ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Թվային Ջուղան»՝ ստեղծարար հայերի համախմբման հարթակ

Orion ընկերությունը հայտարարել է Digital Julfa Network-ի կամ Թվային Ջուղա ցանցի գործարկման մասին, որը փորձելու  է մտավոր, տեխնոլոգիական, առևտրային ու մշակութային ներուժի համահայկական համախմբման հարթակ դառնալ։ Նպատակը  Նոր Ջուղայի օրինակով  նոր ցանց ստեղծելն է, որը կնպաստի աշխարհի տարբեր կետերում գտնվող հայ գործարարների համագործակցությանը։ Ցանցը գործելու է վիրտուալ իրականությունում։

Ստեղծել պայմաններ բարեկեցության և ազգային շահերի պաշտպանության համար․ Թվային Ջուղա ցանցի հիմքում այս երկու նպատակադրումներն են։ Նախաձեռնության հիմնադիրները ցանկանում են պատմական փորձը կիրառելի դարձնել այսօր՝ տեխնոլոգիական ժամանակակից լուծումներով։ Orion ընկերության համահիմնադիր Էմմա Առաքելյան․

«Ինչ գործ էլ անենք, ինչ բիզնես, կրթական օջախ, երաժշտություն, եկեղեցի էլ ստեղծենք կամ կառուցենք, պետք է կարողանանք դա անել երկու նպատակով։ Արդյո՞ք այն, ինչ  անում ենք,  ստեղծում է բարեկեցություն և ազգային պաշտպանողականություն»։

Նոր Ջուղան նախկին քաղաք, այժմ թաղամաս է Իրանի Սպահան քաղաքի կազմում։ Կարևոր կենտրոն է եղել իրանահայության համար 17-18-րդ դարերում, պատմական այն դեպքերից հետո, երբ շահ Աբասը Արևելյան Հայաստանից ու հարակից տարածքներից մոտ 300 000 հայեր տեղահանեց ու բնակեցրեց Իրանում։ Նոր Ջուղայի  հայ վաճառականները հասել են Ամստերդամից մինչև Մանիլա և Հոնկոնգ, ստեղծել ուժ՝ պետականության բացակայության պայմաններում։ Հայ առևտրականների միությունը կարողացել է 40-ից ավելի երկրներում ոչ թե ուղղակի առևտուր անել, այլև դրանցում առրևտրի կանոններ թելադրել։ Էմմա Առաքելյան․

«Նոր Ջուղան տնտեսական, գիտական, նորարարական և հայազգի մշակույթի ժառանգություն է,  ամեն ինչը միասին։  Նոր Ջուղան 300 տարի կարողացել է գոյատևել հայկական ընտանիքների ուժով, սերունդներ կրթել, որ իրենց բիզնեսը, հայկական պատմությունը և հայկական ազդեցությունը շարունակվի։ Կրթության նպատակն այնքան ուժեղ է եղել, որ գնել են Սուրբ Լազարոս կղզին և դպրոց հիմնադրել, որը մինչև օրս գոյությոն ունի»։

Նոր Ջուղայի հայկական ընտանիքների մեծ մասի սերունդներն այսօր աշխարհի տարբեր երկրներում են։ «Թվային Ջուղա» նախագծի հիմնադիրները ցանկանում են գտնել նրանց ու միավորել հայազգի գործարարների, գիտնականների և մշակութային գործիչների հետ։21-րդ դարում այդ միավորումը վիրտուալ իրականության տիրութում է լինելու՝ Fastexverse ընկերության համագործակցությամբ։ Fastexverse ընկերության ղեկավար Վահե Խաչատրյան․

«Նպատակը հետևյալն է․ Ջուղայի մասին բոլորը գիտեն, «Օրիոն» ընկերությունը նպատակ ունի «Թվային Ջուղա» ստեղծել  և միավորել  ամբողջ  աշխարհում սփռված հայկական բիզնեսները։ Մենք բազմաթիվ հայկական ընտանեկան բիզնեսներ ունենք, որոնք աշխարհի տարբեր երկրներում ճանաչում են վայելում։ Խնդիրը բոլորին մեկ հարթակում ներկայացնելն է»։

Հաջորդ տարի ապրիլին պատրաստ կլինի մետավերս Թվային Ջուղա հարթակը։ Այստեղ ներկայացված կլինեն աշխարհահռչակ հայկական բրենդները։ Արդեն իսկ ձևավորված փոքր համայնք կա՝ մոտ 50 հոգուց կազմված։ Հարթակում նոր ձևաչափով ներկայացված կլինի նաև Ջուղայի պատմությունը։ Վահե Խաչատրյան․

«Ստեղծում ենք ընդհանուր վիրտուալ տարածք՝ ֆուտուրիստիկ դիզայնով։ Հնարավորություն ենք տալիս մուտք գործել այնտեղ ու ծանոթանալ հայկական հայտնի բրենդներին։ Դրանք նույնպես  որոշակի մասնակցություն են ունենում այս ամենի մեջ։ Մենք տեխնոլոգիական գործընկերներ ենք, մեր տեխնոլոգիաներն օգտագործելով՝ փորձում ենք այդ բրենդները նոր ձևով մատուցել ամբողջ աշխարհին, միաժամանակ, հիշեցնելով Ջուղայի մասին և որ դրանք հայկական են»։

Նախագծի հեղինակների համոզմամբ՝ ստեղծարար մարդկանց ցանցի հաջող գործարկումը կհամախմբի տարբեր բնագավառներում գործող հայերին։ Իսկ սա նոր համագործակցություններ սկսելու  և արժեքներ ստեղծելու հիմք կդառնա, որը Հայաստանն այլ ռելսերի վրա կդնի՝ կարծում են նախագծի հեղինակները։

Կարդացեք նաև

Back to top button