
1 տարի 3 ամիս առաջ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողներն այսօր առավոտյան Կառավարության շենքի դիմաց էին: Նրանք, արդար ու բազմակողմանի դատաքննությունից բացի, պահանջում են կալանավորել գործով անցնող բոլոր մեղադրյալներին: Ընդհանուր առմամբ գործով 5 մեղադրյալ կա, այդ թվում՝ պաշտոնական վարկածի համաձայն բենզինով վառարանը թեժացնել փորձած կապիտան Եղիշե Հակոբյանը: Վերջինը դատական նիստերից մեկի ժամանակ ասել է, որ իրեն մեղավոր է համարում: Գործով հաջորդ դատական նիստը մայիսի 10-ին է:
Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհից զոհված 15 զինծառայողների ծնողները գործը քննող մարմիններին 10 օր ժամանակ են տալիս 15 զինվորների կյանքը խլած ողբերգական դեպքի՝ ծնողների պնդմամբ, իրական մեղավորներին կալանավորելու համար: Զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը, ասում է՝ չնայած այսօր Կառավարության շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիային ոչ բոլոր ծնողներն են մասնակցում, բայց բոլորը միակարծիք են՝ պայքարելու են մինչև վերջ:
«Մինչև ամսի 10-ը ժամանակ ենք տալիս, որ կալանքի տակ վերցնեն նրանց, ում պետք է։ Ես, որոշ բաներ հաշվի առնելով, անուններ չեմ տալիս: Եթե ամսի 10-ի դատին իմանանք, որ քրեական հետապնդում չեն ներկայացրել տվյալ մարդկանց նկատմամբ, մեզ կմիանան նաև մնացած բոլոր ծնողները, հարազատները, մեր երեխեքի ընկերները։ Գալու ենք ու մեղմ ասած անհարմարություններ ստեղծենք իրենց համար»,- ասում է Կիրակոսյանը:

Զինվորների կացարանի հրդեհի գործը քննում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։ Մի քանի դատական նիստ արդեն տեղի է ունեցել, տարբեր վկաներ ցուցմուքներ են տվել։ Նախաքննությունը, սակայն, այդպես էլ չի պարզել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։ Ծնողները մտավախություն ունեն, որ քննությունը սահմանափակվել է մեկ՝ ի սկզբանե հնչած վարկածով, մինչդեռ իրենք այդ վարկածին չեն հավատում:
«Եթե մեր երեխաները հրդեհի ժամանակ գիտակից վիճակում լինեին, վստահաբար ոչ ոք չէր զոհվի, այդ տղաներին բոլորին ես ճանաչում էի, խելքը գլխին, ֆիզիկապես առողջ տղաներ էին: Այդ 5 լիտր բենզինը իրենից ինչ էր ներկայացնում, որ հրդեհ եղավ, ու տղաները հենց առաջին վայրկյաններից իրենց տեղից վեր չկացան»:

Ողբերգական հրդեհից ժամեր անց Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց մինչ այժմ միակ հիմնական վարկածը, թե հրդեհը բռնկվել է այն բանից հետո, երբ վաշտի կապիտան Եղիշե Հակոբյանը փորձել է բենզինով թեժացնել վառարանի մարող կրակը: Կապիտանը գործով 5 մեղադրյալներից մեկն է, վերջինը դատական նիստերից մեկի ժամանակ շուրջ 1 ժամ հարցաքննվել է, պնդել, որ ընդունում է՝ հրդեհն իր մեղքով է եղել:
«Հրդեհը իմ մեղքով, իմ սխալմունքի հետևանքով է եղել: Ես էլ, Լևոնն էլ գոռում էինք, եթե ես իմանայի, որ էտքանից հետո տղաները դուրս չեն եկել, հաստատ ես էլ դուրս չէի գա տնից, ինձ թվում էր, որ իրենք պատուհանից դուրս են գալիս»,- դատարանում ասել է Եղիշե Հակոբյանը:
Եղիշե Հակոբյանից բացի գործով ևս 4 մեղադրյալ կա, վերջին դատական նիստերից մեկի ընթացքում առաջին անգամ հարցաքննվել է նաև հրդեհից փրկված, այրվածքներ ստացած Լևոն Խառատյանը: Զոհերի ծնողների փաստաբան Նորիկ Նորիկյանը, սակայն, պնդում է՝ վկաների ցուցմունքները ու պատմածները միմյանց հակասում են:

«Դատարանում հարցաքննվել է ընդամենը 2 տուժող, նրանց ցուցմունքները թե նախաքննական, թե դատաքննական, միմյանց հակասել են, ավելին՝ մենք միջնորդություն ենք ներկայացրել, որ որոշակի անձանց, որոնք ողջ են մնացել ու ունեցել են որոշակի կարգավիճակ դեպքի օրը, օրինակ, հերթապահի կարգավիճակ, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տրվի: Բայց այս առումով էլ որևէ առաջընթաց չկա»,- ասում է Նորիկյանը:
Զոհերի ծնողները վերջին մի քանի ամսվա ընթացքում հանդիպումներ են ունեցել վարչապետի, գործով հանրային մեղադրողի ու այլ պաշտոնյաների հետ. պնդում են՝ իրենց հարցերն այդպես էլ պատասխաններ չեն ստացել: Փաստաբան Նորիկյանի կարծիքով էլ ՝ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն նաև բարձրաստիճան այն պաշտոնյաները, որոնք պատասխանատու էին ժամկետայիններին այդ զորանոցում տեղավորելու հարցում:

«Եթե նույնիսկ հիմնավորվի, որ Եղիշե Հակոբյանը այրել է վառարանը, որի հետևոնքով հրդեհ է բռնկվել, պետք է նաև շատ պարզ հարցի պատասխան տրվի, ինչն է հանդիսացել պատճառը, որ 00:40-ին այրել է վառարանը, 01:16-ին նոր ահազանգ է գնացել հրշեջ ծառայությանը, և ինչն է պատճառը, որ դրան նախորդած ժամանակահատվածում զինծառայողները քնից չեն արթնացել և տարածքից դուրս չեն եկել: Ամենակարևոր հարցը դա է, թե ինչու զոհված զինծառայողները քայլեր չեն ձեռնարկել այդ տարածքից դուրս գալու համար»:
Դեպքի առթիվ երկու քրեական վարույթ է նախաձեռնվել։ Առաջինը՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտման, երկրորդը՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով։




