
Թրամփը զանգահարել է ՖԻՖԱ-ի նախագահին՝ ամերիկացի ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու համար․ նա կկարողանա խաղալ ԱԱ-ի 1/8 եզրափակիչում
ԱՄՆ ֆուտբոլի հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունը Աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչի՝ Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղում ստացել էր կարմիր քարտ՝ պաշտպանի հետ կոշտ քաղի համար եւ հեռացվել էր խաղադաշտից։
ԱՄՆ-ի՝ 2:0 հաշվով հաղթանակից հետո հավաքականը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ պետք է հանդիպի Բելգիայի հավաքականի հետ։ Կանոնների համաձայն՝ Բալոգունը չի կարող մասնակցել այդ խաղին, քանի որ կարմիր քարտը ենթադրում էր ավտոմատ որակազրկում հաջորդ հանդիպման համար։
Սակայն խաղից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին եւ խնդրել վերանայել Բալոգունին տրված կարմիր քարտը։
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն կասեցրել է ֆուտբոլիստի որակազրկումը՝ նրա համար սահմանելով մեկ տարվա փորձաշրջան։
Թրամփը շնորհակալություն է հայտնել. «Շնորհակալություն ՖԻՖԱ-ին՝ ճիշտ որոշում կայացնելու եւ այս ակնհայտ անարդարությունը շտկելու համար»։
The New York Post-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփն ու Ինֆանտինոն իսկապես ունեցել են հեռախոսազրույց, որի ընթացքում ԱՄՆ նախագահը հետաքրքրվել է, թե ինչու է ցուցադրվել կարմիր քարտը եւ ինչու է կիրառվել որակազրկումը։
Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ «ցնցված է ՖԻՖԱ-ի որոշումից», որը, նրանց խոսքով, «ուղղակի հակասում է Աշխարհի առաջնության կանոնակարգին»։
ԱՄՆ- Բելգիա հանդիպումը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում նախատեսված է վաղը Սիեթլում։




