ԿարևորՀասարակություն

Խորհրդարանական մեծամասնությունն իրավական գործընթաց կսկսի ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

Խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է իրավական գործընթաց սկսել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հաստատել է, որ Ազգային ժողովի  բակում տեղի է ունեցել միջադեպ․

«Այո, Civic–ի լրագրողը հարցազրույց վերցնելիս է եղել մեր պատգամավորից, դրանից հետո իրեն է մոտեցել Լևոն Քոչարյանի, ըստ էության, թիկնապահը, բայց որքանով ես տեղյակ եմ, օգնականի հաստիքի վրա գրանցված մի երիտասարդ, լրագրողի գործունեության վերաբերյալ մեկնաբանություն է արել, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել լրագրողի հասցեին, հետո հարվածել նրա դեմքին։ Թող հանկարծ Քոչարյանների ընտանիքը չխառնի ԱԺ–ն «Պոպլավոկի» հետ, թե չէ մեր վերաբերմունքը շատ խիստ է լինելու՝ և՛ իրավական մակարդակով, և՛ նաև այլ հարթություններում՝ ԱԺ–ում քաղաքական մակարդակում, եթե փորձեն շարունակեն այս պահվածքը։ Իսկ այս միջադեպը իրավական գնահատականի է արժանանալու։

Civic––ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պաշտոնական լրատվամիջո՞ցն է։

Այո»։

Ըստ տեղեկությունների՝ միջադեպը կապված է լրագրողի՝  նախօրեին արած հայտարարությունների հետ, որտեղ Civic կայքէջի լրագրող Դավիթ Լևոնյանն անդրադարձել էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանյանի գործունեությանը, նրան տարբեր մեղադրանքներ ներկայացրել։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը թեև միջադեպի մանրամասներին տեղյակ չէր, բայց լրագրողների հետ զրույցում շտապեց հայտարարել․

«Արթուրը շատ պարկեշտ, շատ կրթված անձնավորություն է, դեպքի մանրամասները չգիտեմ, բայց միանշանակ ասում եմ․ լսել եմ այդ լրագրողի տեսանյութը, ու ինձ համար՝ որպես քրիստոնյա հայի, անընդունելի է, որ լրագրողի կոչումով մեկը կարող է մարդուն, Սրբազանին, եկեղեցու ներկայացուցչին, որը բացառիկ դեր ունի այս պետությունում, ամեն որակում տալ ու ամպատասխան մնալ»։

Ի դեպ, ընդդիմադիր այս պատգամավորն այս խորհրդանում նույնպես աչքի է ընկել որպես «բռունցքներով հարցեր լուծելու» կողմնակից։ Մեկ տարի առաջ նիստի ժամանակ նա հարվածել էր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

Back to top button