60-ից հետո մարդկանց կեսից ավելին ունի առողջական խնդիրներ՝ կապված ոտքերի հետ: Բժիշկ-ռևմատոլոգ Նունե Մանուկյանը պարզաբանում է, որ մեծահասակների շրջանում հիմնականում հանդիպում են բորբոքային և տարիքային դեգեներատիվ հիվանդություններ։
«Ամենատարածվածը օստեոարթրիտն է. սա տարիքային ֆիզիոլոգիական փոփոխություն է, երբ հոդի աճառը կորցնում է իր էլաստիկությունը և առաջանում է մաշվածություն»,— ասում է նա ու հավելում, որ սա 40-ից հետո ամենահաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է:
Նրա խոսքով՝ հիվանդությունը զարգանում է հիմնականում հոդերի գերծանրաբեռնվածության հետևանքով: Կարևոր է պայքարել ավելորդ քաշի դեմ, ձերբազատվել ծանր տոպրակներ քարշ տալուց, մեծ դեր է խաղում նաև ժառանգական նախատրամադրվածությունը:
«Ցավ, շարժումների սահմանափակում, կարճատև մկանային կարկամություն, հոդերի ճռճռոց, այտուց, կարմրություն. սրանք են հիմնական ախտանշանները, որոնց պարագայում մարդը պետք է դիմի բժշկի»,- ասում է նա՝ նկատելով, որ հստակ ապացուցված չէ եղանակի ու հոդացավի կապը:
Հոդերի հետ կապված հիվանդությունները կանխարգելելու համար բժիշկը խորհուրդ է տալիս վարել առողջ ապրելակերպ, ընդունել կալցիումով ու վիտամին Դ-ով հարուստ սնունդ:




