
2024թ.-ի մայիսի 1-ից հայաստանյան խանութներում խմելու ջրի շշերի և տարաների վրա կհայտնվեն նոր դրոշմապիտակներ։ Մեր երկրում ԵԱՏՄ-ում նույնականացվող պիտակը ծխախոտային և ալկոհոլային արտադրանքին հայտնվել է անցած տարի։ Ջրի դեպքում, սակայն, սպառողները ոչ բոլոր շշերի վրա կնկատեն փոփոխությունը։ Պետեկամուտների կոմիտեն տնտեսվարողներին թույլ է տվել նախ սպառել հին դրոշմապիտակի խմբաքանակը։
Առևտրի կետերում գազավորված և ոչ գազավորված խմելու ջրի փաթեթների վրա կհայտնվեն «դատամատրիքս» կոդ պարունակող նոր դրոշմապիտակներ։ Դրանք կփոխարինեն 2014թ.-ից մոտ 20 ապրանքախմբի շուրջ 120 ապրանքատեսակի համար կիրառվող ակցիզային պիտակներին՝ պոլիմերային թաղանթի տեսքով «վերոկոդերին»։
Նոր կոդը համապատասխանում է ավտոմատ նույնականացման միջազգային GS1 ստանդարտին՝ նշում է Հայաստանում ազգային օպերատոր ընտրված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի» փոխտնօրեն Աննա Մուրադյանը։
«Արտաքնապես նման է QR-ին, բայց, շատ բարդ կոդ է, ամբողջ համակարգում հատի ճշտությամբ տեղեկատվություն է պարունակում։ Նոր ժամանակներում ամբողջ աշխարհում պոլիգրաֆիկ պաշտպանությունը փոխվում է թվային պաշտպանությամբ։ Երբ պաշտպանությունը գտնվում է թվային կոդի ներսում, թուղթը այլևս նշանակություն չունի։ Նոր կոդը կարելի է տպել սեփական կազմակերպությունում և կպցնել, կարելի է լազերային կերպով կպցնել»։
Ապրանքի և դրա շարժի մասին ավելի ծավալուն ինֆորմացիա պարունակող նոր դրոշմապիտակը հարկային մարմնից ու տնտեսվարողից զատ, օգտակար կլինի նաև սպառողին։ PlayMarket-ից և Apple Store-ից ներբեռնելով e-mark հավելվածը, գնորդն իր հեռախոսի միջոցով կարող է սքանավորելով ապրանքը, պարզել արտադրող երկրի, ընկերություն, ծավալի և բաղադրության մասին տեղեկատվություն՝ մանրամասնում է «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի» տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։
«Այս պահին պայմանական ապրանք եմ ցուցադրում, հիմա տեսնում ենք, որ տվյալ ապրանքն իրենից ներկայացնում է ջուր, ծածկագրի մասին տեղեկատվություն ենք տեսնում, թե արտադրողը ով է, և ամենակարևորը, որ դրոշմավորված ապրանք է և ենթակա է վաճառքի»։
e-mark հավելվածը հեշտացնում է նաև տնտեսվարողի գործը։ Դրանով ապրանքների մակնշումն արագ կազմակերպելու համար կարելի է դրոշմապիտակի կոդ պատվիրել առցանց։
Բուն դրոշմավորումը իրականացվում է 2 եղանակով՝ անմիջական, ինչպես ծխախոտագործներն են անում՝ հենց տուփի վրա լազերային դաջվածքով, ինչպես նաև թղթի վրա տպված կոդը ապրանքին փակցնելու միջոցով՝ ասում է կենտրոնի ղեկավարը։
«Մեր համակարգը հնարավորություն ունի օնլայն եղանակով աշխատել արտադրության համակարգի հետ։ Այսինքն, այդ հոսքագծերի համակարգն ինտեգրվում է մեր համակարգի հետ, պատվիրում է, այդ պահին ստանում է կոդը, իրականացնում մակնշում, օնլայն եղանակով մեզ գալիս է այդ մասին տեղեկատվություն, թե ինչ քանակ արտադրվեց։ Շուկա դուրս բերելուց ևս հնարավորություն են ստանում համակցման միջոցով մեզ հանձնել տեղեկատվություն, թե որ քանակն է շուկա դուրս գալիս, իսկ որ քանակը՝ պահեստավորվում»։

Շշալցնող ընկերություններից մեկի վաճառքի գծով ղեկավար Դավիթ Մարտիրոսյանը պատմում է՝ մակնշում են ջրի շշի յուրաքանչյուր միավորը, իսկ դրանց ամբողջական բլոկի վրա փակցնում դրանց բոլորի կոդերով պիտակ։ Հավելյալ պիտակավորումը տնտեսվարողի համար կհեշտացնի ապրանքների շարժին հետևելը։
«Դատամատրիքսները մեկը մյուսից տարբեր են։ Հետևաբար կարևոր է, որպեսզի դրանք հատ առ հատ ճշգրիտ կպցվեն յուրաքանչյուր միավոր ապրանքի վրա։ Մեր ընկերությունն արդեն իսկ կարողանում է դա ավտոմատ կերպով կազմակերպել։ Տեսեք, սրանք կապսուլաներ են, որոնք ավտոմատ կերպով փչվում են և ստանում շշի տեսք։ Հետո տեղի է ունենում շշալցումը, պիտակների ամրացումը, հետո հոսքագծի միջոցով ապրանքները շարժվում են առաջ և շատ արագ կպցվում են դատամատրիքս կոդերը»։
e-mark հավելվածը գործարկող կենտրոնից պարզաբանում են՝ «դատամատրիքս» կոդերի տարածումն ավելի շատ ապրանքախմբերի վրա ձեռնտու կլինի սպառողին։ Սքանավորման միջոցով ակնթարթորեն կպարզվի՝ ապրանքը բնօրինակ է, թե կեղծ։ Ապօրինի ծագում ունեցող ապրանքները կզրկվեն հայտնի ապրանքանիշի անունով ներկայանալուց՝ մանրամասնում է Աննա Մուրադյանը։

«Շատ երկրներում հագուստը մտած է, բայց մեզ մոտ հագուստի մակնշում անգամ «վեռո» կոդերով չկա։ Ճիշտ է, հեռու ապագայում է պլանավորվում, բայց, օրինակ բերեմ։ Բնականաբար, մենք Adidas մակնշումով կոդեր չենք տա ոչ Adidas ներկայացնող կազմակերպությանը, և այդպես ոչ օրիգինալ ապրանքը սպառողի համար հեշտությամբ կդառնա բացահայտելի»։
Զեղծարարների կողմից պատահական կոդեր գեներացնելը կենտրոնի մասնագետները բացառում են։ Ապրանքի յուրաքանչյուր միավորի ստեղծմանն ու շրջանառությանը հետևող համակարգը կբարելավի նաև հարկային վարչարարությունը։




