Ստեփանավանում՝ անտառի փեշին, մարդիկ չեն ծերանում, երիտասարդությունից հետո ընդամենը հասնունանում են. սա արձանագրում են «Ստեփանավանի հասուն երիտասարդություն» կենտրոնի հիմնադիր Արմինե Բարսեղյանն ու վարպետ Եվգենյա Մանուկյանը: Նրանք շնորհակալ են համայնքապետարանին, որ իրենց մի փոքր տարածք են տրամադրել իրենց և շաբաթական երկու անգամ 15 և ավելի տարեցներ հավաքվում են, շփվում, ստեղծագործում ու մարզվում:
«Եթե ֆինանսավորում լինի և տարածքը մեծանա, կարող ենք մինչև 50 տարեցի զբաղվածությունն ապահովել»,-ասում է տիկին Արմինեն՝ խոստովանելով, որ պետական դրամաշնորհներ ստանալու հույս չունեն, չափորոշիչները շատ խիստ են, միայն մեծ կազմակերպությունների համար են նախատեսված: Նրա խոսքերով, երիտասարդները կարողանում են աշխատանք գտնել և ինքնաիրացվել, և այդ առումով հատկապես մարզերում տարեցների գործը բարդանում է, նրանք երեխաների պես սպասում են, որ մեկը կօգնի իրենց զբաղմունք գտնել, կյանքին իմաստ հաղորդել:
Եվգենյա Մանուկյանն ամբողջ կյանքը նվիրել է ընտանիքին ու զավակներին, 90-ականներին իր ձեռքի շնորհիվ երեխաները ոտքից գլուխ գործած շորերի են հագել, հաղթահարել են դժվար օրերը: Հետո մեծացել են ու հեռացել, թոշակի անցնելուն զուգահեռ մենակությունը փարատելու համար Եվգենյան ինտերնետի միջոցով է իրեն զբաղմունք ու գործ գտել: Սկսել է ջութի թելից, հետո գնալով կատարելագործվել. հովհար, լուսամփոփ, տարբեր դեկորացիաներ ու կիրառական արվեստի ստեղծարար բազմաթիվ պատկերներ:
«500-ից ավելի աշխատանքներ ունեմ, բոլորը տեղափոխելու համար մեքենան պետք է առնվազն երեք անգամ գնա-գա»,- ասում է նա ու հերթով տաղավարում ներկայացնում իր ստեղծագործությունները: Նրա պատմելով՝ առաջին անգամ, որպես կանոն, լավ չի ստացվում, բայց անդադար փորձերի արդյունքում ստանում է իր ուզածը և յուրացրած տեխնիկան սովորեցնում կենտրոնի այցելուներին:
Տարիքի մասին նա կատակով է խոսում, մեկ-մեկ նույնիսկ մոռանում է, որ 70-ի մատույցներում է: Երկար ու հագեցած կյանքի գաղտնիքը սիրած գործով զբաղվելն է, բնության հետ ներդաշնակ լինելն ու, իհարկե, աջակցող կողակիցը: «Մտածում եմ, որ ամեն մարդ մի տաղանդ ունի, ու 60-ից հետո ժամանակն է գտնել ու զարգացնել այն տաղանդը, որ երիտասարդ տարիների վազքի պատճառով հնարավոր չի եղել բացահայտել»,— եզրափակում է նա:
Տիկին Արմինեն իր թիմով ամբողջությամբ նվիրված է Ստեփանավանի տարեցների զբաղվածության գործին, բայց նաև խոստովանում է, որ եթե ֆինանսավորում չգտնեն կամ հովանավոր չլինի, իրենց գործունեությունը կարող է դադարել, մշտապես կամավորության սկզբունքով աշխատել հնարավոր չէ: