ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Միջնորդներն ուղղորդում են գործընթացը, եթե անգամ չեն մասնակցում հայ-ադրբեջանական բանակցություններին․ փորձագետ

Վերջին օրերին ակտիվ են Ղազախստանում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա  հանդիպման մասին քննարկումները։ Ալմաթիում հանդիպելու առաջարկին Երևանն ու Բաքուն արդեն համաձայնել են, առայժմ հստակ չեն հանդիպման ժամկետները։  Թեև Աստանան հստակեցրել է՝  Ղազախստանն այս գործընթացում միջնորդի դեր չի ստանձնում, այլ բանակցային հարթակ է տրամադրում կողմերին, այդուհանդերձ վերլուծաբանները փորձում են հասկանալ՝ արևմտյա՞ն, թե՞ ռուսական հովանու տակ է ընթանալու ղազախական հանդիպումը։

Որքան էլ հայտարարվի, թե Երևանն ու Բաքուն առանց միջնորդների որոշ հարցերում համաձայնություններ են ձեռք բերում, պետք չէ անտեսել այդ համաձայնությունների չերևացող կողմը։  Դրանց հիմքում միջնորդների հետ համաձայնեցված մոտեցումներն են՝ «Ռադիոլուի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

«Որքան էլ խոսվում է առանց միջնորդների հանդիպման մասին, այնուամենայնիվ պետք է հասկանալ, որ եթե նույնիսկ Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-որ բան են պայմանավորվում և իրականացնում, օրինակ Տավուշում սահմանազատումը, մինչև այդ գերիների փոխանակումը տարեվերջին, միևնույն է, միջնորդների ներկայությունը նկատելի է։ Այնպես չէ, որ պետք է սեղանի շուրջ նստած լինեն այլ ուժեր, որ միջնորդությունը որպես այդպիսին համարվի կայացած։ Բոլորը խոսում են այն մասին, որ և Ադրբեջանը և Հայաստանը ուղիղ շփումների միջոցով հանաձայնությունների են հասնում, բայց այդ շփումների հիմքում այն պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել միջնորդների միջոցով, և միջնորդները վերահսկում են դրանցից  չշեղվելու գործընթացը»։

Ալիևի վերջին հայտարարություններից մեկի համաձայն՝ սահմանազատման և սահմանագծման մեկնարկի հարցում Երևանն ու Բաքուն համաձայնության կարողացել են հասնել առանց միջնորդների, ինչն, ըստ նրա, վկայում է, որ կողմերը միջնորդների կարիք չունեն։

Նա նաև նշել է, որ միջնորդներն առաջնորդվում են իրենց քաղաքական ու տնտեսական շահերով,  և ոչ թե կողմերին օգնելու ցանկությամբ։  Նրանց նպատակն, ըստ Ալիևի,  տարածաշրջանը բորբոքելն է և Հարավային Կովկաս մուտք գործելը։

Արդեն հստակ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել Ղազախստանում՝ Ալմաթիում առանց միջնորդների։ Թեև հանդիպման  օրը դեռ հստկեցված չէ, բայց արտաքին քաղաքական գերատեսչությունը հաստատել է, որ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հաջորդ հանդիպումը կկայանա Ղազախստանի Ալմաթի քաղաքում։ Ղազախստանի նախագահն էլ հայտարարել է, որ ողջունում է խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը։

Աստանան նաև հստակեցրել է՝  Ղազախստանն այս գործընթացում միջնորդի դեր չի ստանձնում, պարզապես հարթակ է տրամադրում կողմերին։

Եթե Ռոբերտ Ղևոնդյանը երկկողմ ձևաչափով հանդիպումներում, այնուամենայնիվ, տեսնում է միջնորդների ներկայությունը, ապա քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը խոսում է այդ ձևաչափի ռիսկերի մասին։

«Միջնորդը պետք է երկու կողմերի հետ էլ լավ հարաբերություններ ունենա, կարողանա նրանց նստեցնել սեղանի շուրջ, սուր հարցերը քննարկել, գտնել կոմպրոմիսներ և հարթել կոնֆլիկտային հարցերը։ Եթե չկա միջնորդ, նշանակում է, որ Ադրբեջանը, գտնվելով ավելի բարենպաստ դիրքերում, հնարավորինս ճնշելու է և փորձելու իր օգտին որոշումներ կայացնել»։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Ղազախստանում հանդիպումը նշանակում է հանդիպում ռուսական հարթակում։ Փորձագետների մյուս մասի համար այս պնդումն այնքան էլ ճշմարիտ չէ։

Հայկ Այվազյան․ «Հաստատ ռուսական չէ, որովհետև ռուսական հարթակը Մոսկվան է, եռակողմ պայամնավորվածությունները Ղազախստանի նախագահի միջնորդությամբ չեն եղել։ Ավելի շուտ այնտեղ ԱՄՆ-ն է, ի վերջո այդ երկիրը վերահսկում է Ղազախստանում կենսաբանական անվտանգության համակարգը»։

Ռոբերտ Ղևանդյանի կարծիքով՝ Ղազախստանում հանդիպան կազմակերպումը նպատակ ունի շեշտադրել բանակցությունների համար չեզոք երկիր ընտրելու մոտեցումը։

«Ես մի փոքր այլ կերպ եմ վերաբերվում Աստանայում հանդիպման գաղափարին, քանի որ չեզոք պետություն էր պետք՝ ցույց տալու համար բոլոր կենտրոններին, որ Հայաստանն ու Ադրբեջանը որևէ ուժային կենտրոն չեն նախընտրում, այլ ուղիղ բանակցություններ են վարում։ Գերմանիայում հանդիպումից հետո հավանաբար որոշվել է մեկ հանդիպում էլ կազմակերպել այնպիսի վայրում, որը նախկինում գտնվել է կամ այսօր էլ գտնվում է Ռուսաստանի ազդեցության գոտում՝ հաշվի առնելով Ղազախստանի գտնվելը ՀԱՊԿ-ում։ Ամենայն հավանականությամբ, սա որոշակի ռևերանս է Ռուսաստանի ուղղությամբ»։

Մինչ փորձագետնեը փորձում են հասկանալ՝ արևմտյա՞ն, թե՞ ռուսական հովանու տակ է ընթանալու ղազախական հանդիպումը,  ԱՄՆ-ն վերահաստատում է իր լավատեսությունը։  Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է և դրա ուղղությամբ Վաշինգտոնը շարունակում է աշխատել՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը, հստակեցնելով, որ պետքարտուղար Բլինքենն անձամբ է զբաղվում այս տարածաշրջանով և կանոնավոր շփումներ վարում  երկու երկրների ղեկավարների հետ։

Օրերս Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի ղեկավարի հետ, վերահաստատել ԱՄՆ աջակցությունը կայուն և արժանապատիվ խաղաղության պայմանագրի հասնելու ուղղությամբ աշխատանքներին։

Back to top button