Կարմիր խաչի հայկական ընկերությունը շարունակում է տարեցների առողջ երկարակեցության, շուրջօրյա խնամքի ու կյանքի որակի բարելավմանն ուղղված աշխատանքները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ գործում է Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնը, որը, հիմնանորոգումից զատ, կրել է նաև խնամքի մոդելի փոփոխություն: «Ավելի քան 140 մարդ ստանում է շուրջօրյա խնամքի կայուն և ամբողջական ծառայություն: Խնամքի տանը մարդը պետք է իրեն տանտեր զգա»,- ասում է Կարմիր խաչի հայկական ընկերության տեղեկատվության և հանրային կապերի բաժնի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը:
Անդրադառնալով տարեցների տնային խնամքի ծառայությանը՝ նա նշում է, որ այն շարունակում է արդյունավետ գործել Շիրակի ու Լոռու մարզերում և Երևանում. հատուկ վերապատրաստում անցած մասնագետները, բուժքույրերն ու խնամատարները, ինչպես նաև կամավորները պարբերաբար այցելում են տարեցներին՝ կատարելով իրենց լիազորություններից բխող աշխատանքները: «Մուտք ես գործում այլ մարդու տուն, գուցե նա նաև ունի հիշողության խնդիր. կարևոր է, որ բացի մասնագիտական կարողություններից, մասնագետն անցած լինի համապատասխան վերապատրաստում»։
Կարմիր խաչի հայկական ընկերության ներկայացուցիչն արձանագրում է, որ կառույցի արդյունավետ աշխատանքի տեսակետից չափազանց կարևոր ձեռքբերում է Կոտայքում և Գեղարքունիքում՝ համապատասխանաբար Հրազդան և Սևան քաղաքներում, մարզային մասնաճյուղերի նոր շենքեր ունենալու փաստը: Հաջորդը Սյունիքում է լինելու: Նպատակ կա նաև ընդլայնել գթության ճաշարանների ցանցը երկրով մեկ:




