Գերդաստաններ

Գլաձորի «վերջին աշակերտն» ու Նորավանքի նոր շունչը. Հովսեփյաններ. «Գերդաստաններ»

Վաստակաշատ շինարար-ճարտարագետ Արտաշես Հովսեփյանը հայտնի Թանահատ, Նորավանք, Վերնաշենի Սուրբ Հակոբ, Եղեգնաձորի Սուրբ Խաչ եկեղեցիների վերականգնողական աշխատանքների  ղեկավարն էր։ Նրա շնորհիվ ենք վայելում Նորավանքի գեղեցկությունը, նա մեր ժամանակների Մոմիկն էր։ Իսկ նրա դուստրը Երևանի պետական պատկերասրահի վերականգնող-նկարիչ Ամալյա Հովսեփյանն է, որը կործանումից փրկել է արվեստի շատ հայտնի նմուշներ։

Եղեգնաձորը հայտնի է իր հիասքանչ գյուղերով, գյուղերն էլ՝ իրենց եկեղեցիներով, ցողաթաթախ առավոտներով ու քնքուշ մայրամուտներով, ինչպես օրինակ՝ Գնիշիկը, որտեղ գեղատեսիլ բնության մեջ աշխատասեր մեղուները մարգագետիններից՝ շուրջ 800-ից ավել ծաղիկներից ու բույսերից, նեկտար էին քաղում։ Այս հրաշալի գյուղում ապրում էին նաև աշխատասեր մարդիկ, որոնք վերականգնում էին քարերի՝ դարերով ընդհատված շնչառությունը և վերակենդանացնում խոնարհված վանքերը։

Այդ մարդկանցից էր ճարտարապետական հուշարձանների փորձառու վերականգնող Արտաշես Հովսեփյանը։ Այս մարդու հետաքրքրությունն իր բնակավայրի, կիսաավեր եկեղեցիների ու պեղումների նկատմամբ նրան տարավ գաղտնիքներով լեցուն մի աշխարհ։ Եվ իր երազանքին հասնելու համար Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո,  Արտաշեսը եղբոր հետ ընդունվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ Լինելով բարձրակարգ մասնագետ՝ նա 1981 թվականին ներգրավվում է ՀԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի՝ հուշարձանների պահպանման և վերականգնման գլխավոր վարչությունում։ 1988 թվականին նշանակվում է նույն համակարգում գործող «Սիսական» տեղամասի պետ, մասնակցում Տաթևի վանքի  համալիրի առանձին հուշարձանների վերականգնմանը, Տաթև գյուղի ժամատան պեղումներին։ Այս տարիներին նա ղեկավարում էր նաև Թանահատի վանքի վերականգնման աշխատանքները՝ պատմում է դուստրը՝ Երևանի պետական պատկերասրահի  վերականգնող-նկարիչ Ամալյա Հովսեփյանը։

Արտաշես Հովսեփյանը պատվով կատարեց նաև դարերի ծանր լռության մեջ գտնվող  Գլաձորի համալսարանի վերականգնումը։ Իրավամբ նրան անվանեցին այդ համալսարանի «վերջին աշակերտը»։

1997 թվականին շահագործման է հանձնվում մոմիկակերտ Արենիի սբ․ Աստվածածինը, որը 14-րդ դարի կառույց էր, բնության հետ բացառիկ ներդաշնակության մեջ վեր խոյացող ձեռակերտ։ Գրեթե միաժամանակ Ամաղուի ձորում ընթանում էին Նորավանքի վերակառուցման աշխատանքները։ Արենիի եկեղեցու բացման արարողության ժամանակ վարպետը Գարեգին 1-ին կաթողիկոսին խոստացավ Նորավանքը հանձնել ուղիղ մեկ տարի հետո, բայց նրա անմնացորդ նվիրումի և բանվորների քրտնաջան աշխատանքի շնորհիվ իր խոստացած ժամանակից ավելի շուտ հառնեց Նորավանքի Բուրթելաշեն եկեղեցու հիասքանչ գմբեթը, որի խաչը օծվեց Կանադայի թեմի առաջնորդի օրհնանքով և 1987 թվականին վերակառուցված Սուրբ Կարապետի հետ միասին ժայռերի կրծքին ամբողջացավ Մոմիկ հանճարի գլուխգործոցներից ևս մեկը, որը պիտի հետո Սյունյաց թեմի նստավայրը դառնար։

Ամալյան պատմում է, որ Նորավանքի գմբեթի հետ կապված հետաքրքիր պատմություն կա. ինչու էր այն պահպանվել երկրաշարժից հետո, ինչպես գտնվեց և տեղադրվեց։

Մանկության տարիներից վարպետի դուստրը հոր հետ գնում էր աշխատավայր՝ հավաքում, տեսակավորում քարերը, նա տարբերում էր ֆիլզիտային տուֆի տեսակները, ճանաչում էր Լիպարիտ տեսակը, որի օգնությամբ վերականգնվեց Նորավանքը։ Ամալյան գտնում է, որ մարդու նախասիրությունները ձևավորվում են նաև ծնողների ազդեցությամբ։

Հետաքրքիր և արժեքավոր իրերի հետ աշխատանքը մեծ զգուշավորություն և պատասխանատվություն է պահանջում, և այդ  աշխատանքի գաղտնիքներին տիրապետում է Ամալյան։ Հավատարիմ մնալով բնօրինակին՝ նա Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժնում կարողանում է փրկել արվեստի եզակի գործեր։ Օրինակ՝ Ֆրեդերիկի «Հունձը» մեծածավալ կտավը, Հրաչյա Քոչարի գրաֆիկական աշխատանքները, չինական բարակ մետաքսների վրա արված աշխատանքները և վերջապես Փարաջանովի հայտնի հովանոցը, որն այնքան սիրում էր մեծ ռեժիսորը։

Դարեր է չկա Մոմիկը, և 29 տարի է չկա Արտաշես-Մոմիկը, սակայն կենդանի է Նորավանքը, մեր զարգացած միջնադարի ճարտարապետության կարապի երգը՝ սակավ տարածում ստացած, կրկնահարկ եկեղեցի-դամբարանների շարքի սքանչելագործությունը։

Back to top button