
Ներքաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը միախմբվելու լավ առիթ է համարում Գագիկ Ծառուկյանի և մյուս քաղաքական գործիչների դեմ հարուցված քրեական գործերի քննության ժամանակահատվածը։ Քաղաքական դաշտում նոր շրջանի մասին Հայաստանի վարչապետը ազդարարում էր տևական ժամանակ։ կտրուկ գործողությունների նոր փուլը սկսվեց նախօրեին ԲՀԿ առաջնորդին առնչվող քրեական գործի շրջանակներում։ Ընդդիմադիր դաշտում, սակայն, ենթադրում են, որ նոր պրոցեսները ընդդիմությանը պարտադրում են անցնել նոր ռազմավարության։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քրեական գործն իրավականից բացի ունի նաև թվաբանական ուշագրավ պատկեր։ 13 ժամից ավելի տևած խուզարկություն, առգրավված 190 խրտվիլակ, 3 առյուծ ու 1 վագր, ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառված 30 մլն դրամի վնաս, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող բոլոր ընկերությունների աշխատանքների կասեցման հետևանքով հարկադիր պարապուրդի անցած շուրջ 7 հազար աշխատակից։
Բուն քրեական գործի նյութերում տարբեր դրվագներով ներկայացված են գումարի այնպիսի չափեր, որոնք տեղավորվում են «առանձնապես խոշոր» ձևակերպման մեջ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը մեղադրվում է ՔՕ մի քանի հոդվածով, ընդ որում՝ երկուական դրվագով։ Առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի առթիվ 70-ից ավելի հասցեներում իրականացվել է միաժամանակյա խուզարկություն։ Աշխատել են երեք պետական կառույցների՝ ԱԱԾ, ՊԵԿ և ՆԳՆ աշխատակիցները։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ խուզարկության արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, առարկաներ, այդ թվում՝ հափշտակված տրանսպորտային միջոցներ:
Ոչ մի դրվագով Գագիկ Ծառուկյանն իր մեղքը չի ընդունում․
«Մեղադրանքը լրիվ սարքած, սուտ փուչիկ, որ որևիցե բան չկա»։
Ավելի պարզ ասած՝ գործի հիմքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու գրած դիմումն է։ Փաստին տեղյակ է նաև նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ Ծառուկյանի դեմ գործը համարելով շինծու․
«Հայ–իրանական այդ առևտրի կենտրոնի շինարարությանը ներգրավված էր, որքանով ես գիտեմ, Իրան պետությունը։ Այսինքն` սա, այսպես ասած, պետության կողմից որոշակի աջակցություն ունեցող գործընթաց էր։ Մենք շատ լավ հասկանում ենք, չէ՞ , ինչ է կատարվում»։
Ներքաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի ակնարկները փոխանցում է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի դաշնակցական անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Սա շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է։ Փորձում են այս ճանապարհով սահմանափակել, ըստ էության, քաղաքական ուժի գործունեությունը»։
7 քաղաքական ուժ միասնական հայտարարությամբ, ևս մի քանիսը՝ առանձին հայտարարություններով դատապարտել են ԲՀԿ ղեկավարի դեմ ձեռնարկված քայլերը՝ դրանք դիտարկելով քաղաքական։
Այլ կերպ է իրավիճակը տեսնում և բացատրում իշխանությունը։ Փաշինյանը քանիցս է խոսել ընդդիմադիր ուժերի գործելաոճի մասին։
«Այդ եռագլուխը ուզում է վերև թռնի, ուզում է ներքև իջնի, ուզում է գլուխը տա պատերին․ այս շենքում լինելու է ժողովրդի ընտրած մարդը։ Եթե մինչև հիմա գիտեինք այդ մաֆիայի ներքին շերտերը, հիմա բացահայտվեցին արտաքին շերտերը։ Ժողովուրդը ինձ է ուղիղ հրահանգ տվել, ես էլ ժողովրդի ասածը փոխանցում եմ պետական ինստիտուտներին։ Չի կարող լինի օլիգարխիական դատական համակարգ Հայաստանի Հանրապետությունում»։
Առաջիկա հինգ տարիներին ՀՀ–ում պաշտոնավարելու մանդատը ստանալուց հետո «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար, վարչապետ Փաշինյանն արդեն ավելի պարզ է խոսում առաջիկա զարգացումների մասին․
«Այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը, իրենց նեղ մերձավոր շրջապատը, չեմ բացառում, որ սովի սպառնալիքի առաջ կանգնեն։ Ես նախկինում էլ ահազանգել եմ նրանց «բոմժ» դառնալու վերահաս վտանգի մասին։ Բայց Հայաստանում նորմալ սոցիալական ծրագրեր կան, և բանտերում էլ սննդի մատակարարման նոր, բավականին որակյալ համակարգ կա։ Այնպես որ յոլա կգնան։ Եւ ով ինչպես ուզում է գնահատի, ասել եմ` Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի։ Ինչո՞ւ եմ ասում, որովհետև ժողովուրդն էլ ինձ է ասել, մի հատ էլ մանդատը տվել է։ Հետո ասում են` էս մեկի անունը չտվեց, հա՞։ Сядут все»:
Մինչ Գագիկ Ծառուկյանի տանը և նրան պատկանող բիզնես օբյեկտներում իրավապահները խուզարկություն էին իրականացնում, Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարեց Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց։
Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, բանկային ավանդներ ու դրանց տոկոսագումարները, ինչպես նաև Երևանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի մասնաբաժինը և ավտոկայանատեղիներ։
Զուգահեռ տարբեր դատական գործերով մեղադրյալ կարգավիճակ ունեն նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր Սամվել Կարապետյանը, որը դեռ խոստանում է վերջին փողոցային պայքարը։




