Հայրենիքի հետ անքակտելի կապն է Սփյուռքում ապրող՝ հատկապես ավագ սերնդի մեր հայրենակիցներին ոգեշնչում, արարելու ուժ տալիս: 70-ամյա բեմադրիչ Վարդան Հովհաննիսյանն այս օրերին Հայաստանում է: Արտաշատի պետական դրամատիկական թատրոնում այս շաբաթ նրա բեմադրած՝ Ֆրանսիս Վեբերի «Ապուշների ընթրիքը» ներկայացման պրեմիերան էր: Մինչ այս նույն թատրոնում նա բեմադրել էր Շիրվանզադեի «Արտիստը»:
«Հայրենիքը կանչում է անընդհատ, և չես ուզում որպես հյուր գալ պարզապես, այլ նաև անպայման որևէ օգուտ տալու և ծրագիր իրականացնելու համար»,- ասում է թատերական գործիչը՝ նկատելով, որ երբեք չի կտրվել Հայաստանից, միայն ֆիզիկապես է դրսում եղել: ԱՄՆ-ում էլ աշխատել է Սփյուռքի հայկական տարբեր կազմակերպությունների, ուսումնական կենտրոնների թատերախմբերի հետ:
Տարիքի մասին հարցին բեմադրիչը պատասխանում է ժպիտով՝ արձանագրելով, որ դեռ առաջին շնչառության տեմպով ստեղծագործում է, բայց երկար կյանքի համար հարկավոր է հետևել առողջությանը, մարզվել ու առողջ կենսակերպ վարել:
Աշնանը նախատեսում է Արտաշատի թատրոնի «Ապուշների ընթրիքը» պիեսը ներկայացնել նաև ԱՄՆ-ի հայկական համայնքային կենտրոններում և դպրոցներում:




