Երկրորդ շնչառություն

Տարեցներին հավերժություն ճանապարհող հրեշտակները․ «Երկրորդ շնչառություն»

Այս գործով զբաղվող մարդը պետք է բարեխիղճ լինի, երբեք չզլանա կռանալ և օգնել մարդուն։ Երկու տասնամյակ արտերկրում ապրած ու իր գործունեության մեջ հաջողության հասած Ալլա Մխիթարյանը Հայաստանում հիմնել է տարեցների բուժման ու խնամքի «Աուրա» կենտրոնն ու ծառայություններ է առաջարկում այն մեծահասակներին ու ընտանիքներին, որ ունեն դրա կարիքը:

90-ականներին Նիդեռլանդներ տեղափոխված Ալլան ուներ միայն բուժքույրի դիպլոմ, ինչն էլ հիմք դարձավ այդ երկրում վերապատրաստվելու և առողջապահության համակարգ մտնելու համար:

«Հոլանդիայում լիարժեք մասնագետ դառնալս տևեց 8 տարի, աշխատել եմ օրնիբուն, պիտի շատ ջանաս, որ իրենց տեմպին հասցնես: 35-ում ես 18 տարեկանի աշխատավարձ էի ստանում: Կարող էի այդ գումարով սուպերմարկետում գանձապահ լինել, բայց գերադասեցի գնալ դժվար ճանապարհով, որովհետև այդտեղ մենակ ես, մրցակիցներ ու նախանձ չկա»,- իր անցած ուղին է ներկայացնում զրուցակիցս:

Նրա խոսքերով, հիվանդանոցում աշխատող բուժքույրը մի քանի օրից հրաժեշտ է տալիս հիվանդներին, իսկ խնամքի հաստատություններում բուժանձնակազմի ներկայացուցիչները հարազատանում են տարեցների հետ:

«Տարեցների հետ կապվում ես, ու բուժքույրն ու խնամատարները դառնում են նրանց համար շատ կարևոր մարդիկ, քանի որ նրանց կողքին են լինում մինչև կյանքի վերջին վայրկյանը: Հիվանդներից մեկն ասում էր՝ դուք հրեշտակներ եք մեր կողքին, որ մեզ ճանապարհում եք դեպի հավերժություն»,-ասում է Ալլան: 

Տարիներ շարունակ օտար երկրում մասնագիտական հմտությունները կատարելագործելուն զուգահեռ, Ա.Մխիթարյանը յուրացրել է նաև լեզուն և լիարժեք ինտեգրվել է առողջապահական համակարգում: Նիդեռլանդներում խնամքի հաստատություններ ստեղծելուց հետո տիկին Ալլան ընտանիքի հետ որոշում է կայացնում իր գիտելիքները, հմտություններն ու միջոցները ներդնել և Հայաստանում նույնպես նման կենտրոն բացել:

2018 թվականին ընտանիքով վերադառնում են հայրենիք, տուն են կառուցում և որոշում գործունեություն ծավալել: Պատերազմն ու դրան հաջորդող ցավալի զարգացումները դանդաղեցրել են տիկին Ալլայի տեմպը, բայց ոչ հաստատակամությունը: Այսօր կենտրոնը պատրաստ է սպասարկել այն մեծահասակներին, որ խնամքի կարիք ունեն կամ հոգնել են բազմաբնակարան շենքում ապրելուց և գերադասում են սեփական բակով առանձնատունը:

«Ես չեմ կարողանում տուն մտնել, եթե մի բան թերի է մնացել իմ գործում, ամեն ինչ պետք է լիարժեք ավարտած լինեմ, որևէ մեկն ինձ չի նախատի, եթե կիսատ թողնեմ, բայց ես հոգեկան բավարարություն եմ զգում, երբ ամեն ինչ ավարտած եմ լինում: Սա շատ դժվար, շատ էներգիա պահանջող ու պատասխանատու աշխատանք է, որի պատճառով երբեմն կյանքի հաճույքներից հետ ես մնում՝ նվիրվելով տարեցներին: Այս գործով զբաղվող մարդը պետք է բարեխիղճ լինի, երբեք չզլանա կռանալ և օգնել մարդուն»,— բացատրում է Ալլան:

Նրա կարծիքով, Հայաստանում այսօր ընտանիքներն էլ կարիք ունեն ճանաչելու, տեսնելու և համոզվելու, որ երբեմն տարեց մարդու համար ավելի լավ է ապրել խնամքի հաստատություններում, որտեղ ամեն ինչ հարմարեցված է կյանքի լավ որակի համար, քան թե սեփական տանը: Իսկ հարազատները հարկավոր են միայն շփումների համար, որի կարիքն այդքան շատ ունեն տարեց մարդիկ:

Back to top button