ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պարտադիր առողջապահական ապահովագրություն՝ Վրաստան մուտք գործելու համար․ օրենքը կգործի հունիսի 1-ից

Հունիսի 1-ից Վրաստան մտնող արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի և առողջության ապահովագրությունը, որն ապահովելու է զբոսաշրջիկի համար անհրաժեշտ բուժօգնությունը և դժբախտ պատահարներից ապահովագրումը:

Ցանկացած օտարերկրացի, որը կցանկանա մեկնել Վրաստան, անկախ այցի նպատակից, անպայման պետք է ունենա առողջապահական ապահովագրություն: Հակառակ դեպքում կիրառվելու է տուգանք։

Չնայած նրան, որ օրենքի կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, պաշտոնական ծանուցում դեռ չկա։ Սակայն մի շարք ապահովագրական ընկերություններ արդեն առաջարկներով են հանդես գալիս։

Վրաստան մուտք գործելու համար պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենալու մասին տեղեկությունները «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը ստացել է հենց հաճախորդներից։ Լուրը մամուլում հայտնվել էր օրերս, և քաղաքացիները զանգել, հետաքրքրվել են, սակայն ընկերությունը չի կարողացել կոնկրետ պաշոնական տվյալներ տրամադրել։

Ընկերության անհատական վաճառքների բաժնի պետ Սվետլանա Սիմոնյան

«Հաճախորդների զանգերի, այցերի միջոցով տեղեկացանք։ Նրանց հարցերին պատասխանելու համար փորձեցինք հասկանալ, թե ինչ տեղեկատվություն կա և սոցիալական հարթակներից տեղեկացանք, որ հունիսի 1-ից Վրաստան մուտք գործելու համար աջակցության, կամ որ նույնն է տուրիստական ապահովագրություն է անհրաժեշտ լինելու։ Քանի որ նախկինում մեր ընկերությունը աշխատել է Հայաստանում բոլոր դեսպանատների հետ և արդեն տրամադրել է նման ապահովագրություն, մենք պարաստ ենք տրամադրել նաև Վրաստանի տարածք մուտք գործելիս պահանջվող ապահովագրությունը»։

«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին օրնքում» փոփոխությունները Վրաստանի խորհրդարանն ընդունել է 2023-ի երջին։ Վրաստանի կառավարության պաշտոնական կայքէջում հրապարկված օրենքի նախագծում նշված է․

«2024 թվականի հունիսի 1-ից Վրաստան այցելող բոլոր այցելուների համար պարտադիր կդառնա կյանքի և առողջության ապահովագրությունը։ Պետությունը տուգանելու է բոլոր այն այցելուներին, ովքեր կցանկանան շրջանցել կանոնները և խախտել պաշտոնական ապահովագրության պահանջը։ Տուգանքը կկազմի 300 լարի (46 հազ․ դրամ՝ խմբ․)»։

Չնայած նրան, որ օրենքի կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, պաշտոնական ծանուցում դեռ չկա։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունից «Ռադիոլուրին» հայտնեցին, որ հարցի առնչությամբ մշտական կապի մեջ են Վրաստանի պատկան մարմինների հետ։ Պաշտոնական ծանուցում ստանալուց հետո կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն։

Այնուամենայնիվ, որոշ ապահովագրական ընկերություններ արդեն առաջարկներով են հանդես գալիս։ Փորձեցինք պարզել, թե որքան են վճարելու հունիսի 1-ից հետո Վրաստան մեկնողները կյանքի և առողջության ապահովագրության համար։ 10 օրվա համար ճամփորդական ապահովագրության գները տատանվում են 3700-4500 դրամի սահմաններում։ Ավելի երկար ժամկետով ապահովագրվելու դեպքում՝ սակագինն ավելի էժան է՝ նշում է «Արմենիա Ինշուրանս» ընկերության անհատական վաճառքների բաժնի պետ Սվետլանա Սիմոնյանը։

«3-15 օրվա դեպքում մեկ օրվա արժեքը 370 դրամ է։ Այսինքն՝ 10 օրվա համար ապահովագրական փաթեթի արժքը կկազմի 3700 դրամ։ Բայց, եթե օրերի քանակը ավելանում է, մեկ օրվա արժքը նվազում է։ Օրինակ՝ 16-30 օրվա դեպքում, յուրքանչյուր օրվա արժեքը 330 դրամ է»։

Կյանքի և առողջության ապահովագրությունը պարտադիր կլինի նաև Հայաստանում։ Կառավարության հավանությանն արժանացած «Առողջության համապարփակ ապահովագրության» համակարգը նախատեսվում է ներդնել փուլերով։ Բնակչության որոշ խմբերի ապահվագրությունը պետությունը ամբողջությամբ կսուբսիդարվորի։ Իսկ ահա Հայաստանում աշխատող կամ ինքնազբաղված ոչ ՀՀ քաղաքացիների համար ապահովագրությունը լինելու է պարտադիր։ Համակարգի ներդրման վերջին փուլը նախատեսվում է ավարտել 2027 թվականին։

Back to top button