ԿարևորՏնտեսական

ՊԵԿ նախագահը կառույցի «մշակութային տրանսֆորմացիան» ներկայացրել է Mantashyants Global Business Forum-ում

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Mantashyants Global Business Forum 2026-ին ներկայացրել է իր ղեկավարած կառույցում իրականացվող «մշակութային տրանսֆորմացիան», վերջին տարիների արդյունքներն ու առաջիկա բարեփոխումները։

«Այս ձեւաչափի հանդիպումները ամենաարդյունավետ միջոցն են հասկանալու բիզնեսի եւ հարկ վճարողների իրական խնդիրները, լսելու նրանց առաջարկներն ու միասին ձեւավորելու լուծումներ։ Բիզնեսի հետ անմիջական շփումը մեր առաքելության եւ տեսլականի անբաժանելի մասն է»,– նշել է ՊԵԿ նախագահը։

Էդուարդ Հակոբյանը շեշտել է, որ ՊԵԿ-ի գործունեության առանցքում կամավոր հարկային կարգապահության ձեւավորումն է եւ բիզնեսին որպես գործընկեր աջակցելը։

Այս հանդիպման կարեւոցության մասին խոսել է նաեւ «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը։ Նրա խոսքով՝ պետական կառույցների ղեկավարների եւ գործարարների միջեւ առկա են բազմաթիվ միջանկյալ օղակներ՝ տեղակալներ, ստորաբաժանումներ, աշխատակիցներ, վերլուծական ծառայություններ, ինչի հետեւանքով տեղեկատվությունը երբեմն կամ ամբողջությամբ չի հասնում ղեկավարությանը, կամ փոխանցվում է որոշակի շեղումներով։

Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը, լինելով երկրի տնտեսական քաղաքականության իրականացման կարեւորագույն կառույցներից մեկը, պետք է պարբերաբար նախաձեռնի նման ձեւաչափի հանդիպումներ, քանի որ դրանք ոչ միայն հնարավորություն են տալիս գործարարներին բարձրաձայնելու իրենց խնդիրները, այլեւ ապահովում են պետական մարմնի եւ բիզնես համայնքի միջեւ երկկողմանի ու անմիջական տեղեկատվության փոխանակում։

Mantashyants Global Business Forum-ն անցկացվում է հինգերորդ տարին։ Այս անգամ Դիլիջանում կայացած յոթօրյա ֆորումին ներկա է եղել աշխարհի շուրջ 30 երկրից  ավելի քան 1000 մասնակից։

Կարդացեք նաև

Back to top button