
Աշխատողների իրավունքների պաշտպանության հիմնական մեխանիզմներից մեկը կայացած արհմիությունների համակարգ ունենալն է։ Հենց այս կառույցներն են փորձում ներկայացնել կամ պաշտպանել աշխատողների իրավունքներն ու շահերը։ Արհմիությունների ու դրանց անդամների թվով աշխարհում այսօր առաջատար են Սկանդինավյան երկրները՝ Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան։
Անդամակցության ցուցանիշը, սակայն, արհմիությունների կայացածության միակ ցուցիչը չէ։ Մասնագետների գնահատմամբ՝ ուժի առավել համոզիչ ցուցիչը կոլեկտիվ բանակցություններն ու դրանց արդյունքներն են։ Ի՞նչ վիճակ է այս առումով Հայաստանում, ո՞ր ոլորտներում են ավելի հաճախ խախտվում իրավունքները և ինչպե՞ս են դրանք պաշտպանվում։
Ո՞ր ոլորտներում են ամենաշատը խախտվում աշխատողների իրավունքները։ Հայաստանի արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի խոսքով՝ խախտումներից զերծ ոլորտներ գրեթե չունենք, բայց կան առաջատարներ։ Իրավիճակները տարբեր են նաև խախտումների նկատմամբ վերաբերմունքի առումով։
«Ունենք աշխատանքային իրավունքի խախտումներ սպասարկման ոլորտում, որտեղ գրեթե չի էլ կանոնակարգվում աշխատանքային իրավահարաբերությունը, ստվերն այնտեղ շատ է, շինարարության ոլորտում։ Երբ մենք ասում ենք աշխատանքային իրավունքի խախտում, բոլորովին նկատի չունենք միայն աշխատավարձի վճարումը, աշխատանքային պայմանագրի առկայությունը կամ դրա բացակայությունը։
Խնդիրը պետք է ավելի գլորբալ դիտարկել՝ արդյո՞ք այդ աշխատանքային պայմանագիրը օրեսնդրությամբ սահմանված կարգով է կնքվել, ինչպիսի՞ն են աշխատանքային պայմանները, պահպանվում են արդյո՞ք առողջ ու անվտանգ աշխատանքային պայմանները՝ տվյալ ոլորտում։ Մենք տեսնում ենք, որ ունենում ենք դժբախտ պատահարներ, վերջերս, ցավոք սրտի, նաև՝ շինարարության ոլորտում մահվան ելքով պատահար տեղի ունեցանք։ Բոլոր ոլորտներում էլ ունենք խախտված աշխատանքային իրավունքներ»։
2024-ին առողջապական ու աշխատանքի տեսչական մարմնի ստուգումների առանցքում շինարարության ոլորտն է։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը փաստում է՝ ոլորտը ռիսկային է, խախտվում են բոլոր իրավունքները։
«Որպես կանոն արձանագրվում են դեպքեր, երբ ոչ բոլոր աշխատողներն են կրում անհատական պաշտպանիչ միջոցներ՝ արտահագուստ, հատուկ կոշիկներ, բարձրության վրա աշխատելու ժամանակահատվածում սահմանափակումները չեն գործում։ Վտանգ ներկայացնող տեղամասերում՝ միջհարկային աստիճանավանդակները կահավորված չեն լինում, որոնց ժամանակ են դժբախտ դեպքեր շատ պատահում։ Ցավոք սրտի նաև մահվան ելքով, նաև՝ այս տարի»։
Այս տարվա առաջին եռամսյակում ոլորտում մահվան երեք դեպք է գրանցվել։ 2023-ին շինհրապարակներում մահվան ելքով 16 դեպք է արձանագրվել, դժբախտ պատահարների թիվը եղել է 86։ Ռիսկային համարվող ոլորտներից է նաև հանքրադյունաբերությունը։ Այն տեսչական մարմնի դիտակետում էր 2023-ին։ Կառույցի ղեկավարը փաստում է՝ այստեղ պատկերը փոքր-ինչ բարելավվել է, հատկապես՝ փակ հանքերի մասով, բայց խախտումներ էլ կան։
«Բաց հանքերի մասով որոշակի խնդրահարույց հարցեր կան, որոնց մասով տեսչական մարմինը համապատասխան կարգադագրեր է տվել։ Մեր լիազորությունների շրջանակներում մենք կարող ենք վերստուգումներ կատարել»։
Հանքարդյունաբերության ոլորտում գործող ձեռնարկությունների մի մասի աշխատողներն իրենց իրարվունքները պաշտպանում են ընկերություններում ձևավորված ու գործող արհեստակցական միությունների միջոցով։ Հայաստանի արհմիությունների կնոֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ ոչ բոլոր աշխատողներն են համախմբվում միասին իրենց խախտված իրավունքները պաշտպանելու համար։ Պատճառները օբյեկտիվ ու սուբյեկտիվ են՝ ոչ միայն իրեզեկվածության, այլև վստահության պակաս։
«Գործազրկության բարձր մակարդակ, միևնույն ժամանակ աշխատատեղերում մասնագետների պակաս։ Այո, ունենք նաև այդ պարադոքսը։ Բայց երբ ասում ենք՝ աշխատողներն իրենք իրենց կպաշտպանե՞ն, թե՞ արհմիությունը, պիտի հասկանանք, որ աշխատողները հենց այդ արհմիությունն են։ Արհմիությունը առանձին կառույց չէ, աշխատողներն են, այն բոլոր մարդիկ, որոնք կառույցի անդամ են, իսկ արհմիության անդամ կարող են լինել աշխատողները։ Իրենք միասին պետք է դրան գնան՝ հանուն իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության»։
Ոչ բոլոր իրավիճակներում են մարդիկ ցանկանում միասնաբար պաշտապնել իրենց իրավուքնները։ Երբեմն մտածում են՝ երբ խնդիրն իրեն կվերաբերի, ինքն իրեն կպաշտպանի, այս մշակույթը խանգարում է աշխատանքային ճիշտ հարաբերություններ ձևավորելուն ու այդ հարաբերությունները ճիշտ ճաապարհով կարգավորելուն՝ ասում է Մանասերյանը։
«Արհմիության գործը միայն պաշտպանելը չէ։ Արհմիության գործը նախ և առաջ ներկայացնելն է, հետո պաշտպանելը։ Եվ այդ շահերը առաջ մղելն է, որպեսզի հետագայում մենք չունենանք այնպիսի իրավիճակ, որ ստիպված լինենք պաշտպանելու»։
Հայաստանում արհմիությունների գործունեությունը կարգավորվում է ԱՄԿ Միավորման ազատության կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ, Աշխատանքային օրենսգրքով, ինչպես նաև «Արհեստակցական միությունների մասին» օրենքով, որն ընդունվել է 2000թ․ դեկտեմբերի 5-ին, ուժի մեջ մտել 2001-ի հունվարին։
Ըստ օրենսդրության՝ միությունը ձևավորվում է հիմնադիրների (առնվազն երեք աշխատողի) նախաձեռնությամբ հրավիրված հիմնադիր ժողովի (համաժողովի, համագումարի) որոշմամբ:
Հիմնադիր ժողովը հաստատում է կազմակերպության կանոնադրությունը, ընտրում է ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններ:
Արհեստակցական միությունն ունի գործունեության մի քանի հիմնական սկզբունքներ՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, քաղաքական, հասարակական և այլ կազմակերպություններից անկախություն, անդամակցության հարցում կամավորության սկզբունքի պահպանում՝ աշխատավարձի 1 տոկոսի վճարման համաձայնությամբ։
Արհեստակցական միությունը, ի դեմս իր ղեկավար մարմնի, իրավունք ունի կոլեկտիվ պայմանագիր կնքել (վերակնքել) գործատուի հետ: Խնդիրների դեպքում գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում ապահովել կոլեկտիվ բանակցությունների վարումը իր աշխատողներին միավորող արհեստակցական միության հետ: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան միավորում է 18 ճյուղային հանրապետական միություններ՝ տնտեսության տարբեր ոլորտներից (https://hamk.am/):
Էլեն Մանասերյանը փաստում է. «Եթե մարդը արհիմության անդամ է, ապա մենք նրա համար կունենանք դատական ներկայացուցչության պաշտպանություն։ Մենք դա իրականացնում ենք։ Վերջին մեկ տարվա ընթացքում մենք մի քանի դատական գործ ենք շահել։ Վերջինով Վճռաբեկ դատարանի որոշում ունեցանք։ Գործատուն դիմել էր, բայց վճռաբեկը մերժել էր։ ՊՈԱԿ էր, աշխատանքային իրավունքի վերականգնման հարց։ Եթե աշխատողը պատրաստակամ է գնալ դրան, մենք սիրով կիրականացնենք այդ պաշտպանությունը»։
Արմհիության անդամերի պաշտպանությունն անվճար է։ Կոնֆեդերացիան նաև անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում՝ ասում է նախագահը։ 2024թ հունվարի 1-ի տվայլներով կառույցն ունի 186 հազար անդամ ու 509 սկզբնական արհեստակցական միություն։




