ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Եվրաինտեգրման գերագնահատված և թերագնահատված սպասումները

«ԵՄ-ն Հայաստանի համար․ արժեքներ, վստահություն, բարեկեցություն» խորագրով զեկույցում մանրամասն դիտարկվում են Հայաստանի եվրաինտեգրման հնարավորություններն ու մարտահրավերները, թերագնահատված ու գերագնահատված սպասումները։

Փաստաթղթի հեղինակ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի կրթաթոշակառու, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանն առանձնացնում է մի քանի ոլորտ, որոնք ավելի կարևոր են եվրաինտեգրման ճանապարհին՝ վիզաների ազատականացում, կանաչ էներգիայի կիրառում ու ռազմավարական հաղորդակցություն։

Կարևոր է, որ Հայաստանի հասարակությունն իրական պատկերացում ունենա այն մասին, թե ինչ է ենթադրում եվրաինտեգրման ճանապարհը, ինչ արդյունքներ են ակնկալվում և ինչ ժամանակահատվածում։ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի կրթաթոշակառու, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանը մանրամասն դիտարկել է հարցն ու «ԵՄ–ն Հայաստանի համար․ արժեքներ, վստահություն, բարեկեցություն» թեմայով զեկույց պատրաստել։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ամփոփում է հիմնական հարցի պատասխանը՝ ինչ պետք է իմանա հանրությունն այս գործընթացի մասին․

«Իմանա, որ վիզաների ազատականացումը կարող է 2-3 տարում տեղի ունենալ, իսկ ԵՄ ֆորմալ անդամակցությունը կարող է 10 -15 տարի կամ ընդհանրապես ավելի երկար տևել։ Բայց մյուս կողմից, աշխարհաքաղաքական զարգացումներից ելնելով, օրինակ՝ Ուկրաինայի շուրջ կամ ԵՄ հարցում Վրաստանի դիրքորոշման հետ կապված, գործընթացը կարող է արագանալ։ Բայց կարևոր է իրական խոսակցությունը մեր հասարակության տարբեր շերտերի հետ, տարբեր թեմաների շուրջ։ Դա հենց այն առաջնահերթությունն է, որը ես կոչում եմ ռազմավարական հաղորդակցություն»։

ԵՄ-ն կարող է օգնել փորձագիտական, տնտեսական, ֆինանսական հարցերում, բայց ճանապարհը պետք է հասարակությունն անցնի՝ ասում է զրուցակիցս։ Ըստ ուսումնասիրության՝ Հայաստանում եվրոպական օրակարգը վայելում է հանրության 70-80 տոկոսի աջակցությունը, սակայն հասարակությունը տեղյակ չէ գործընթացի մանրամասներին՝ համոզված է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենը։

Պակաս տեղեկացվածությունը հաճախ թյուրընկալումներ է ձևավորում կամ գերսպասելիքներ՝ ասում է«Քաղաքական երկխոսություն, Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչ Յակոբ Վյոլենշտայնը։

Սերգեյ Մինասյանը կարծում է, որ դիտարկումը վերաբերում է, օրինակ, վիզաների ազատականացմանը։

Ասում է՝ այս և մի շարք այլ հարցերում «թրամփյան մոտեցում» է դրսևորվում։

«Հարց է, թե ինչ ակնկալիք կա ԵՄ-ից։ Հաճախ 200 տոկոս են ակնկալում, և հետո երբ ավելի քիչ են ստանում, պարզվում է, որ հենց այդքան էլ հարկավոր էր։ Սա «թրամփյան մոտեցում» է։ Կարծում եմ վիզաների ազատականացման գործում երեք տարին իրատեսական կարող է լինել»։

Սերգեյ Մինասյանը զգուշավորությամբ է խոսում եվրաինտեգրման ճանապարհը 10 տարում անցնելու հավանականության մասին։ Ասում է՝ հույսեր կան, բայց շատ են նաև մարտահրավերները։ Բայց ԵՄ-ն նույնպես անելիք ունի՝ նշում է Մինասյանը․

«Այստեղ մի բան կա, որի մասին համեստորեն լռեցի․ դեռ հարց է նաև, թե արդյոք ԵՄ պատրաստակամ կլինի նույն ակտիվությամբ Հայաստանի կամ հետխորհրդային այլ երկրների անդամակցությանը, ներառյալ Ուկրաինան ու Մոլդովան։ Չնայած Մոլդովայի հետ արդեն սկսվել են բանակցությունները։ Այսինքն` այստեղ, այո, մենք ներքին գործը պետք է անենք։ Բայց նաև մենք պետք է պատրաստ լինենք, որ ԵՄ-ում կարող են առաջնահերթությունները փոխվել, և նրանք կարող է պատրաստ չլինեն այս գործընթացը նույն արագությամբ շարունակելու, ինչը մենք տեսնում ենք որոշ չափով այս պահին»։

Մասաչուսեթսի Ռիչարդ Ֆիննեգանի պատվավոր պրոֆեսոր և Կարնեգի միջազգային խաղաղության ֆոնդի ավագ գիտաշխատող Աննա Օհանյանի կարծիքով՝ Հայաստանը շատ աշխատանք ունի անելու, և դա միայն եվրաինտեգրմամբ չպետք է պայմանավորվի, քանի որ ներկա իրողություններում ընդհանուր առմամբ կարևորվում է Հարավային Կովկասը․

«Հատկապես Ռուսաստանի թուլացման համատեքստում շատ ինֆրաստրուկտուրային կապվածություններ՝ ճանապարհ, երկաթուղի և այլն, հարավ են իջնում, այսինքն` Հարավային Կովկաս, Միջին միջանցք և այլն։ Այդ կոնտեքստում է, որ Հայաստանի ստրատեգիկ նշանակությունը բարձրանում է, և Եվրոպայի համար դա շատ կարևոր է։ Եվ Վրաստանի փորձը ցույց տվեց, որ եթե կենտրոնանում են մի ռեգիոնում մեկ երկրի վրա, դա բավարար չէ, քանի որ չես կարող երկիր, երկիր պոկել։ Պետք է ամբողջ ռեգիոնիի վրա կենտրոնանաս, որ կողքի երկրների շանսերը դեմոկրատիան կոնսոլիդացնելու բարձրանան»։

Աննա Օհանյանի կարծիքով՝ Հայաստանը` որպես կառուցվածքային փոքր միավոր, տնտեսական առումով ավելի ապահով կլինի եվրոպական շուկայի խոշոր բլոկի մեջ․

«Եվրահամայնքը հսկա տնտեսական շուկա է, շատ ավելի թանկ շուկա է ապրանքների առումով։ Հայաստանի արտադրողի համար դա մեծ շուկա է»։

ԵՄ տնտեսական շուկան կանխատեսելիություն է ստեղծում Հայաստանի համար և Հայաստանի շուրջ՝ համոզված է վերլուծաբանը։ Կարծում է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի երկու սցենարներին էլ, քանի որ եթե ԵՄ–ն որոշի չընդլայնվել, Հայաստանը պետք է հիմնվի երկկողմ հարաբերությունների վրա։

Կարդացեք նաև

Back to top button