ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Պարտաճանաչ» կարգազանց վարորդները մայիսի 1-ից «կխրախուսվեն»

Երթևեկության նկանոնների խախտումների տուգանքի մասին էլեկտրոնային եղանակով ծանուցվելու դեպքում կարգազանց վարորդները կխրախուսվեն։ Համակարգը սկսել է գործել այսօրվանից՝ մայիսի մեկից։

Ավելին՝ տուգանքի 50 տոկոսը 15 օրում վճարելու դեպքում տուգանքը կհամարվի վճարված։ Շուտ վճարելու դեպքում տուգանքները զեղչվում են 30 տոկոսով, ևս 20 տոկոս զեղչ էլ նախատեսված է այն վարորդների համար, որոնք ծանուցումը կնախընտրեն ստանալ էլեկտրոնային եղանակով։

5000 դրամ տուգանքի փոխարեն 2800 դրամ։ Կարգազանց վարորդների խրախուսական մեխանիզմն արդեն ուժի մեջ է։ Բայց խոսքը այսպես ասենք՝ «պարտաճանաչ» կարգազանց վարորդների մասին է։ Զեղչը կկիրառվի միայն այն դեպքում, եթե տուգանքի մասին ծանուցումը կստանան էլեկտրոնային եղանակով և կվճարեն 15 օրում։ Միայն այդ դեպքում կստանան «50 տոկոս զեղչ»։

Պարեկային ծառայության կամ նկարահանող սարքերի միջոցով արձանագրված խախտումները արդեն մեկ ամիս է՝ ծանուցումից հետո 15 օրվա ընթացքում վճարվելու դեպքում 30 տոկոսով զեղչվում են։ Եվս 20 տոկոս զեղչ կստանան այն վարորդները, որոնք ծանուցումը կնախընտրեն ստանալ էլեկտրոնային եղանակով։ Ըստ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանի՝ խրախուսական դրույթներն արդեն ուժի մեջ են։

«Այն անձինք, որոնք նախապես կգրանցվեն և կտրամադրեն էլեկտրոնային փոստ, կստանան օրենքով նախատեսված տուգանքի 20 տոկոսով պակաս տուգանք, օրինակ՝ 10 հազար դրամ տուգանքի դեպքում կստացվի 8000 դրամ, դրանից հետո կգործի 30 տոկոս պակաս վճարելը, այսինքն՝ եթե էլեկտրոնային եղանակով ծանուցվի և 15-օրյա ժամկետում վճարի տուգանքը, ապա կստացվի, որ 5000 դրամ տուգանքի դեպքում կվճարի 2800 դրամ»։

Երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանը կառավարության այս որոշումը վերջին 10 տարիների միակ դրական փոփոխությունն է համարում՝ ի շահ վարորդների։

«Մտովի հետ գնացեք 8-10 տարի առաջ։ Նախկինում տուգանքը մուծելու համար եռապատկում էին, հետո հնգապատկում, հետո ուղարկում հարկադիր։ Այսինքն՝ 5000 դրամը պատմություն էր առնում։ Այսօր արդեն պետությունը ավելի ճիշտ մարքեթինգային քայլ է անում՝ շահագրգռելով վճարել»։

Սոցիալական ցանցերի վարորդական խմբերում այս թեմայով նաև հումոր են անում, ասում են՝ այս համակարգով խախտում կատարելը նույնիսկ ձեռնատու է։ Արտակ  Խաչատրյանն էլ հումորով համաձայնում է, բայց և նկատում է. բոնուսներ պետք են, բայց խախտումներ կան, որոնց տուգանքը պետք է զգալի ավելացնել։

«Որոշակի տուգանքներ կան, որոնք պիտի թանկացվեն ու անհամեմատ։ Իսկ հիմա տուգանքները կոպեկի հաշիվ են»։

Չեղչերից օգտվելու համար պետք է նախ գրանցվել համակարգում։ Պարզապես պետք է լրացնել տվյալները roadpolice.am կայքում և հուսալ, որ գրանցումը հաստատվել է, քանի որ գրանցման ավարտին ոչ մի հաստատում չի ստանում օգտատերը։ Վարորդների դժգոհությունները հիմնականում սրան են վերաբերում։

«Գրանցվելու վերջնաքայլից հետո մարդիկ չեն հասկանում գրանցվեցին, թե ՝ոչ։ Համակարգը չի ծանուցում։ Երևի միակ թերությունը դա է։ Կարելի է 1000 դրամանոց խախտում թույլ տալ՝ համոզվելու, որ համակարգը աշխատում է։ Նախկինում այդ 1000 դրամանոց ծանուցումները չէին ուղարկվում, որովհետև ծախսերն ավելի շատ էին կազմում, քան 1000 դրամը։ Հիմա այս առումով խնդիր չի առաջանա»։

Զեղչերը կգործեն միայն տուգանքների վրա։ Բալերի հանդեպ խիստ են տրամադրված։ Կարգավորման նպատակը հնարավորինս քիչ դրամական վնաս հասցնելով՝ կարգազանց վարորդներին երթևեկությունից հեռու պահելն է։

Back to top button