էինք ասում քաղաքացին տուգանքի «մատերիալ» է։ Որովհետև պետությունն ասում էր՝ խախտում արա, տուգանքը վճարի, պետությանը եկամուտներ բեր։ Այժմ չի կարող այդպես վարվել։ Մեկ, երկու, երեք տուգանքի բալերը կկուտակվեն, կզրկվի մեքենա վարելու հնարավորությունից։ Իսկ եթե զրկված վարի, քրեական պատասխանատվություն է նախատեսված»։

Կառավարությունն առաջարկում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններ կատարել։ ՆԳՆ Վահե Ղազարյանի պարզաբանմամբ, բոլոր այն դեպքերում, երբ տեսանկարահանվող կամ լուսանկարահվող սարքերով ՃԵԿ խախտում է հայտնաբերվել, քաղաքացին գրանցվելով roadpolice.am ինտերնետային կայքում, ցանկանում է, որ խախտման մասին էլեկտրոնային փոստով ծանուցվի, ապա տուգանքը նշանակվում է սահմանված գումարից 5 տոկոսի չափով պակաս։

Բացի այդ, ևս մեկ խրախուսման նորմ է առաջարկվում․ սա վերաբերում է  ոչ միայն տեխնիկական միջոցներով, այլև ոստիկանության ծառայողի կողմից արձանագրված խախտումներին․

«Եթե վարչական ակտի հասցեատերը ծանուցվելուց հետո 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի առնվազն 50 տոկոսը, ապա տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված։ Ընդ որում, եթե որոշումը ծանուցվել է էլեկտրոնային եղանակով, ապա քաղաքացին օգտվում է նաև նախորդ կարգավորմամբ սահմանված տոկոսի արտոնությունից»։

Կառավարության ղեկավարը առաջարկին դեմ չէ, բայց որոշ փոփոխությունների անհրաժեշտություն տեսնում է։

«Ծանուցումները էլեկտրոնային տարբերակով ստանալու դեպքում զեղչը կարծում եմ պետք է լինի 30 տոկոս։ 15 օրվա ընթացքում վճարելու պարագայում՝ ևս 30 տոկոս։ Եթե հակասող, բացառող հանգամանք ի հայտ չկա, պետք է անենք կարգավորում, որ այն հասցեն, որը քաղաքացին police.am կայքում գրանցել է իր ծանուցումները ստանալու համար, այդ հասցեն համարվում է քաղաքացու պաշտոնական էլեկտորնային հասցե ու պետական բոլոր մարմինների բոլոր ծանուցումները կարող են ուղարկվել այդ հասցեով։ Քաղաքացին այդ դեպքում կարող է համարվել պաշտոնապես ծանուցված»։

Միայն պաշտոնական ծանուցումների վրա տարեկան 3 մլրդ դրամ է ծախսվում։

«Թվային ծանուցումները կանենք, որ պարկերով մակուլատուրա այստեղից այնտեղ տանելու գործառույթը վերանա։ 21–րդ դարն է, ամոթ է։ Միլիարդներ ենք ծախսում թուղթը պրինտ անելու, տանելու, մարդկանց հասցնելու, դռների արանքները մտցնելու համար, որը բացարձակապես 21–րդ դարի գործառույթ չէ»։

Դատարանների բեռնաթափման հարց նույնպես օրակարգում կա։ Առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ մի շարք գործեր, որոնք քննում է վարչական դատարանը,  նախագիծը ընդունելուց հետո քննել միայն ոստիկանության կողմից։

Back to top button