
Հակաբիոտիկները 20-րդ դարի «հրաշք» հայտնագործություններից են, որոնք ունեն մանրէասպան ազդեցություն և պայքարում են ընդդեմ բակտերիաների՝ չազդելով վիրուսների և սնկերի վրա։
Եթե մարդն ունի հիվանդություն, որի պատճառը բակտերիաներն են, միայն այդ դեպքում է ցուցված նշանակել հակաբիոտիկ։ Գիտական աշխարհում հակաբիոտիկների դեմ պայքարող նյութերին վերաբերող հետազոտություններն արդեն կարևոր ուղղություն են 21-րդ դարում։
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ռադիոկենսաֆիզիկայի խմբում գիտնականները հետազոտում են իոնիզացնող ճառագայթների ազդեցությունը կենսաբանական օբյեկտների վրա։
Ոլորտը լայն է, ուստի տարբեր խմբեր տարբեր ուղղություններով են աշխատում։ Իոնիզացնող՝ ռենտգենյան ճառագայթների տարբեր փնջերով փորձում են ակտիվացնել որոշակի նյութեր, որոնք օգտագործվում են հակաուռուցքային հիվանդությունների բուժման մեթոդների մեջ։ Բացի այդ, փորձում են մշակել նոր մեթոդոլոգիա, որը կնպաստի ուռուցքների բուժման նոր մեթոդ ստանալուն։

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ռադիոկենսաֆիզիկայի խմբի ղեկավար Լուսինե Ալոյանի խոսքով՝ փորձում են լավացնել ու բարելավել արդեն գոյություն ունեցող մեթոդները.
«Հիմա ամբողջ աշխարհում այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որ կամ նոր մեթոդներ մշակեն, կամ գոյություն ունեցող մեթոդների համատեղ կիրառմամբ փորձեն այդ հարցը լուծել»։
Հետազոտությունը կատարում են ԱՆՍԵՖ-ի (ANSEF)՝ ՀՕՖ-ի Հայաստանի գիտության ու կրթության ազգային հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով։ Գումարը 7500 դոլար է, մեկ տարի ժամանակ ունեն հետազոտությունները կատարելու համար։ 166 դիմորդից ընտրվել է տասը. սահմանվել է 7 հիմնական ու 3 հատուկ մրցանակ։
Գիտնականը կարծում է, որ Հայաստանում միջազգային գիտական մտքին համարժեք առաջարկ ստեղծվում է։ Նշում է՝ վերջին տարիներին ակտիվ մասնակցում են եվրոպական համատեղ մի շարք ծրագրերի։ Մրցունակ է հայ գիտական միտքը՝ վստահեցնում է նա և հավելում, որ այս տեմպերով շարունակվելու դեպքում ակնհայտ է՝ զարգացած գիտություն ենք ունենալու։




